«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության փաստաբանական խումբը երեկ բողոքարկել է նախաձեռնության անդամներից Վարուժան Ավետիսյանի, իսկ այսօր բողոքարկելու է անազատության մեջ պահվող մյուս 4 գործիչների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանն ու Վարուժան Ավետիսյանը ձերբակալվել էին ապրիլի 7-ին՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով։
Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ բողոքարկելու որոշումն ընդունվել է «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված առաջնորդների թույլտվությամբ։ Նշենք, որ նախաձեռնության ղեկավարները միշտ դեմ են արտահայտվել իրավապահ մարմինների հետ համագործակցելուն՝ ընդգծելով, որ դրանք ընդամենը սպասարկում են ռեժիմին։ Նախաձեռնությունը ոստիկանություն չէր դիմել անգամ Հայաստան֊Լեռնային Ղարաբաղ սահմանագծում տեղի ունեցած միջադեպից հետո։
«Սա արդեն քաղաքական հարց չէ, քանի որ նրանք գտնվում են անազատության մեջ: Մենք չգիտենք իշխանությունների կողմից օրենքի ոտնահարումները դեռ ինչքան պետք է շարունակվեն, դրա համար էլ անհրաժեշտ ենք համարում այդ խախտումները հիմնավորված ունենալ՝ հետագայում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»,- բողոքարկելու որոշումն ընդունելու պատճառը ներկայացրել է Գրիգոյանը:
Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ մարտական ընկերների հորդորով ապրիլի 14-ին ազատամարտիկ Պավել Մանուկյանը դադարեցրել է 6 օր տևած հացադուլը:
Կալանավորվածներից Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը տեղափոխվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանը և Գևորգ Սաֆարյանը գտվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: