Երեկ Թուրքիայի իշխանությունները վերջապես թույլ տվեցին հողին հանձնել Մարդկանց Ճակատ (HC- Halk Cephesi) արմատական ձախական ընդհատակյա կազմակերպության անդամ, մարքսիստուհի Գյունայ Օզարսլանի դին։ Վերջինս սպանվել էր հուլիսի 24-ին ոստիկանների կողմից. նույն օրը հազարավոր մարդիկ Ստամբուլի փողոցներ էին դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով հանձնել Օզարսլանի դին հարազատներին։
Դրանից հետո ալևիներով բնակեցված Գազի թաղամասում բախումներ էին սկսվել, որի հետևանքով մեկ ոստիկան էր մահացել։ Ստամբուլի իշխանությունները թույլ չէին տալիս կազմակերպել Օզարսլանի թաղումը, հավանաբար, վախենալով նոր բազմամարդ հավաքից։
Վերջապես երկուշաբթի Օզարսլանի դին հանել են Բաղչիլար թաղամասում գտնվող ալևիների սեմեվիիից (աղոթատուն)։ Ինչպես գրում է Today's Zaman֊ը, Օզարլսանի թաղումը կազմակերպելու թույլտվության համար Ստամբուլի փոխմարզպետին դիմել էին Ժողովուրդների հանրապետական կուսակցության (CHP) ալևի պատգամավորներ Այքութ Էրդողուն և Հիլմի Յարայիչին։
Միևնույն ժամանակ Օզարսլանի հարազատներն ու ընտանիքի փաստաբանները բողոք են ներկայացրել այն պաշտոնյաների դեմ, ովքեր հրաժարվում էին թույլ տալ հուղարկավորության արարողությունը։
Ձախական արմատական շարժումներն ու խմբերը Թուրքիայում իշխանությունից պահանջում են իրական պայքար սկսել «Իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ձախերի, ալևիների, քրդերի (մի կողմից) և ոստիկանության հակամարտությունը, որը Ստամբուլում արդեն 5 օր է շարունակվում, բազմաթիվ խմբերի, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների մտահոգությունն է առաջացրել։ Մասնավորապես, «Ալևի֊Բեշիքթաշ ֆեդերացիա» կազմակերպության նախագահ Չենգիզ Հորտօղլուն նշել է, որ բախումների կիզակետ հանդիսացող Գազի թաղամասում սադրանքներ են գրանցվում, որոնց նպատակն է քաոսային վիճակ ստեղծել երկրում, ինչպես դա տեղի ունեցավ 1995֊ին։ Այն ժամանակ մի քանի զինյալ կրակ էին բացել ալևիների սրճարանի վրա, որն առաջացրել էր Գազի թաղամասի բնակչության զայրույթը։ Հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, նրանք ասում էին, որ հարձակման հետևում կանգնած է ոստիկանությունը։ Ալևիների ու ոստիկանների բախումների ընթացքում 23 մարդ էր զոհվել։
Հորտօղլուն նշել է, որ իշխանություններն իրենց գործողություններով կտրել են կապը քաղաքացիների և պետության միջև։
«Մինչև այս պահը «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ոչ մի պայքար չէր մղվում, չնայած այն փաստին, որ ահաբեկչական խմբավորումը ակտիվ էր Թուրքիայում և ահաբեկչական գործողություններ էր իրականացնում։ Այժմ ինձ հետաքրքրում է, թե ինչ շարժառիթ ունի կառավարությունը, երբ հայտարարում է ԻՊ֊ի դեմ պայքար սկսելու մասին։ Մենք տեսնում ենք, որ ոստիկանական գործողությունները թիրախավորում են բոլոր հակակառավարական խմբերին», ֊ ասել է Հորտօղլուն։
Նա նաև հայտարարել է, որ իրենք շարունակելու են պայքարել ժողովրդավարության համար, և կոչ է արել զերծ մնալ բնռության որևէ գործողությունից։
Ալևիների մեկ այլ կազմակերպության՝ «Ալևի֊Բեքթաշի ֆեդերացիայի» նախագահ Բաքի Դյուզգունը հայտարարել է, որ ոստիկանների գործողությունների հիմնական նպատակը ալևիների, ինչպես նաև բոլոր ժողովրդավարական տարրերի դեմ պայքարն է։
Թուրքիայում բազմաթիվ անկախ վերլուծաբաններ շարունակում են պնդել, որ Էրդողանի կառավարությունը, մի կողմից Սիրիայում ԻՊ֊ի դիրքերին օդային հարվածներ հասցնելով, մյուս կողմից օգտագործում է ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին իր ներքին հակառակորդների, օրինակ, քրդերի դեմ պայքարում։ Էդողանի կառավարության հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչել, թե վերջինս զենք է մատակարարում Սիրիայում գործող ԻՊ֊ի զինյալներին Բաշար Ասադի ռեժիմի դեմ կռվելու համար։