Home / Տեսանյութեր / «Բանակում արտակարգ դեպքերի գաղտնագրումը հակասում է Սահմանադրությանը»

«Բանակում արտակարգ դեպքերի գաղտնագրումը հակասում է Սահմանադրությանը»

«Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը պնդում է՝ Պաշտպանության նախարարությունն իրավունք չունի գաղտնի պահել բանակում զոհվածների և տուժածների մասին տեղեկությունները։

2015 թվակաի փետրվարին ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության: Կազմակերպությունը հայց էր ներկայացրել դատարան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ 1994-2014 թթ. ԶՈՒ-ում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածների անուն-ազգանունները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը ու կոչումը, տուժողի մահվան պատճառը և դեպքի վերաբերյալ համառոտ նկարագրությունը) տրամադրել պարտավորեցնելու նպատակով:

Պաշտպանության նախարարությունը առարկություններ է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին. դրանք ուսումնասիրելով՝ «ԽԵ»-ն պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հուլիսի 9-ի թիվ 9-Ն հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատվել է «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը», որի բաժին 17-ի համաձայն, կազմակերպության կողմից պահանջվող նյութերն այսուհետ գաղտնագրման ենթակա տեղեկություն են համարվում: Մասնավորապես, ըստ վերոնշյալ հրամանի 17–րդ բաժնի 42 և 43 կետերի.

42. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններ,

43. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի [համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններ]

Կազմակերպությունը նշում է, որ մինչ այժմ, չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջին, ՀՀ Պաշտպանության նախարարությունն իրենց չի տրամադրել հրամանի հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի պատճեները, որոնք կազմակերպությունը պահանջել էր նախարարությունից դեռևս օգոստոս ամսին:

«Խաղաղության երկխոսությունը» գտնում է, որ 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկությունները «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախատեսված դրույթով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ներառված չեն, չեն տեղավորվում օրենսդիրի կողմից սահմանված ձևակերպումների մեջ և չեն ապահովում օրենքի սույն դրույթների իրականացումը: Բացի դա, ցանկի 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկատվության գաղտնագրումն ակնհայտորեն նպատակ չի հետապնդում կանխելու իրավական պետությունում դրսևորվող հնարավոր կամայականությունները։

Կազմակերպությունը հայտարարում է, որ նախարարի հրամանի 17–րդ բաժնի 42 և 43 կետերի գաղտնագրումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին և Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանավորվածությունների դրույթներին:

«Այս տեղեկությունների գաղտնագրումը խիստ սահմանափակում է ՀՀ քաղաքացիների կողմից Պաշտպանության նախարարության գործունեության վերաբերյալ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունները և ակնհայտորեն շեղվում Պաշտպանական գերատեսչությանը ՀՀ կողմից որդեգրած՝ պետական մարմինների թափանցիկության ապահովման ուղղուց:

«Խաղաղության երկխոսությունը» դատական կարգով կվիճարկի ՀՀ Պաշտպանության Նախարարի թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի 17–րդ բաժնի 42 և 43 կետերում նշված տեղեկատվությունների գաղտնագրման օրինականությունը և պահանջ կներկայացնի անվավեր ճանաչել հրամանով հաստատված ցանկի հատկապես վերոհիշյալ դրույթները», նշում է ՀԿ֊ն՝ կոչ անելով հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, քաղաքացիական խմբերին անտարբեր չմնալ և անել ամեն հնարավորը՝ զինված ուժերի գործունեության նկատմամաբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու առանց այն էլ չնչին այս հնարավորությունը չկորցնելու համար», ֊ ընդգծում են հայտարարության հեղինակները: