Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդներին հեպատիտ C-ով վարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի, հայտնում է Քննչական կոմիտեն։
Համաձայն հաղորդագրության, նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաև սանիտարա֊համաճարակային ոլորտի այլ խախտումներ:
Դրա հետևանքով 14 քաղաքացի հիվանդացել է «վիրուսային հեպատիտ c» հիվանդությամբ:
«Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։