ԲՀԿ նախկին նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում պետական բյուջեի նկատմամբ պարտականությունների ստուգման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այս մասին հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանը՝ հրաժարվելով որևէ տեղեկատվություն հրապարակել մինչ գործընթացի ավարտը: Ծառուկյանի հարկային պատասխանատվությունից խուսափելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ սկսված քննության մասին հարցը Ազգային ժողովում արդեն երրորդ անգամ բարձրացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը հիշեցրել է, որ ստուգումների մասին ինքը հարցրել էր դեռևս մայիսի 20-ին, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր, որ ֆինանսների նախարարը խոստացել է ստուգումների արդյունքների մասին տեղեկանք տալ մինչև հունիսի 5-ը: Այդ ժամկետից մի քանի ամիս է անցել, իսկ արդյունքները չկան, ստուգումների համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետները սպառվել են:
Փաշինյանը, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասել է. «Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը սեպ է խրում ձեր և ձեր խնամի Գագիկ Ծառուկյանի հարաբերություններում. Ձեզ հանձնարարում է բամփել, իսկ ինքը մեդալ է տալիս հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Միլիարդավոր դրամների հարկային պատասխանատվությունից խուսափելու համար սկսել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով պարգևատրե՞լ, թե Գագիկ Ծառուկյանին մեդալ տալով Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում փետրվարին արած հայտարարությունների համար: Ի վերջո, այս ամենի համար որևէ մեկը հանրությունից պետք է ներողություն խնդրի»,-ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վերջերս Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կատարած ներդրման համար: