ԵՄ Խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր և համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ։
Որոշումը կայացվել է հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում՝ արտգործնախարարների մակարդակով։ Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և համագործակցության դեպարտամենտի մամուլի ծառայության աշխատակից Վիրժինի Բատտու-Հենրիքսոնը։
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը կփոխարինի ԵՄ և Հայաստանի միջև ներկայիս Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։
ԵՄ-ն նշում է, որ հավատարիմ է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում, որոնք Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Համաձայնագրի բնույթի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսված է մինչև տարեվերջ։