Ադրբեջանում մի խումբ իսլամիստներ նոյեմբերի 5֊ի երեկոյան բողոքի ակցիա են անցկացրել Բաքվի ոստիկանության Սաբունչինյան շրջանային բաժանմունքի դիմաց՝ «Մահմեդական միասնության շարժում» կազմակերպության ղեկավարի տեղակալ Էլչին Հասիմլիի ձերբակալությունից հետո։ Հավատացյալները շրջափակել են ոստիկանության շենքը՝ պահանջելով անհապահաղ ազատ արձակել նրան։ Ոստիկանները ուժ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ բերման ենթարկելով 20 ցուցարարի։
Musavat.com կայքի համաձայն, Հասիմլիին բերման ենթարկելու պատճառը նրա սուր քննադատական ելույթն էր Նարդարան գյուղի մզկիթում՝ Թալեհ Բագիրաձեին, ում ադրբեջանական մամուլն անվանում է երկրի շիա մահմեդականների առաջնորդ, ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Նույն օրն ավելի վաղ աջակիցներին ուղղված կոչով հանդես էր եկել ինքը՝ «Մահմեդական միասնության շարժման» առաջնորդ Բագիրաձեն։ «Ֆեյսբուքի» իր էջում մահմեդական գործիչը, մասնավորապես, գրել էր․ «Մահմեդականնե՛ր։ Երկրում իշխող ռեժիմը ժողովրդին հրահրում է անկարգությունների։ Այսօր նրանք ձերբակալել են աստվածաբան Էլչին Հասիմլիին։ Մի խումբ հավատացյալներ շարժվում են դեպի ոստիկանության Սաբունչինյան շրջանային վարչություն։ Իշխանությունները պետք է պատասխան տան Էլչինի Հասիմլիի նկատմամբ ցանկացած բռնության համար։ Մենք պահանջում ենք, որպեսզի նա անհապահաղ ազատ արձակվի։ Ձերբակալվածները ոստիկանությունում ենթարկվում են խոշտանգումների, հատակին արյան հետքեր կան։ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ֊մայոր Սահլաբ Բագիրովը դաժան է վերաբերվում հավատացյալներին»։
Նշենք, Բագիրաձեն, ով ունեցել է քաղբանտարկյալի կարգավիճակ, բանտից ազատվել է 2015 թվականին։ Օրեր առաջ ֆեյսբուքյան գրառման միջոցով նա հայտարարել էր, որ ծեծի է ենթարկվել Բաքվի ոստիկանության Յասամալյան շրջանային բաժանմունքում։
Վերջին շաբաթների ընթացքում ցանցի ադրբեջանալեզու հատվածում լայնորեն տարածվում էր Բագիրաձեի ելույթը Գյանջայում, որում նա իր վրդովմունքն է հայտնում իշխանությունների՝ Աշուրային (Իմամ Հուսեյնի նահատակման օրը, որը նշվում է շիա մահմեդականների կողմից) նվիրված երթի անցկացման արգելքի կապակցությամբ։ Ելույթում Բագիրաձեն, մասնավորապես, սպառնում էր երկրի ղեկավարության կողմից ճնշումներին ի պատասխան «իշխանություններին խեղդել սեփական արյան մեջ, այնուհետև հանձն առնել Ղարաբաղի ու հայերի կողմից բռնագրավված մյուս հողերի ազատագրումը»։