Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ֊ին հանձնված պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանին դեռևս թույլ չեն տվել հանդիպել իր հարազատների հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, պատմել է, որ բուժզզնում անցնելուց հետո զինծառայողին տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրան հարցաքննում են։
«Մենք անընդհատ հարցնում ենք, թե երբ կբերեն տուն, մեզ ասել են, որ հարցաքննեն և հասկանան, թե ինչ է կատարվել նրա հետ 8 ամիսների ընթացքում Ադրբեջանում, կբերեն։ Դեռ ոչ մեկս նրան չի տեսել, սպասողական վիճակ է», ֊ ասել է Արմեն Հարությունյանը։
Անդրանիկ Գրիգորյանը ղարաբաղա֊ադրբեջանական սահմանը հատել էր այս տարվա մարտի 22֊ին։ Զենք-զինամթերքը նա թողել էր մարտական հենակետում: Միջադեպից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ զինվորի արարքը մեկնաբանության ենթակա չէ և ավելացրել․ «Կարծում ենք՝ ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»։
Հովհաննիսյանի մեկնաբանությունից մեկ օր անց ադրբեջանական ԶԼՄ֊ները տեսանյութ տարածեծին, որում երևում է, թե ինչպես է Գրիգորյանը՝ սպիտակ կտորը ձեռքին, քայլում տեսախցիկի ուղղությամբ։ Կադրից դուրս ինչ֊որ մեկն ադրբեջաներեն ասում է․ «Մի կրակեք, մի կրակեք, թող մոտենա, թող գա։ Մի վախեցեք, ինքը աջից է գալիս, այնտեղ ականներ չկան»։
Զինծառայողի հայրը՝ Արարատ Գրիգորյանը, Azatutyun.am-ին պատմել էր, որ որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել։ Հոր խոսքով՝ վերջին անգամ, երբ Անդրանիկը տուն էր եկել, շատ անտրամադիր էր և այդպես անտրամադիր էլ հետ է գնացել զորամաս: Հեռախոսով ծնողները չէին կարողացել համոզել Անդրանիկին ինչ֊որ բան ասել իր վիճակի մասին: Արարատ Գրիգորյանի խոսքով՝ որդին զորամասի հրամանատարությանը խնդրել էր, որպեսզի փոխեն իր ծառայության վայրը: Գրիգորյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղում: