ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից։ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նա «գրին քարտ» է շահել և օրերս մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Թերթը նշում է, որ Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր նոյեմբերի 3-ին և ուղարկել կադրերի ռեզերվ։
«Կադրային սույն փոփոխությունը անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը։ Նա առանձնակի աչքի էր ընկել և 2008 թվականին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, և դրանից հետո հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում։ Վերջին անգամ նա աչքի էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ։ Փաստորեն, անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր և իր նմանների ապականած Հայաստանը», – գրում է թերթը։
Լուսանկարը՝ armlur.am