Home / Տեսանյութեր / Պաշտոնյան չի պատասխանել՝ ինչու էին ոստիկանները ծեծում անչափահասներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտոնյան չի պատասխանել՝ ինչու էին ոստիկանները ծեծում անչափահասներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաղրամյան պողոտա եկած բարձրաստիճան ոստիկանը հորդորում էր անչափահասներին տուն ուղարկել․ նա, սակայն, չպատասխանեց էլէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցների հիմնական հարցին՝ ինչու էին հունիսի 23-ին ոստիկանները ուժ կիրառում և բերման ենթարկում անչահասներին։

Հուլիսի 1-ին էլեներգիայի թանկացման դեմ անցկացվող նստացույցի վայր՝ Բաղրամյան պողոտա էր ժամանել Քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը: Նա ասել է, որ նպատակ ունի զրուցել նստացույցին մասնակցող անչափահասների հետ, իմանալ՝ արդյոք ծնողները տեղյակ են, որ նրանք Բաղրամյան պողոտայում են: Բարձրաստիճան ոստիկանը հայտարարել է, որ «սա անչափահասների տեղ չէ»: Ինչևէ, Դուրյանը շուտով ստիպված էր հեռանալ, քանի որ ցուցարարները նրան երեխաների հետ առանձնազրույցներ անելու հնարավորություն չեն տվել. Դուրյանին շրջապատել են ցուցարարները և լրագրողները՝ հարցնելով, թե անչափահասների հարցերով զբաղվող ոստիկանն ո՞ւր էր հունիսի 23-ին, երբ ոստիկանները երախաներին բերման էին ենթարկում, նրանց նկատմամբ բռնություն կիրառում։

«Ե՞րբ գայի, առավոտյան ժամը 06.00-ի՞ն», – արդարացել է Դուրյանը:

Թե ինչու են ոստիկանները երեխաներին ծեծել հարցին՝ ոստիկանը չի պատասխանել՝ նշելով, որ այդ ժամին անչափահասները պետք է տանը լինեին:

«Իսկ ջրելուց առաջ շրջայց կատարե՞լ եք՝ իմանալու, թե քանի անչափահաս կա» լրագրողներից մեկի հարցին Դուրյանը կրկին չի պատասխանել՝ ասելով, որ ցանկանում է խոսել հավաքի կազմակերպչի հետ:

Ցուցարարները բացատրել են, որ կազմակերպիչ չունեն և իրենց ակցիան ինքնաբուխ է։ Դուրյանին մոտեցել է նստացույցի մասնակից Աստղիկ Աղեկյանը, ով պատմել է, որ իր անչափահաս աղջկան հունիսի 23-ին մահակով հարվածել են։

«Ես անչափահաս երեխայի մայր եմ: Երեխաս տեսել է, թե ինչպես են մորը բերման ենթարկում և վազելով հասել է ստեղ: Դուբինկով տվել են մեջքին, իսկ մի անհայտ բժիշկ էլ, խփելով մեջքին, ասել է․ «Բան չկա, հել, գնա տուն»։ Ի՞նչ եք առաջարկում՝ էդ երեխան ի՞նչ անի», ֊ ասել է կինը։

Դուրյանը չի պատասխանել այս հարցերին և հորդորել Աղեկյանին դեպքի մասին հայտարարություն տալ, եթե ցանկանում է:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի ակցիան ցրելու ընթացքում Աստղիկ Աղեկյանին սեռական բնույթի կոպիտ հայհոյանք է տվել քաղաքացիական հագուստով մի ոստիկան։

Այնուհետև ոստիկանները, բռնություն կիրառելով, կնոջը տարել են բաժին: Աղեկյանը և դուստրն այդ օրը տեղափոխվել էին հիվանդանոց