Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ապակու արտադրությամբ զբաղվող «Glass World Company» ընկերության մոտ 10 աշխատակիցներ այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը։ Բյուրեղավանցիները բազմամարդ ակցիա էին նախատեսել, սակայն աշխատակիցների մեծ մասը չէր կարողացել Աբովյանից Երևան գալ։ Այսօրվա ակցիային մասնակցող մի տղամարդ ասել է, որ Երևան ուղևորվող ավտոբուսը կանգնեցրել են, իսկ աշխատակիցներին տարել են Կոտայքի մարզպետարան։ Մարզպետ Կարապետ Գուլոյանը նրանց ասել է, որ եթե գնան նախագահական նստավայրի մոտ, ապա մարզպետարանը աշխատավարձի հարցով չի զբաղվի։ Ավելի վաղ Գուլոյանը խոստացել էր, թե աշխատավարձերը կտան հունվարի ընթացքում, ապա խնդրել էր մեկ ամիս էլ սպասել, ինչից հետո բյուրեղավանցիները որոշել են ակցիա անել։
Նշենք, որ 2015 թվականի օգոստոսին ընկերությունը 300 աշխատակիցներին առանց աշխատավարձը տալու տեղեկացրել էր, որ վերջիններս պետք է իրենց հաշվին անժամկետ արձակուրդի գնան: Ընկերությունն աշխատակիցներից յուրաքանչյուրին 150-ից 450 հազար դրամ է պարտք։
Աշխատակիցները բողոքի ցույցեր են անցկացրել գործարանի, ինչպես նաև Կառավարության շենքի մոտ։
Խնդիրը, սակայն, մինչ օրս չի լուծվել, չնայած գործարանի ղեկավարները խոստացել էին վճարել պարտքի մի մասը։
Արզնիի բյուրեղապակու գործարանի հիմքի վրա 2004 թվականին ստեղծված Glass World Company ընկերությունն արտադրում էր ապակյա տարաներ՝ հանքային ջրերի, լիմոնադների և այլ ըմպելիքների համար: 2014 թվականին գործարանի աշխատանքները դադարեցվել են՝ վերանորոգման պատճառաբանությամբ: 2015 թվականի մարտից գործարանը նորից աշխատել է, իսկ 5 ամիս անց այն կրկին փակվել է։