Home / Հայաստան / Գյումրիի նախկին քաղաքապետը որդու և թիկնապահների հետ մարդկանց է ծեծել․ News.am

Գյումրիի նախկին քաղաքապետը որդու և թիկնապահների հետ մարդկանց է ծեծել․ News.am

Փետրվարի 11-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու՝ Սպարտակի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է News.am-ը:

Կայքի տեղեկություններով` սկանդալը սկսվել է Գյումրիում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում, երբ Սպարտակն ընկերոջ հետ վիճաբանության է բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո վեճը շարունակվել է դրսում: Սպարտակն իր ընկեր Պատվականի հետ մահակներով ծեծել են Նորայր անունով մի տղայի, ով գազալցակայանում է աշխատում, և «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ Գարիկ Բաղդասարյանին:

News.am֊ի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ, այդքանով ամեն ինչ չի ավարտվել, Ղուկասյանների հակառակորդները որոշել են նրանց արժանի հակահարված տալ: Նույն օրը երեկոյան Գարիկ Բաղդասարյանը գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, որը գտնվում է նախկին դատարանի տարածքում: Այնտեղ արդեն վիճաբանությունը շարունակվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահների հետ․ վերջիններս ծեծի են ենթարկել մարզչին: Դեպքին մասնակից են եղել նաև Արթուր և Կոլյա անունով երիտասարդներ, որոնց նկատմամբ էլ հաշվեհարդար են տեսել Վարդան ու Սպարտակ Ղուկասյանները:

Դեպքի առնչությամբ ոստիկանությունից կայքին միայն ասել են, որ փետրվարի 11-ին միջադեպ է եղել, քննություն է կատարվում, մանրամասները պարզվում են: Ոստիկանությունը մասնակիցների վերաբերյալ տեղեկություն դեռևս չի հայտնում: