Քաղաքացիական ակտիվիստ, ինժեներ Վարդգես Գասպարիի գործով պաշտպանները հեռացվել են գործի վարույթից: Այս մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած հերթական դատական նիստի ժամանակ, որին չեն ներկայացել Գասպարին և իր պաշտպանները, հայտարարել է դատավոր Նելլի Բաղդասարյանը։
Իր որոշումը նա պատճառաբանել է, թե Գասպարիի պաշտպաններից երկուսը՝ Լուսինե Հակոբյանն ու Դավիթ Գյուրջյանը, երեք նիստերին անընդմեջ չեն ներկայացել, իսկ Տիգրան Եգորյանն առանց դատարանի թույլտվության լքել է նիստերի դահլիճը:
Անցած դատական նիստին 6 ժամով դատարանի դահլիճից հեռացված Վարդգես Գասպարիին դատավորը դեռևս մինչև դատական նիստը գրություն է ուղարկել և առաջարկել այլ պաշտպան ընտրել, քանի որ իր պաշտպանները հեռացվել են գործի վարույթից։
Գասպարին դատարանին ուղղված պատասխան գրության մեջ նշել է, որ մերժում է նոր պաշտպան ընտրելու առաջարկը և հաստատում, որ այս քրեական գործով իրեն կարող են պաշտպանել միայն և միայն Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը:
«Միաժամանակ, հայտնում եմ, որ դուք սխալ եք հաշվարկել փաստաբանների նիստերին մասնակցությունը, մասնավորապես՝ Դավիթ Գյուրջյանը չի ներկայացել անընդմեջ թվով երկու, այլ ոչ երեք դատական նիստերի, ինչպես դուք եք նշել։ Ինչպես նաև Տիգրան Եգորյանի հեռանալը նիստերի դահլիճից չի նշանակում վարույթից հեռացված լինել, նա շարունակում է իմ պաշտպանը մնալ և դուրս է եկել դահլիճից այն պատճառով, որ ես չեմ լիազորել վերջինիս իմ բացակայությամբ մասնակցել նիստերին (չեմ հրաժարվել նրանից) և այդ հանգամանքը որևէ կերպ ձեզ հնարավորություն և իրավական հիմք չի տալիս նրան վարույթից հեռացված համարելու և ինձ 304-րդ հոդվածով սահմանված կարգով նոր պաշտպան ներգրավելու առաջարկություն անել: Միաժամանակ ձեր գրության մեջ նշել եք, հաջորդ դատական նիստի օրն ու ժամը, սակայն չեք նշել որ ես կանչվում եմ դատական նիստին, և պահպանված չեն քրեական դատավարության օրենսգրքով ծանուցագրին առաջադրվող պահանջները: Դրանից ելնելով խնդրում եմ պարզաբանել, արդյոք ուղարկված գրությունը ծանուցագիր է թե ոչ և եթե այո, արդյոք ես կարող եմ ներկայանալ այն պատճառով, որ դուք եք թույլատրում, թե կիրառված սանկցիայի՝ հեռացման 6 ժամերը սպառվել են»- գրել է Վարդգես Գասպարին:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Նելլի Բաղդասարյանը որոշում էր կայարցել կալանավորել Վարդգես Գասպարիին և վերջինս բանտում բռնության ու խոշտանգումների էր ենթարկվել։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Գասպարին, այժմ խոշտանգման գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը սպառնում է բերման ենթարկել իր կնոջը՝ Անահիտ Այվազիին։
««Նուբարաշենում» ինձ կտտանքների ենթարկելու կապակցությամբ որպես վկա հարցաքննության է կանչվել Անահիտը․․․ Նշել են, որ չներկայանալու դեպքում կարող է բերման ենթարկվել․․․ Թե կինս տանը նստած ինչով կարող է հաստատել կամ հերքել «Նուբարաշենում» կատարվածը, չափազանց դժվար է ասել… իսկ ՀՔԾ-ն իրականում փորձում է հաշիվ պահանջել իմ ընտանիքից՝ ինձ կտտանքների ենթարկելու կապակցությամբ արագացված կարգով ՄԻԵԴ դիմելու համար… Տրամաբանական է, որքան ընդդիմանաս անօրինականությանը, գործող իշխանությունն այդքան էլ կսեղմի օղակը…»,- գրել է ինժեները։
Նշենք, որ Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: