Քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի կինը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու խնդրանքով, այն է՝ պահանջել է ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպությունը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Գասպարին փետրվարի 22-23-ը ենթարկել են շարունակական ահաբեկման, նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի:
«Գասպարիի հայտարարությունները և իշխանությունների՝ անհապաղ և արդյունավետ քննություն իրականացնելու դժկամությունը, միևնույն ժամանակ կալանավայրում Գասպարիի անվտանգության և ապահովության նվազագույն իսկ պայմաններ չապահովելը, ցույց են տալիս, որ վերջինիս նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու ցուցաբերած անմարդկային, նվաստացնող վերաբերմունքն ուղղորդվել են իշխանությունների կողմից՝ հետապնդելով Գասպարիին «պատժելու» և մարդու իրավունքների խախտումների, համատարած կոռուպցիայի, ժողովրդավարական ազատությունների բացակայության դեմ մյուս պայքարողներին զսպելու նպատակ: Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի շրջանակներում կիրառված միջանկյալ միջոցառումն, անհապաղ միջոցառում է, որը Եվրոպական դատարանի պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է անդառնալի վնասի անխուսափելի վտանգ: Դատարանի կողմից տիկին Այվազիի դիմումի բավարարումը կպարտավորեցնի ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ կիրառել կալանավայրում գտնվելու ընթացքում Վարդգես Գասպարիի անվտանգությունը, ապահովությունը և բարօրությունն ապահովելու համար, ինչպես նաև պարբերաբար զեկուցել Դատարանին Գասպարիի կալանավորման պայմանների և առողջական վիճակի մասին մինչև խափանման միջոցի վերացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: