Հայաստանում 2015 թվականին հաղորդումներ են եղել այն մասին, որ իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակաբար վատ վերաբերմունքի են ենթարկել կալանքի տակ գտնվող անձանց։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի՝ 2015 թվականին մարդու իրավունքների վիճակին վերաբերող զեկույցի հայաստանյան հատվածում։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը 2014 թվականի մարտի նստաշրջանի ընթացքում ու հետագա կոմունիկացիաներում եզրակացրել է, որ Հայաստանում դեռևս չի հաստատվել անկախ համակարգ կալանավայրերում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ստանալու ու դրանց ընթացք տալու համար։
«Ոստիկանության կողմից վատ վերաբերմունքը կասկածյալների հանդեպ ձերբակալման, կալանավորման ու հարցաքննության ընթացքում շարունակել է նշանակալի խնդիր լինել: Իրավապաշտպան կազմակերպությունների խոսքով, տուժածների մեծ մասը, վախենալով հաշվեհարդարից, խոշտանգումների վերաբերյալ բողոք չեն ներկայացրել: Վատ վերաբերմունքը, հաղորդումների համաձայն, հիմնականում գրանցվել է ոստիկանական բաժանմունքներում, որոնք, ի տարբերությունում բանտերի ու ձերբակալված անձանց պահման վայրերի, չեն ենթարկվել հանրային մոնիտորինգի: Եվրոպահի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն իր մարտի 10-ի զեկույցում մտահոգություն է հայտնել «ոստիկանության ու այլ իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ պարբերական հաղորդումների, որոնք հաճախ նպատակ ունեն կորզել խոստովանական ցուցմունք, և անպատժելիության հարակից խնդրի մասին»:
2015-ի հունիսին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը հրապարակեց 2014 թվականի իր ամենամյա զեկույցը, որի համաձայն, ոստիկանությունը շարունակաբար վատ վերաբերմունքի է ենթարկել կալանքի տակ գտնվող անձանց: Վկայակոչելով ոստիկանական գրանցամատյանները՝ զեկույցը նշել էր, որ 2014 թվականի առաջին ութ ամիսներին Երևանում ոստիկանության պահման վայրեր բերված անձանց 39.4 տոկոսն ունեցել է ֆիզիկական վնասվածքներ: Թեև ոստիկանությունը սովորաբար պնդում է, որ ձերբակալվածները վնասվածքները ստացել են նախքան ձերբակալությունը կամ ձերբակալության ժամանակ դիմադրելու ընթացքում, Դիտորդական խումբը տվյալ պնդումները հերքում է», ֊ նշում է ԱՄՆ Պետդեպը:
Դիտորդական խմբի համաձայն, ոստիկանությունը ձերբակալությունն ինքնին օգտագործում է որպես պատժի միջոց: Ըստ պաշտոնական տեղեկատվության, տարվա առաջին տասը ամսվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալվածների շուրջ կեսին ազատ է արձակել առանց նրանց դեմ մեղադրանք առաջադրելու. որոշ շրջաններում առանց մեղադրանքի առաջադրման ազատվածների մասնաբաժինը գերազանցել է 90 տոկոսը:
Զեկույցում նաև ընդգծվում է, որ զինվորական ծառայության ժամանակ վատ կենցաղային պայմանների, կոռուպցիայի ու հրամանատարների հաշվետվողականության բացակայության հետևանքով զինվորները ծառայակիցների ու բարձրաստիճան սպաների կողմից վատ վերաբերմունքի են արժանացել ու վնասվածքներ ստացել, թեև տվյալ պնդումների վերաբերյալ վստահելի վիճակագրություն առկա չէ:
Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, «հանցավոր արժեհամակարգի» վրա հիմնված մի ենթամշակույթ խաթարել է զինվորական կարգապահությունն ու հանգեցրել «տղամարդկային վարք» հասկացության ամրապնդմանը, ինչի հետևանքով ստորադասվում է կանոնադրական կարգը:
«Պաշտպանության նախարարության համաձայն, այս ենթամշակույթը զինվորներին դրդել է բողոքներ չներկայացնել հանցավոր վարքի ու վատ վերաբերմունքի վերաբերյալ: Թեև ռազմական ղեկավարությունն ընդունել է խնդիրն ու քայլեր ձեռնարկել դրա վերացման ուղղությամբ, դիտորդները պնդում են, որ որոշ զորամասերում հրամանատարներն այս ենթամշակույթը ու զինվորների հանդեպ բռնությունը դիտարկում են որպես կարգապահություն ապահովելու արդյունավետ միջոց:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ամենամյա զեկույցի համաձայն, Ռազմական ոստիկանությունը, որը չի ենթարկվում որևէ արտաքին մոնիտորինգի, կալանքի տակ գտնվող զինծառայողներին ենթարկել է ֆիզիկական ու այլ տեսակի բռնությունների: Հունվարին հրապարակված զեկույցը հիմնված է եղել զինվորական անձնակազմի 38 նախկին անդամների հետ զրույցների վրա, որոնք ի սկզբանե ձերբակալվել են ռազմական ոստիկանության կողմից, ապա տեղափոխվել քաղաքացիական կալանավայրեր: Նրանցից շատերն ասել են, որ իրենց հանդեպ վատ վերաբերմունքը ներառել է ծեծ, բռունցքով և ոտքով հարվածներ, հարվածներ ռետինե մահակներով և նվաստացում: Հելսինկյան կոմիտեի համաձայն, Ռազմական ոստիկանությունը մի շարք անձանց կալանքի տակ է պահել շուրք չորս օր նախքան նրանց ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրեր տեղափոխելը», ֊ նշում են զեկույցի հեղինակները: