Home / Տեսանյութեր / Ո՞նց կարա ախորժակը լինի բարի

Ո՞նց կարա ախորժակը լինի բարի

Հունիսի 1-ին մեր մանկապարտեզի խմբով գնում էինք ոչ հեռու գտնվող եկեղեցին: Այն ժամանակ մեզ ոչ մեկը չէր հարցնում՝ ուզու՞մ եմ ես գնալ եկեղեցի, թե ոչ: Հետո հասկացա, որ երևի այդ օրը մեզ տանում էին ինչ-որ բանից պաշտպանելու: Մեր մանկապարտեզի հանդեսներին ինձ սովորել էին տալիս բանաստեղծություններ ու երգեր, ու ոչ մեկը չէր հարցնում՝ ես հավանում էի դրանք, թե ոչ: Ես չգիտեի, թե ինչու պիտի ավարտական հանդեսին ասեմ, որ դայակները հոգատար մայրերի նման մեզ խնամել են, ինչ է հայրենիքը, ինչ է անամպ երկինքը… Մեզ միշտ ստիպում էին արտահայտիչ արտասանել հանդեսի բանաստեղծությունները. պետք էր գոռալ ինչքան հնարավոր է բարձր: Քույրս իմ համեմատ սուս ու փուս էր ու մամային միշտ բողոքում էին, որ ակտիվ չէ…

Ֆեյսբուքիս մի քանի ընկերներին խնդրեցի՝ պատմեն ինչ են հիշում մանկապարտեզից, հաճույքո՞վ են գնացել, թե ոչ: Եթե ոչ, ինչո՞ւ:

– Հիմնական զգացողությունը, որ հիշում եմ, ձանձրույթն էր. նույն բանը շարունակ կրկնվում էր՝ ուտել, շարվել, քնել, հետո նորից ուտել… սիրում էի կենդանիների ֆորմաներով մանր պեչենիները, մինչև հիմա էլ, որ տեսնում եմ, մանկապարտեզն եմ հիշում, բայց դրան զուգահեռ կար ջեմով հացը, որ չգիտես խի խոթում էին բերաններս:

4kindergarten

– Դրականը մաննի կաշան ա, որ սեղանակիցներս չէին ուտում, ու ես բոլ-բոլ իրանց բաժինը դարձնում էի իմ «դաբավկան»:

– Ինձ մոտ առաջին հերթին բացասական հիշողություններն են. հիմնականում կապված քնելու տոտալ պահանջի և դրա տոտալ անընդունակության հետ, որի պատճառով ինձ համար էդ երկու ժամը պառկած անցկացնելը ամենօրյա տառապանք էր երևի: Որովհետև երեխաների մոտ, հատկապես, դանդաղ է ժամանակն անցնում: Մյուս բացասականը հանդեսներն էին ու դրանցում չներգրավվելու իմ ցանկությունը, որը ի վերջո դառնում էր ծայրամասային ինչ-որ դեր խաղալը, որն ավելի վատ էր, քան ընդհանրապես չմասնակցելը:

– Նոր էի մանկապարտեզ գնացել, սենց հացը դրել էին սեղաններին, բոլորը նստել էին սեղանների շուրջը, բայց ոչ ոք չեր կպնում ուտելիքին, հետո դայակը մեջքով դեպի մեզ, դեմքով դեպի պատուհանը կանգնաց եսիմ ինչ ասեց քթի տակ, ու բոլորը սկսեցին հաց ուտել, դե ես էլ իներցիայով կերա: Հետո դա ամեն օր կրկնվում էր, ու ես փորձում էի հասկանալ էդ ինչ ա ասում քթի տակ որ սաղի համար ինչ որ ազդակ ա հանդիսանում: Ահագին հետո մի ձև կարացի հասկանամ, որ ասում ա բարի ախորժակ, բայց դրանից հետո էլ էլի ահագին ժամանակ չէի կարում հասկանայի, ինչ ա նշանակում բարի ախորժակ, ու ընդհանրապես ինչ կապ ունի դա հաց ուտելու հետ, ու ոնց կարա ախորժակը լինի բարի:

– Ես մսուր-մանկապարտեզի պրոդուկտ եմ, ու երևի հենց էդ պատճառով էլ բավական բարձր դիմադրողականություն ունեմ: Ընտելացումը կյանքին կատարվել է կոլեկտիվի մեջ ու հաճախ հրահանգների միջոցով: Օրինակ՝ հրահանգ համար մեկ. Когда я ем, я глух и нем. սուս-փուս ուտում էի դիմացս դրված ցանկացած ճաշիկը: Հրահանգ համար 2՝ քնելու ժամն է, պառկե՛լ, եթե անգամ քունս չէր տանում, պիտի պառկեի: Հիշում եմ՝ երբեմն պառկում ու սուտ քուն էի դնում, որ ինձ հանգիստ թողնեն: Դե ցանկացած ընտելացում ունի իր մեջ բռնի ենթարկեցնելու ու կառավարելու գծեր, էնպես որ առաջին սոցիալիզացիան ես անցա մանկապարտեզում:

– Հիշում եմ մի հատ գրքույկ, ոնց որ Գևորգ Չաուշի նկարով, հայրենասիրական երգեր, փոքր բրոշյուր էր, էդ տվել էին, սովորում էինք։

3kindergarten

– Քնել ահավոր չէի սիրում, բայց ստիպում էին պառկել, ու շատ լավ եմ հիշում, որ մեզ պառկացնում էին ու դաստիարակ, դայակները սկսում էին համով բաներ ուտել ու մենք հոտն էինք զգում։

– Մեզ ստիպում էին քնել կոնկրետ ժամերի, իսկ ով չէր քնում պատժում էին, ես երբեք չեմ քնել ու միշտ անկյուն էի կանգնում մի 10 րոպե։ Ստիպում էին ուտել անճոռնի հոտով անհասկանալի ճաշեր, եթե չէինք ուզում, բոլորի ներկայությամբ ստորացնում էին, թե գլխիդ կլցնեմ և այլն:

Հիվանդ երեխեքը պարտեզ էին գալիս բոլորիս վարակում ու ոչ ոք չէր ասում մի բերեք երեխեքի:

Երբ դաստիրակները տանը կոնֆլիկտ էին ունենում, անմիջապես ազդում էր նրանց տրամադրության վրա:

Դաստիարակները ունեին իրենց սիրած երեխեքին ու հիմնականում նրանց հետ էին զբաղվում, մյուսներին ակտիվ արհամարհում էին: Իմ ծնողները չէին գալիս հանդեսին (քանի որ միշտ 9-6ը աշխատում էին), իսկ մյուսներինը գալիս էին ծաղիկներով և նվերներով, միշտ դիսկոմֆորտ էի զգում դրանից։

Բուժքույրը ահավոր կոպիտ ու դաժան էր վարվում, հիստերիկ ծվոցներով ու միշտ մեզ սպառնում էին, որ Ասյան ծյոծյան կգա, եթե դաստիարակների ասածով չանենք։

– Ի՞նչ լավ բան: Միակ լավ բանը ավագ խմբի ավարտական հանդեսն էր, որը իմ վերջին օրն էր պարտեզում։

– Մնկո գնացել եմ ընդամենը 2 ամիս, դրանից հետո մերոնց ասեցի, որ ավարտել եմ, էլ կարիք չկա ինձ էնտեղ տանելու։ Էդ մնկո չէր, մի սարսափելի վայր էր, որտեղ մեզ սաղ օրը նստացնում էին պատերի տակ ու չէին թողնում պահարանում դրած խաղալիքներով խաղանք, ստիպում էին զզվելի ճաշեր ուտենք ու չիշիկ չանենք, հետն էլ քնենք, ահավոր էր: Կարճ ասած՝ մղձավանջ։

– Ես մանկապարտեզը սիրում էի, մանկապարտեզն էլ ինձ էր սիրում, բայց հիմա, հետահայաց որ մտածում եմ, դա նրանից էր, որ ես իրենց դիսցիպլինայի մեջ լրիվ ինտեգրված էի, այսինքն քնում էի, լավ երգում-պարում էի:

– Մեր խմբի Աննայի ծնողները բոլոր հանդեսները նկարում էին կամեռայով, որովհետև իրանք խանութ ունեին ու հարուստ էին: Մինչև հիմա հանդեսից վիդեո չեմ տեսել, որովհետև Աննայի մաման ասում էր՝ մի օրինակ է, որ շատ նայեք, կաստեը կփչանա: Համ էլ մեկ է, սաղ ընթացքում վիդեոն նրա վրա էին պահում։

2kindergarten

– Ներվայնանում էի պարտադիր հայրենասիրական երգեր սովորելուց… ես անգիր անել միշտ չեմ սիրել, բայց հատկապես մեռնելու, զոհվելու թեմաներով երգերը ինձ համար անհասկանալի էին: Չէի հասկանում, ինչի էինք տենց տխուր թեմաներով երգեր սովորում, բանակ-մանակ, ֆիդայական։

– Հիշում եմ, թե ոնց էին երեխաներին զուգարան տանում։ Մեռյալ ժամի պես բոլորին գարշոկ էին նստեցնում միաժամանակ։ Երկու կաֆելապատ սենյակներ էին նախատեսված՝ աղջիկների ու տղաների համար։ Ու հիշում եմ, որ էդ գարշոկ նստելն էլ չէի սիրում, որովհետև մեր խմբի Գոհարիկը գարշոկը կաֆելի վրա գռռացնելով գալիս էր ու ինձ ճանկռում:

– Կային խաղալիքներ, որոնցով բոլորն էին խաղում, սակայն հարուստ ծնողներ ունեցող երեխաները նաև բերում էին իրենց խաղալիքները, որոնցից շատերը չունեին…

Մի օր, երբ, հերթական անգամ, զոռով կերել էի սառած ոլոռով ապուրը, փսխեցի մեր տան միջանցքում դրված կոշիկների վրա, և դա եղավ վերջին օրը, որ ոտք դրեցի մանկապարտեզ։ Դրանից հետո ծնողներս հրաժարվեցին (կամ ես ստիպեցի նրանց, չեմ հիշում) ինձ մանկապարտեզ տանել։ Մինչև հիմա ոլոռից սիրտս խառնում է, երբեք չեմ ուտում։

պատրաստեց Շահանե Խաչատրյանը