Մանկապարտեզ երեխային ընդունելու ցանկությունը կոռուպցիայի պատճառ է դառնում, և իրավիճակը չի փոխվի, քանի դեռ մանկապարտեզներն գերծանրաբեռնված են և գումար չկա նոր նախադպրոցական հաստատություններ բացելու համար։ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն առաջարկում է լուծման իր տարբերակը։
Այսօր Երևանի քաղաքապետի խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 105 սիրիահայ երեխաներ արտահերթ ընդգրկել են մանկապարտեզներում: Բախշյանը տարածած հայտարարության մեջ այդ փաստը ողջունելի է համարում, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ «ընդունվածների մեջ քիչ չեն նաև նրանք, ովքեր ինչ որ կոռուպցիոն ձևերով այս գործը հաջողացնում են»։ «Բայց շատ ծնողներ հերթագրվելով և ոչ մի ձև չգտնելով, տարիներ են սպասում իրենց երեխայի հերթը հասնելուն: Այս ծնողների մեջ մեծ թիվ են կազմում այն մայրերը, որոնք իրենց ընտանիքի գոյությունը պահպանելու համար ստիպված պետք է աշխատեն, իսկ երեխային խնամող չունեն: Գործող մանկապարտեզները ծանրաբեռնված են, որոշ խմբերում երեխաների խտությունը թույլատրվածից մեծ է, որոշ տեղերում 40-ից բարձր, խմբում կրթությունը կազմակերպելու պարտականությունը դրված է մեկ դաստիարակի և խնամքը՝ մեկ դայակի վրա: Միայն պատկերացրեք՝ 3-6 տարեկանների որոշ խմբերում 40 երեխա, հիշեցնեմ, որ աշխատավարձն էլ նվազագույնն է: Հաճախ այդ երեխաները քնելու տեղ չեն ունենում: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի այդ դաստիարակից պահանջել ավելին, քան երեխաների անվտանգությունն ապահովելն է, որի համար էլ են շնորհակալ լինում ծնողները: Մանկապարտեզների որոշ տնօրեններ էլ օգտվելով այս վիճակից՝ որոշ դեպքերում ստիպված «լավություն» են անում», ֊ ընդգծում է Երևանի ավագանու անդամը:
Բախշյանը նշում է, որ դեռևս 2013 թվականին Կրթության պետական տեսչությունը մանկապարտեզներում ստուգումներ էր իրականացրել ու հանձնարարել էր խմբերում երեխաների թիվը սահմանված նորմի մեջ պահել, սակայն այդ հանձնարարականն ամեն տեղ ապահովել չի հաջողվում, որովհետև «սահմանված նորմն ապահովել՝ նշանակում է նոր խմբեր ավելացնել, որը նշանակում է հաստիքներն ավելացնել, այսինքն՝ Երևանի բյուջեից լրացուցիչ հատկացումներ անել»:
«Քանի որ շատ լավ տեղյակ եմ բյուջեին, ապա միանգամից ասեմ, որ Երևանի բյուջեի հսկայական մասն արդեն ծախսվում է մանկապարտեզների ֆինանսավորման վրա և ավելին պարզապես չի կարող: Ամբողջ հարցը նրանում է, որ չնայած նախադպրոցական կրթությունը ՀՀ-ում վճարովի հիմունքներով պետք է իրականացվի, միայն Երևանում է այն անվճար և ֆինանսական ամբողջ բեռն ընկած է բյուջեի ուսերին: Իհարկե, ողջունելի քայլ էր սա, որը ներդրվեց քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք, բայց համաձանեք, որ սա բոլորովին արդար քայլ չէ մյուս մարզերի նկատմամբ: Սոցիալապես ավելի ծանր պայմաններում ապրող Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և մնացած մարզերի ծնողների համար մանկապարտեզը լինի վճարովի, իսկ համեմատաբար ապահով խավ ունեցող Երևանում՝ անվճար: Դե, քաղաքականություն է, ընտրությունների ժամանակ Երևանի ընտրողների թիվը հանրապետության ընտրող քաղաքացիների զգալի մասն է, որին սիրաշահելու մի ձև էլ սա է, բայց ի՞նչ գնով», ֊ գրում է Բախշյանը:
Նա ընդգծում է, որ մանկապարտեզի շատ հոգսեր հոգալու համար տնօրինությունը դիմում է ծնողներին, ովքեր «չնայած սիրով են դա անում, բայց շատերը դեմ չէին լինի, եթե իրենք ինչ֊որ մասը վճարեին և բոլոր հոգսերը հոգար մանկապարտեզը»:
Երևանի ավագանու անդամը լուծման իր տարբերակն է առաջարկում․ «Կարելի է մշակել վճարման արդարամիտ այնպիսի համակարգ, որը, ելնելով մանկապարտեզում երեխային անհրաժեշտ ծախսերից, որոշեր, թե որքան է այն կազմում և որի մի մասը (ոչ պակաս՝ քան 50%-ը, ի դեպ, սա նույնպես կարող է տարբերակված լինել), պայմանագրով վճարեր ծնողն ու իմանար՝ ինչի համար է ինքը վճարում և ինչի համար և որքան՝ համայնքը: Անպայման մշակվի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների վարձը զեղչելու կարգ: Ծախսերի հաշվետվողականությունը լինի թափանցիկ, ծնողը հստակ տեսնի իր վճարած գումարն ուր գնաց, համայնքինը՝ ուր: Բյուջեում կտնտեսվի հսկայական գումար, որը կներդրվի նոր մանկապարտեզներ և նոր խմբեր բացելուն, հերթերը կկրճատվեն, խմբերում երեխաների թիվը նորմայի սահմաններում կլինի և անպայման պետք է ավելացվեն դաստիարակների ու դայակներերի աշխատավարձը»: