Home / Հայաստան / Անտարբեր Գյումրին․ գործող քաղաքապետն առաջինը դարձավ՝ մեծամասնություն չհավաքելով

Անտարբեր Գյումրին․ գործող քաղաքապետն առաջինը դարձավ՝ մեծամասնություն չհավաքելով

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած քվեարկությունն ապացուցեց՝ իշխանությունները Հայաստանում քիչ, թե շատ կարևոր ընտրություններում կօգտագործեն բոլոր հնարավոր լծակները հաղթանակի հասնելու համար, և ազատ մրցակցության մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանում դա վաղուց գիտեն․ յուրաքանչյուր նոր ընտրություններ պարզապես առիթ են դառնում դա ևս մեկ անգամ ամրագրելու համար։ Պատահական չէ, որ երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում և միևնույն ժամանակ ամենաաղքատ վայրերից մեկում ավագանու ընտրություններին մասնակցության տոկոսը չափազանց ցածր էր` 46.092 կամ 36.59%: Այդ ցուցանիշը կրկնում է Գյումրու համայնքի ղեկավարի 2012-ի ընտրությունների արդյունքը, երբ քվեարկությանը մասնակցել էր 46 093 մարդ։ Այն ժամանակ, սակայն, Սամվել Բալասանյանն իրական մրցակիցներ չուներ, նրա ընտրվելը քաղաքական որոշման արդյունք էր և քվեարկությունը, խոշոր հաշվով, ձևական բնույթ էր կրում։

Գյումրին չէր ուզում մասնակցել ընտրություններին

Շարքային գյումրեցին ակնհայտորեն չէր ցանկանում մասնակցել ավագանու ընտրություններին։ Երկու օրվա ընթացքում Epress.am֊ի թղթակիցների հետ զրույցներում քաղաքի բազմաթիվ բնակիչներ նշում էին, որ չեն պատրաստվում գնալ ընտրատեղամասեր՝ վաղուց ոչ մեկին չենք հավատում։ Եվս մեկ կարևոր գործոն․ մեզ հանդիպած մարդկանցից գրեթե բոլորը պնդում էին՝ համաքաղաքացիներից շատերն անտարբեր են ընտրությունների նկատմամբ, քանի որ այս անգամ, ի տարբերություն նախորդ դեպքերի, փող քիչ են բաժանում։

Մոտ 50 տարեկան մի տղամարդ նշեց, որ իրենց հավատը որևէ տեսակի փոփոխությունների վերաբերյալ վերջնականապես կորավ 2015-ի դեկտամբերյան հանրաքվեից հետո, երբ, նրա խոսքով, ամբողջ երկիրը Սահմանադրության դեմ քվեարկեց, բայց «նոր Սահմանադրությունն անցկացրին»։

Բալասանյանը փողոցներ է սալիկապատել

Մեր այն զրուցակիցների թվում, ովքեր պատրաստվում էին ընտրել, հիմնականում երեք քաղաքական ուժի կողմանկիցներ էին՝ իշխանության թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած «Բալասանյան դաշինք»֊ի, ընդդիմադիր «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության (առաջին համարը՝ Վահան Խաչատրյան) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (Վարդևան Գրիգորյան)։ Մյուս թեկնածուներից առավել լավ էին ճանաչում «Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին ՕԵԿ)  առաջին համարին՝ Հովհաննես Մարգարյանին։ Չնայած քաղաքում բավական շատ էին «Գյումրեցու ոգի» կուսակցության պաստառները, քաղաքի բնակիչները հիմնականում ծանոթ չէին դրա անդամներին։ Ընտրական պրոցեսներին մոտ կանգնած մի մարդ պարզաբանեց, որ դա Սամվել Բալասանյանի կողմից ստեղծած ուժ է, որը, ինչպես հաճախ լինում է, քարոզարշավի ընթացքում քննադատում էր մյուս հավակնորդներին։ Հետագայում նման կարծիք հայտնեց նաև 34/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Անտոնյանը, որը «Գյումրու առաջընթաց» ՀԿ֊ի լրագրողի հետ զրույցում ասել էր, որ «Բալասանյանի դաշինքը» և «Գյումրեցու ոգին» նույն կուսակցություն է «տարբեր անուններով»։

Հարկ է նշել՝ գյումրեցիները թեև հիմնականում անտարբեր էին ու ոչինչ չէին սպասում գործող իշխանություններից, սակայն գործող քաղաքապետի հանդեպ ատելությամբ լցված չէին։ Այո, նշում էին, որ իշխանության մարդ է ու քանի դեռ Սերժ Սարգսյանն է երկրի նախագահ, իրենք ոչ մի լավ բան չեն ակնկալում, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում էին, որ Բալասանյանն անհամեմատելի է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Մոտ 40 տարեկան մի տաքսիստ, որը չէր պատրաստվում քվեարկել որևէ թեկնածուի օգտին, նշեց, որ Բալասանյանն ու իր ընտանիքի անդամները գոնե քաղաքում համեստ են իրենց պահում՝ «Վարդանիկի նման «բեսպրեդել» չեն անում»։

Բալասանյանի կողմնակիցները իրենց փաստարկն ունեին նրա օգտին․ գործարար է, բիզնեսից է եկել քաղաքականություն և ակնհայտ է, որ շատ «չի ուտում» քաղաքի բյուջեն՝ ի տարբերություն նույն Ղուկասյանի։ Քաղաքային բյուջեն քիչ, թե շատ ըստ նպատակի ծախսելը, փաստորեն, արդեն իսկ դիտվում էր որպես դրական քայլ։ Այն մասին, որ քաղաքի լուրջ զարգացման ծրագիր գործող քաղաքապետի օրոք չի մշակվել, հեռանկարներ չկան, բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնում են չլուծված, խոսում էին միայն հստակ ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդիկ։

0gyumri

Ինքը՝ Բալասանյանը, քարոզարշավի ընթացքում նույնպես ցանկացել էր խաղարկել հենց այդ խաղաքարտը՝ ցույց տալով, որ իր օրոք քաղաքում որոշ գործեր արվել են։ Այն, որ դա արվել է քաղաքային բյուջեի միջոցներով, Սամվել Բալասանյանը, կարծես, մոռացել էր ու այդ «հաջողությունները» իրեն վերագրել։ Ակնհայտ էր վարչական ռեսուրսի օգտագործումը. «Բալասանյան դաշինքի» բիլբորդներին ու պաստառներին կարելի էր տեսնել հետևյալ գրառումները՝ «9 սալիկապատված փողոց», «Ժամանակին վճարված աշխատավարձեր», «3700 տեղադրված լուսակետ»։ Ժամանակին վճարված աշխատավարձը Հայաստանի պայմաններում, իհարկե, հերոսություն է։

1balasanyan

«9 սալիկապատված փողոց»֊ի տակ աղբամաններ էին տեղադրված, որոնց մեջ պարբերաբար տարեց մարդիկ աղբն էին քչփորում։

salikposter

Գործող քաղաքապետի մրցակիցները

«Եթե ուզում եք իմանաք, Գյումրիում երկու խավ կա՝ հարուստներ ու աղքատներ»։ Մոտ 30 տարեկան երիտասարդը համաձայնեց խոսել մեզ հետ, բայց անանուն։ Բավական երկար շփվեցինք․ նա պնդեց, որ այդ աղքատների մի ստվար զանգված ընտրելու է ԳԱԼԱ֊ին։ Ինքը չի կարող այդ կուսակցությանը ընտրել, քանի որ «տունը պետական աշխատող կա»։ Բոլորին հայտարարել, որ ընտրում է «Բալասանյան դաշինք»֊ին և գնալ ու քվեարկել ԳԱԼԱ֊ի օգտին տարբերակը նա չէր դիտարկում։ Աղքատների մի մասը չէին քվեարկելու ԳԱԼԱ֊ի կամ մեկ այլ թեկնածուի օգտին հենց այդ պատճառով՝ ինչ֊որ գումար էին ստանում պետական կառույցներում աշխատելով։ Բացի դա, կամավոր֊պարտադիր սկզբունքով Բալասանյանի օգտին էին քվեարկելու նրա գարեջրի և հրուշակեղենի գործարանների աշխատողները։

Մեր տպավորությամբ ԳԱԼԱ կուսակցությունը դասական իմաստով բավական լավ էր պատրաստվել ընտրություններին։ Նախընտրական բավական լուրջ ծրագիր էին կազմել, որում ուրվագծել էին քաղաքի խնդիրները, առաջարկել էին գնահատել Գյումրիի կարքիներն ու կարողությունները, մշակել զարգացման ռազմավարություն։ Մեր զրուցակիցներից շատերը, անգամ եթե չէին պատրաստվում ԳԱԼԱ֊ին ընտրել, դրական էին արձագանքում այդ կուսակցության մասին հարցին։ Քարոզարշավի ընթացքում, սակայն, ԳԱԼԱ֊ն չէր կարողացել օգտվել հավասար հնարավորություններից։ Մասնավորապես, հանկարծ պարզվել էր, որ քաղաքում չկան ազատ բիլբորդներ կուսակցության գովազդը փակցնելու համար։ Բիլբորդները տնօրինելու իրավունքը քաղաքապետարանը տարիներ առաջ վաճառել է մասնավոր ընկերություններին, որոնք էլ հայտարարել էին, թե տեղերը վաղուց վաճառված են։ Մեկ֊երկու տեղ կարողացել էր «պոկել» ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանը, քիչ քանակությամբ բիլբորդների վրա երևում էր «Գյումրեցու ոգին», սակայն հիմնականում քաղաքը լցված էր «Բալասանյան դաշինք»֊ի պաստառներով, որի համար տեղեր, փաստորեն, «ճարվել էին»։

Երեք ֆավորիտներից մեկն էլ՝ ԲՀԿ֊ն, իրեն ձայներ տվող կոնկերտ մարդիկ ուներ։ Վարդևան Գրիգորյանը քաղաքում հայտնի է, լավ շրջապատ ունի, «Բարգավաճ Հայաստան» անվան տակ հանդես եկող մարդիկ էլ նախկինում Գյումրիում հաջողության են հասել։ Կային բնակիչներ, որոնք ասում էին՝ ԲՀԿ֊ն նույնիսկ հաղթելու հնարավորություններ ունի՝ անկախ այն փաստից, որ Բալասանյանի համար աշխատում են և՛ պետաշխատողները, և նրա անձնական ֆինանսները։

Քվերակություն

«Ընտրատեղամասերում լուրջ վերահսկողություն է լինելու»,֊ մեզ հետ զրույցում՝ ընտրություններից 2 օր առաջ, ասաց ԳԱԼԱ կուսակցության ցուցակի երկրորդ համար, Գյումրու ավագանու ներկայիս անդամ Լևոն Բարսեղյանը։ Վերահսկողություն, իրոք, կար՝ լրագրողներ, տարբեր կազմակերպությունների դիտորդական առաքելություններ, քաղաքական ուժեր՝ նույն ԳԱԼԱ֊ի, «Քաղաքացիական պայմանագիր», ԲՀԿ կուսակցությունների վստահված անձինք։ Սակայն իշխանության թեկնածուն՝ Սամվել Բալասանյանը, այնուամենայնիվ, տարբերակներ գտնում էր քվեարկության օրն իր քարոզն անել և մարդկանց դեպի ընտրատեղամասեր ուղղորդել։

2gyumri

Դեռ առավոտվանից դիտորդներն ահազանգեցին՝ ընտրատեղամասեր են բերում սննունդով արկղեր, որոնց վրա գրված է «Բալասանյան»։

balasyanyan

Ավելի ուշ Epress.am֊ի թղթակիցը «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված 34/48 ընտրատեղամասում տեսել է, թե ինչպես են սննդով արկղեր բերում, որոնց վրա «Բալասանյան» գրությունն արդեն պոկված էր, բայց տեղը երևում էր։ Արկղերը հանում էին Բալասանյանին պատկանող «Անուշարան» գործարանի գազելներից, որոնք տեղամասից տեղամաս էին շրջում և նրա դաշինքը ներկայացնողներին սնունդ տանում։

anusharan

Նույն «Զանգակում» դիտորդներից մեկը վիճաբանել է մի կնոջ հետ, որն առավոտվանից կանգնած է եղել ընտրատեղամասի մոտ։ Կինը ոստիկանների պահանջներից հետո քիչ հեռու է գնացել, սակայն շարունակել է ուղղորդել մարդկանց։ Epress.am-ի թղթակցի հետ զրույցում հարակից տների բնակիչները պատմել են, որ կինը թաղամասում հայտնի է «Չոռնի Անո» մականունով, նա բոլոր ընտրություններին աշխատում է իշխանության համար։ Այլ ընտրատեղամասերի մոտ էլ նկատելի էին մարդիկ, ովքեր ողջ օրվա ընթացքում «տարածքում» էին։ Թիվ 34/52 ընտրատեղամասում, օրինակ, մենք ականատես եղանք, թե ինչպես է մի երիտասարդ՝ տեղամասի մուտքի մոտ կանգնած, հարցնում ներս մտնող ծանոթին, թե ում էն նա ընտրելու։ «Ինձ», ֊ պատասխանեց ծանոթը, իսկ երիտասարդն ասաց, որ ինքը Բալասանյանին է ընտրել։ Այդ ընտրատեղամասի մոտ ոստիկաններ չկային կանգնած, երիտասարդն էլ, տեսնելով երկու անծանոթի (մեզ), հեռացավ տեղամասի մուտքի մոտից, բայց ոչ շատ հեռու։ Մարդկանց ուղղորդման նման մշակույթը Գյումրիում հոկտեմբերի 2-ին լայն տարածված էր։

Քաղաքում շշուկներ էին շրջում, որ փող էլ է բաժանվում, սակայն ոչ ամենուր և ոչ արտադրական ծավալներով, ինչպես դա արվում էր նախորդ ընտրություններին։ Մի կին էլ՝ խանութի աշխատող, մեր այն հարցին, թե արդյոք գնացել է քվեարկության, հայտարարեց, թե չի գնալու, քանի որ փող չեն տվել։

Օրվա ընթացքում մի շարք այլ խախտումներ գրանցվեցին, որոնք սովորական են հայաստանյան բոլոր ընտրություների ժամանակ. օրինակ, մի կին ահազանգել էր, որ իր հասցեում անծանոթ մարդ է գրանցված ու արդեն հասցրել է ընտրել՝ մատյանում նրա անվան դիմաց ստորագրված էր։

Արդյունքներ

Գյումրու ընտրությունների արդյունքները սպասելի էին՝ ավագանում կազմում ընդգրկվեցին «Բալասանյան դաշինքը», ԲՀԿ֊ն, «Հայկական վերածնունդը» (նախկին ՕԵԿ) և ԳԱԼԱ֊ն։ Մյուսները չհավաքեցին անհրաժեշտ 6 տոկոսը։ Նախնական տվյալներով գործող քաղաքապետի ղեկավարած դաշինքը ստացել է մոտ 35 տոկոս, ԲՀԿ֊ն՝ մոտ 22, մյուս երկու կուսակցությունները՝ 10 տոկոսից մի փոքր ավել։ Մի կողմից՝ ավագանին բավական բազմաշերտ է և իշխանությունները չունեն մեծամասնություն, ինչը Գյումրիում հնարավոր էլ չէր։ Մյուս կողմից՝ իշխանության թեկնածուն կրկին առաջինն է՝ օգտագործելով վարչական ռեսուրսը, իր պաշտոնի և բիզնեսի բոլոր հնարավորությունները։

Վերջում ևս մեկ անգամ կարևորենք մասնակցության հանգամանքը՝ 36 տոկոսից քիչ ավել։ Գյումրիում ապրողները հոգնել են ընտրական եռուզեռից, շատերը, թեև իրենց հասցեներում գրանցված են, բայց վաղուց քաղաքում չեն, բացի դա, քաղաքի ճակատագիրը շատերին՝ հատկապես երիտասարդներին, չի հետաքրքրում, քանի որ նրանց միակ նպատակը հեռանալն է։

Արմեն Մելիքբեկյան

Շահանե Խաչատրյան