Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործները միայն մեկ տարի անց՝ տևական պայքարից հետո, «Վեդի ալկո» ընկերությունից ստացել են 2015 թվականին մթերված խաղողի համար իրենց հասանելիք գումարները:
Epress.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ, խաղողագործ Կոստան Ստեփանյանը նշել է, որ գումարները սկսել են բաժանել վերջին օրերի ընթացքում։
«Համարյա լրիվ տվել են, վերջին պարտիան ա մնացել, այսօր ասել են՝ եկեք, ստացեք: Սաղ փողն ըստ կարգի, ցուցակի են տալիս»,- ասել է խաղողագործը:
Ստեփանյանը պատմել է նաև այս տարի խաղողի մթերման աշխատանքների մասին․ «Սպիտակ տեսակի խաղողի՝ խարջի սորտի համար հերթ ա, էնքան են ուզում, որ չի բավարարում, իսկ սև սորտի համար ոչ մեկը դեռ ձեն չի հանում… դե սպիտակից վերջացնենք, տեսնենք՝ ինչ կլինի»:
Նշենք, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործներին «Վեդի Ալկո» գինու գործարանը նախորդ տարի մթերված խաղողի դիմաց պարտք է ընդհանուր առմամբ 140 միլիոն դրամ: Նախորդ տարի՝ խաղողի մթերման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղողագործներին խոստացել էր, որ բոլորի խաղողն էլ կմթերվի և գումարը կվճարվի, սակայն մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը խաղողագործները չէին ստանում իրենց հասանելիք գումարները։ Տարվա ընթացքում նրանք նամակներով դիմել են մարզպետին և կառավարությանը, ապա այս տարվա սեպտեմբերին բնակիչները փակել են Երևան տանող ճանապարհը, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին և 16-ին երեխաներին դպրոց չեն ուղարկել: