Բաքուն խոստանում է չհարձակվել Հայաստանի վրա
Բաքուն մտադիր չէ որևէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստանալու համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանը, ըստ նրա, ցանկանում է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ միայն տրանսպորտային կապ ստեղծել, ինչը «օգուտ կբերի երկու երկրներին և ամբողջ տարածաշրջանին»։ «Ադրբեջանը չունի ոչ մի ռազմական նպատակներ կամ խնդիրներ Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է», - ասել է Հաջիևը Reuters-ին։ Ալիևի օգնականը հավելել է, թե Բաքուն Երևանին առաջարկում է տրանսպորտային և կապի գծերի անցկացման հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այդ հայտարարել էր, թե «ադրբեջանական տարածքում Զանգեզուրի միջանցքի ստեղծման աշխատանքները կավարտվեն հավանաբար 2024 թվականի վերջին», իսկ Ղարաբաղի վրա վերջին հարձակումից հետո էլ Ադրբեջանի նախագահը ուղերփով դիմել էր ժողովրդին և հայտարարել՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ «Մենք ճանաչում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, մենք հայտարարել ենք այդ մասին, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը և Հայաստանը կկարգավորեն իրենց միջև գոյություն ունեցող հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա»: Թուրքիան համաձայն է․ կա նաև այլընտրանք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնել էր Նախիջևան։ Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցքի» հարցը առավել հաճախ հայտնվում է թուրքական մամուլի էջերում, միջանցքի մասին պաշտոնական Անկարան հիշատակել էր նույնիսկ ղարաբաղյան ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին հրատապ նիստում։ Նախիջևանում երկու նախագահները անդրադարձել են տրանսպորտային հարցերին, արձանագրություն են ստորագրել՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի ստեղծման վերաբերյալ։ Վերադարձի ճանապարհին Էրդողանը հարցազրույց է տվել և հայտարարել՝ եթե Հայաստանը հրաժարվի բացել Զանգեզուրի միջանցքը, երթուղին կանցնի Իրանով։ «Եթե ուզում ենք, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները խաղաղության երթուղիներ լինեն, հարցերը պետք է հանգիստ և առանց կոնֆլիկտների լուծենք։ Ինչ վերաբերում է գնացքին, որը Թուրքիայով հասնում է Նախիջևան և այնտեղից՝ Հայաստանով Ադրբեջան, հարկավոր է դիտարկել հենց Հայաստանով դրա անցնելու հարցը։ Եթե Հայաստանը չցանկանա մասնակցել ՝ ինչպե՞ս պետք է անցնի այդ երթուղին։ Իհարկե՝ Իրանի տարածքով։ Իրանն այդ գաղափարի հանդեպ դրական վերաբերմունք ունի», - ասել էր Թուրքիայի նախագահը։ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև ուղիղ ավտոմոբիլային և երկաթուղային hաղորդակցության ստեղծումը Անկարայի և Բաքվի համար «ռազմավարական հարց է»․ «Այս հզոր կապի շնորհիվ այն ամենին, ինչին մինչ այս հասել ենք քայլելով, վազելով կհասնենք։ Այդ իսկ պատճառով մենք ձեռքից եկած ամեն ջանք գործադրելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի բացումը ռազմավարական հարց է և անշուշտ պետք է ավարտին հասցվի։ Այս միջանցքի բացվելուն պես Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս գալ։ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը էլ ավելի կուժեղանա։ Ուրախալի է, որ Իրանից ևս դրական ազդակներ կան այս հարցում», - նշել է Էրդողանը։ Չնայած Ալիևը ամիսներ առաջ խոստովանել էր, թե Զանգեզուրյան միջանցքը զուտ իր հորինած ձևակերպումն է Սյունիքի ճանապարհի համար, մինչ այդ նա պարբերաբար զուգահեռներ էր անցկացնում Մեղրիով անցնող հաղորդակցությունների և Լաչինի միջանցքի հետ։ Հայտարարվում էր, թե՝ եթե Լաչինի ճանապարհը միջանցքային՝ արտատարածքային կարգավիճակ ունի, ապա Զանգեզուրի ճանապարհն էլ պետք է հատուկ կարգավիճակ ունենա։ Հայաստանը այս համեմատությունը չէր ընդունում և մերժում ապաշրջափակման ցանկացած ֆորմատ, որ հակասում է Հայաստանում գործող օրենսդրությանը։ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի հայտնվելուց հետո այս խոսակցությունը - համենայն դեպս՝ հրապարակավ - դադարել է։
Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին տարել են Բաքու
«Եթե Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի է, Մոսկվան կստանձնի նրա իրավունքների պաշտպանությունը․․․»
Հաղորդում հանցագործության մասին․ Սամվել Բաբայանի տված անունները
Ես պարզ ասում եմ՝ այս մարդիկ ФСБ 5-րդ ծառայության շպիոններ են, նրանք իմացել են՝ ինչ են անում, ինչի համար են վերցնում իշխանությունը․․․
Ես, բարեբախտաբար, հեղինակություն չեմ
սխալ էր այդքանը գոնե կատակով ասելուց հետո հեղափոխական կառավարությունը սանձերից թողնելը: չնայած, սանձը բռնողների կեսն էլ էր թարս նայելու:
«Անփութություն»․ Ստեփանակերտում պայթյունից 300-ից ավել մարդ է տուժել
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, մեծ պայթյուն է․․․
Այս պատերազմը երբևէ կվերջանա՞
․․․ինչի համար ենք մենք մեռնում` հողերի՞, որոնցում մենք դեռ ճնշվելու, ծեծվելու ու նվաստանալու ենք․․․
Ղարաբաղից տարհանումը շարունակվում է․ կան մտահոգություններ
Հակարիի կամրջով նախ մի քանի անհատական մեքենաներ են անցել, քիչ առաջ Կոռնիձոր են հասել նաև առաջին երկու ուղևորափոխադրող ավտոբուսները․․․
Ռուսաստանը որպես անվտանգության երաշխավոր իրեն սպառել է․ վարչապետ
․․․Դաշնակիցները, որոնց վրա մենք հույս ենք դրել՝ մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի պետություն ունենալու անհնարինությունը․․․
Հակապատերազմականներին Բաքվում ձերբակալում են
Պատերազմից հետո գործի են անցել նաև Ադրբեջանի ներքին զորքերը․․․
Ղարաբաղը հրադադարից հետո
Անհետ կորածներ, հազարավոր տեղահանվածներ, մեկուսացված շրջաններ, շրջափակված բնակավայրեր․ Մարտունին ու Մարտակերտը մեկուսացված են․․․
Հայաստանը ոչ մի րոպե չի փակվել Ղարաբաղի հայերի համար․ վարչապետ
40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք են տարել։ Եվ մենք չենք ուզում սրա մասին ասել, ինչո՞ւ․․․
Ղարաբաղում սպանվել է ռուսական նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամանատարը
Հիմնական թեզը հետևյալն է՝ ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները»։