Home / Բանակ / Ղարաբաղում սպանվել է ռուսական նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամանատարը

Ղարաբաղում սպանվել է ռուսական նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամանատարը

(լրացված)

Իլհամ Ալիևն այսօր զանգել է Վլադիմիր Պուտինին, ներողություն խնդրել և խորը ցավակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել նաև ֆինանսապես օգնել զոհվածների ընտանիքներին՝ զեկուցել է Կրեմլը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր՝ Լեռնային Ղարաբաղում, «Ջանյաթագ բնակավայրի շրջանում գտնվող դիտակետից վերադառնալիս», հրաձգային զենքից գնդակոծվել է ռուս զինվորականների մեքենան, վարորդն ու ուղևորները զոհվել են։

Դեպքի մասին հաղորդվել է հրադադարից ժամեր անց։ Մինչ այժմ Մոսկվան պաշտոնապես չի պարզաբանել՝ երբ են զոհվել խաղաղապահները, ինչ հանգամանքներում և ում մեղքով։

Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո ռուսական պետական «ՌԻԱ Նովոստին», «ՏԱՍՍ»-ը և «Ինտերֆաքսը» գրել են, թե Բաքվում ձերբակալվել են առաջին կասկածյալները, իսկ Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս խաղաղապահների մահվան մեջ, ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։ Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։ Մոսկվայի և Բաքվի տարածած հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանի նախագահը խոստացել է իր ռուս գործընկերոջը, որ միջադեպը ամենապատշաճ կերպով կհետաքննվի։

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր, սա ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին մարտական կորուստներն են։ Պաշտոնական աղբյուրները ո՛չ զոհվածների անուններն են հրապարակել, ո՛չ կոչումները։ Նույնիսկ թիվ չի նշվել։

Զոհերին վերաբերող տվյալները տարածել են լրագրողները։ Մարգարիտա Սիմոնյանը խոստացել է օգնել զոհված 5 զինվորականների ընտանիքներին։ «СеверПост.ru» կայքը գրել է՝

զոհվածների շարքում է խաղաղապահ զորախմբի փոխհրամանատար, Ռուսաստանի Զինված ուժերի Հյուսիսային նավատորմի ստորջրյա ուժերի փոխհրամատար, 1-ին ռանգի կապիտան Իվան Կովգանը։

Նավաստիների և ռազմածովային նավատորմի վետերանների սանկտպետերբուրգյան ակումբը հաղորդել է՝ 52-ամյա Կովգանը գործուղվել է Լեռնային Ղարաբաղ երկու ամիս առաջ, զբաղեցրել է խաղաղապահ զորախմբի փոխհրամանատարի պաշտոնը և գտնվել է գնդակոծված մեքենայում։

Տեղեկությունը պաշտոնական Մոսկվան չի հաստատել։ Փոխարենը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը գրել է՝ հավերժ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ովքեր, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա են վերցրել հանուն տարածաշրջանի խաղաղության։ Թե ում մեղքով են զոհվել ռուսները՝ Մարիա Զախարովան չի հստակեցրել, բայց շտապել է մեղադրել Հայաստանին «անշնորհակալ լինելու մեջ»:

Ռուսական ընդդիմադիր Meduza-ն երեկ, հղում անելով իր անանուն աղբյուրներին, հաղորդել է, թե Կրեմլը հրահանգ է իջեցրել պետական բոլոր լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական հարձակումը լուսաբանելիս հատուկ շեշտել, որ ամեն ինչում մեղավոր է Հայաստանը և նրա արևմտյան «գործընկերները»։

Ռուս լրագրողներին խորհրուրդ է տվել ամեն անգամ հիշատակել Նիկոլ Փաշինյանի պրահյան հայտարարությունները և ընդգծել, որ ռուս խաղաղապահները, որոնք դիտորդական գործառույթներ են կատարում, հերոսաբար փրկում են Ղարաբաղի հայերին։

Մինչ այս պահը Մոսկվայից ու ռուսական պետական լրատվամիջոցներից ստացվող հաղորդագրությունները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Հայտնի ռուս պրոպագանդիստները այս օրերին հիմնականում սպառնում են Փաշինյանին, ապատեղեկատվություն տարածում, իբր Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են ընդունել տեղահանված ղարաբաղցիներին։

Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի մասին պաշտոնական Մոսկվան և ՌԴ ՊՆ-ն, որի ենթակայության տակ է գտնվում խաղաղապահ զորախումբը, առանձնապես ոչինչ չի ասել՝ ոչ մի տեղեկություն զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների, վիրավորների, գրավված տարածքների, մեկուսացված բնակավայերի մասին։ Գերատեսչության պաշտոնական տեղեկագրում խոսվում է միայն Ղարաբաղի երեք շրջաններից՝ Մարտակերտից, Մարտունիից և Ասկերանից հազարավոր մարդկանց տարհանելու, խաղաղապահների տեղակայման վայր տեղափոխելու մասին։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ էլ հայտարարվեց, որ Երասխում խոցվել է ռուսական ուղղաթիռը։ Խոցվել է Ադրբեջանի կողմից՝ Նախիջևանից։ Այն ժամանակ էլ եղան հեռախոսազանգեր՝ ներողություն, փոխհատուցման պատրաստակամություն, «քննություն»։

թարմացում — Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը գրել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս զոհվել է 6 ռուս զինծառայող, մի քանի հոգի տարբեր աստիճանի վիրավորում է ստացել։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, թե «ադրբեջանցի զինծառայողները սխալմամբ կրակ են բացել» խաղաղապահների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 խաղաղապահ է զոհել։ Նույն օրը, ըստ Բաքվի, նույն վայրում հայկական զինուժի կողմից կրակ է բացվել ռուս խաղաղապահներին պատկանող «Կամազի»վրա, ինչի հետևանքով 1 ռուս խաղաղապահ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ռուս խաղաղապահները, սակայն, մինչ այս հայտնել են միայն մեկ միջադեպի մասին, գնդակոծված «Կամազի» մասին որևէ հաղորդագրություն չի եղել՝ ո՛չ Մոսկվայից, ո՛չ էլ Ստեփանակերտից։