Այսօր Ազգային ժողովը սկսել է 2017 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումը՝ առանց այն ներկայացնող Կառավարության ղեկավարի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն պատճառաբանել է՝ Կարեն Կարապետյանը գտնվում է գործուղման մեջ։ Վարչապետը երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Վարչապետի բացակայությունը նախ նկատել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում և կառավարությունն այստեղ չի: Էսպիսի բա՞ն: Զարմանալի պատմություն է», ֊ ասել է նա։
Կարեն Կարապետյանի բացակայությունը քննադատել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետը, համաձայն Սահմանադրության 80 հոդվածի, հերթական նիստի կոնկրետ օրը պետք է այստեղ նստած լինի։ Ինքն իրավունք չունի, բացի այստեղ նստած լինելուց, աշխարհի որևէ այլ կետում լինել», ֊ ասել է նա։