Home / Կանանց իրավունքներ / Ղարաբաղի պատերազմի վետերանի մահվան գործով անցնող մեղադրյալը փողոցում ծեծել է կնոջը

Ղարաբաղի պատերազմի վետերանի մահվան գործով անցնող մեղադրյալը փողոցում ծեծել է կնոջը

Երեկ՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի Տերյան փողոցում հրապարակախոս, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող  Զառա Հովհաննիսյանն  ականատես է եղել՝ ինչպես է մի տղամարդ դաժանորեն ծեծել  կնոջը: Հովհաննիսյանի միջամտությամբ կինն ազատվել է ամուսնու ձեռքից և տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք: Այս մասին Հովհաննիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա պարզել է, որ տղամարդը  ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանի մահվան գործով  անցնող Գևորգ Սարգսյանն է (հայտնի է Ջունգլ մականունով): Թումանյանը մահացել էր  Ջունգլի և Սամվել Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո մեկ օր անց, իսկ մեղադրյալ Ջունգլին ազատել էին ստորագրության դիմաց:

Հովհաննիսյանը դեպքի ժամանակ ամուսնու հետ մեքենայով անցնելիս  է եղել Տերյան փողոցով:

«…Անցնում էինք, մեկ էլ տեսնենք, ուղիղ երթևեկելի հատվածում մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտով։ Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։

Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, ասում է, որ դա իր կինն է ու ես էդտեղ անելիք չունեմ: Քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։ Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն ա, ասա՝ թող թողի, գնա, խի՞ կնիկդ քեզ չի ենթարկվում։

Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիրաններից։ Վերջը մի կերպ հրելով՝ վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք», – գրել է հրապարակախոսը:

Epress.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ Ջունգլը դեպքի վայրից փախուստի է դիմել: Իսկ կնոջը և Հովհաննիսյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:

Ջունգլի կնոջ հետ զրույցում Հովհաննիսյանը պարզել է, որ ամուսինն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել, իսկ նա  փորձել է խզել հարաբերությունները, սակայն վախից չի արել. «Այսօր աղջկա ծննդյան օրն է, և առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջև, միգուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պտմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն»։

Իր ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը հրապարակել է նաև լուսանկարներ, որտեղ երևում է, որ աղջկա ձեռքերին բռնության հետքեր կան. «Աղջկա ձեռքերը կապտած են, կծած են՝ զուգընկերը,  փորձելով ինձնից պոկել նրան, կծոտելով հասցրել է արյան»։

Մեզ հետ զրույցում նա ասել է, որ կինը այժմ գտնվում է իր մոր տանը:

«Ես իրեն բացատրել եմ, թե ինչ վտանգ է սպառնում, բացատրել եմ, թե ինչ օգնություն կարող ենք իրեն տրամադրել, որտեղ ինքը կլինի  ապահով տեղում, այնտեղ նա կարող է սոցիալական և իրավական աջակցություն ստալ: Ուղղակի շատ ուշ էր, ասաց՝ չէ գնամ, երեխեքի մոտ, կորոշեմ, կզանգեմ, կասեմ»:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ այժմ ոստիկանության գործառույթն է՝ հսկել բռնության ենթարկված կնոջ անվտանգությունը:

Նա նաև անդրադարձել է այն փաստին, որ Ջունգլը Վարդան Թումանյանի մահվան գործող որպես մեղադրյալ է անցնում, սակայն նրան բաց են թողել ստորագրության դիմաց:

«Գործով մեղադրյալները ազատության մեջ են ու նրանցից մեկն այսօր փողոցում աչքիս առաջ քիչ մնաց էլի մարդ սպանի։ Ահա մեր դատաիրավական համակարգի պատկերը և անպատժելիությունը, որը ծնում է նոր հանցագործություններ…», -գրել է Հովհաննիսյանը: