Home / Армения / Համաձայնություն, որը դրժվեց․ 1997 թվականի ՀՀ և ԼՂՀ ղեկավարների հանդիպման մասին. aravot.am

Համաձայնություն, որը դրժվեց․ 1997 թվականի ՀՀ և ԼՂՀ ղեկավարների հանդիպման մասին. aravot.am

ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանն այսօր Aravot.am-ում իր հիշողություններն է հրապարակել 1997 թվականի հունիսի 14-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհուրդների նիստերի մի փակ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավորությունները։

Լիպարիտյանը նշում է, որ անհրաժեշտ է համարում այդ հանդիպման մասին հրապարակելը, քանի որ դա պատմության ու այսօրվա կացության համար կարևոր ուղեցույցներից մեկը կարող է լինել, նույնիսկ՝ «դասեր» ներշնչել։

1996-ի դեկտեմբերի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովին հետևեցին Մինսկի խմբի կողմից ԼՂ հարցի կարգավորման՝ մեկ առաջարկության երկու տարբերակներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները գլխավոր առաջարկը կողմերին ներկայացրին 1997-ի մայիսի 29-31-ը, երբ այցելեցին տարածաշրջան (համանախագահները վերադարձան տարածաշրջան հունիսի 12-13-ին՝ երկրորդ տարբերակը ներկայացնելու, երբ ԼՂ-ը մերժեց առաջինը): 1997-ի մայիսի առաջարկը հիմքում ուներ փաթեթային լուծումը, որովհետև և՛ Բաքուն, և՛ Ստեփանակերտը երկար ժամանակ արդեն պնդում էին փաթեթային լուծման տարբերակը՝ յուրաքանչյուրը մտածելով, որ իր համար դա է նպաստավորը: Այսինքն՝ յուրաքանչյուրը փափագում էր իրավիճակից պոկել առավելագույնը: Կողմերից Երևանն էր միայն, որ մտածում էր, թե պետք չէ անկարելիի հետևից գնալ, այլ հարցը պետք է կարգավորել ըստ կարելվույն՝ փուլայինի հիման վրա, որը տակավին հնարավորություններ էր ընձեռում ապագայի համար, միաժամանակ, Ղարաբաղն ու Հայաստանը դուրս բերելով վտանգավոր ստատուս քվոյից: Իսկ այդ՝ փաթեթային լուծման առաջարկը ԼՂ-ին անկախություն չէր ընծայում: Ընդհանրապես, Երևանը հետևյալ մոտեցումն ուներ ԼՂ բանակցությունների կապակցությամբ. կտրուկ չմերժել միջազգային միջնորդների կողմից ներկայացված առաջարկները, դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք, սակայն որևէ առաջարկի կապակցությամբ բանակցությունները սկսելուց առաջ ներկայացնել առաջարկի մոտեցման, որևէ կոնկրետ պարբերության կամ ձևակերպման նկատմամբ մերժում կամ վերապահություն արտահայտող հիմնավորված կետեր: ԼՂ-ը ավելի հանգիստ էր զգում Մինսկի խմբի այս կամ այն առաջարկությունը առանց տատամսումի մերժելու հարցում: Սակայն Լիսաբոնից հետո ներկայացված այս փաստաթուղթը տարբերվում էր նախորդներից, որովհետև փաթեթային էր, այսինքն՝ այն, ինչ Ստեփանակերտն ու Բաքուն պնդում էին: Եվ Ստեփանակերտը բավականին մտահոգ էր այս առաջարկի բովանդակությամբ: ԼՂ ղեկավարությունը վստահ էր, որ առանց վարանելու մերժելու էր այն ևս: Սակայն այդ ղեկավարությունը այս անգամ մտահոգ էր, որ Երևանի սովորական մոտեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ և հունիսի 8-ից ծանր բանակցությունների մեջ մտավ Երևանի հետ՝ մի ելք գտնելու համար: Մի կողմ թողնելով այս դրվագի՝ հունիսի 8-ից սկսած անմիջական նախապատմությունը, այստեղ կպատմեմ բուն դեպքի՝ հունիսի 14-ի այդ կարևոր հանդիպման մասին: Եթե չեմ սխալվում՝ հունիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտից զանգեցին, թե՝ ԼՂ ղեկավարությունը փափագում է Մինսկի խմբի այդ առաջարկի կապակցությամբ շտապ հանդիպում ունենալ Հայաստանի ղեկավարության հետ և պատրաստ է հասնելու Երևան նույն օրը՝ ամսի 14-ին ու երեկոյան ունենալ այդ հանդիպումը: Հիմնվելով իմ նոթերի ու հիշողության վրա վերակառուցում եմ հանդիպումը և ներկայացնում այնքան մանրամասն, որքան հնարավոր է և անհրաժեշտ: Ասեմ, որ հիշողությանս մեջ մեծ տեղ է գրավել այդ հանդիպումը, որովհետև որքան ժամանակը առաջ գնաց, այնքան զգացի դրա կարևորությունը:

Հանդիպումը կայացավ շաբաթ երեկոյան՝ կառավարական ամառանոցներում գտնվող փոքր լողավազանի մոտ: ԼՂ-ը ներկայացնում էին ԼՂ վարչապետ ու գործող նախագահ Լեոնարդ Պետրոսյանը (Ռոբերտ Քոչարյանը մարտին նշանակվել էր ՀՀ վարչապետ ու ԼՂ նախագահի նոր ընտրությունը տակավին չէր կայացել), ԼՂ ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանը (արդեն հստակ էր, որ նա պիտի լիներ ԼՂ հաջորդ նախագահը) և ԼՂ Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: ՀՀ կողմից՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը և ես` ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականը, Անվտանգության խորհրդի քարտուղարն ու բանագնացը: Կարելի է ասել՝ ՀՀ և ԼՂ անվտանգության խորհուրդների համատեղ նիստ էր, սակայն նաև անպաշտոն նիստ էր: Բացակայում էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը, և այդ նիստի վերաբերյալ արձանագրություն գոյություն չունի: Հանդիպումը բացեց ՀՀ նախագահը՝ խնդրելով, որ ԼՂ ղեկավարությունը ներկայացնի իր խնդիրը: ԼՂ ղեկավարությունից ոչ ոք որևէ բան չասաց: Նախագահ Տեր-Պետրոսյանը կրկնեց իր հարցը՝ ընդգծելով, որ ԼՂ ղեկավարությունն էր հանդիպում խնդրել: Կրկին պատասխան չկար: Տեր-Պետրոսյանը նրանց գործը դյուրացնելու համար ասաց մոտավորապես հետևյալը. «Քանի որ խնդիրը վերաբերում է ԼՂ հարցին և, հստակորեն, Մինսկի խմբի վերջին առաջարկին, թույլ տվեք ներկայացնել մեր այլընտրանքներն ու յուրաքանչյուրի հավանական հետևանքները, հետո կխոսենք մեր անելիքների մասին»: Նա ներկայացրեց հինգ տարբերակ (սրանք հիմնականում նույնն էին, ինչ նա ավելի ուշ՝ հոկտեմբերին պիտի ներկայացներ իր՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում)՝ ներառյալ փաթեթայինի և փուլայինի հետ կապված հարցերը: Հետո նա ԼՂ ղեկավարներին առաջարկեց արձագանքել իր խոսքին: Առաջինը խոսեց Լեոնարդ Պետրոսյանը, որն այդ տասը հոգանոց խմբի կազմած շրջանի մեջ նստել էր մոտավորապես Տեր-Պետրոսյանի դիմաց, ձախից Քոչարյանն էր ու Բաբայանը, աջից՝ Ղուկասյանը: Լեոնարդ Պետրոսյանը հայտարարեց, որ ԼՂ ղեկավարությունը իր ամբողջ կազմով քննել է իրավիճակը և, նկատի ունենալով այդ կացության ծանրությունը, հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է խնդրին փուլային լուծում տալ, որ փաթեթայինը չի տալու այն, ինչ ուզում ենք: Տեր-Պետրոսյանը ապշած էր: Առաջին անգամ էր, որ ԼՂ ղեկավարությունը ինքն իր ներքին գործընթացներով հասել էր այնտեղ, որտեղ էր Հայաստանը: Տեր-Պետրոսյանը խնդրեց, որ Պետրոսյանը կրկնի իր ասածը: Լեոնարդը կրկնեց: Այնուհետև Տեր-Պետրոսյանը խնդրեց, որ Ղուկասյանն ու Բաբայանը, անկախաբար Պետրոսյանից, հայտնեն իրենց կարծիքը: Ղուկասյանն ու Բաբայանը հաստատեցին Լեոնարդի խոսքերը: Տեր-Պետրոսյանը նայեց շուրջը՝ տեսնելու, թե արդյո՞ք մյուսներն էլ նույն բանն են հասկանում այդտեղ կատարվածից, ինչ՝ ինքը: Հետո ՀՀ Նախագահը շարունակեց իր խոսքը, որը հետևյալն էր. «Ուրեմն, վստահ լինենք, որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է նշանակում փուլային լուծում. վերադարձնում ենք ԼՂ-ից դուրս մեր հակակշռի տակ գտնվող 7 տարածքներից 6-ը, Լաչինը պահում ենք: ԼՂ-ը պահում է իր բոլոր ռազմական կարելիությունները. վերադարձրած տարածքների վերաբերյալ ապահովում ենք առավելագույն անվտանգություն ԼՂ համար՝ և՛ ռազմական, և՛ միջազգային քաղաքական տեսակետից: Պատերազմն ավարտվում է, խաղաղության պայմանագիր ենք ստորագրում Ադրբեջանի հետ: Կարգավիճակի հարցը թողնում ենք հետագայի բանակցություններին: Այսինքն, տարածքներ՝ խաղաղության համար, և ոչ՝ կարգավիճակի»: Տեր-Պետրոսյանը հարցրեց ԼՂ երեք ղեկավարներին՝ արդյոք փուլայինով նույն բա՞նն ենք հասկանում: Երեքն էլ դրական պատասխան տվեցին: Ապա Տեր-Պետրոսյանը դարձավ մյուսներին. «Բոլորդ հասկանու՞մ եք, թե ինչ կատարվեց այստեղ: Հրադադարից ի վեր առաջին անգամ է, որ ԼՂ-ը և ՀՀ-ը լիովին համաձայն են խնդրի լուծման ձևին: Գնում ենք փուլայինով ու բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում: Այստեղ կա՞ որևէ մեկը, որը համաձայն չէ այս գործընթացին»: Նա՝ երկու, թերևս, երեք անգամ հարցրեց. «Որեւէ մեկը խնդիր ունի՞ այս մոտեցման կապակցությամբ»: Ոչ ոք չառարկեց կամ խնդիր չներկայացրեց՝ բացի Բաբայանից, որը վերջում որոշ տատամսումից հետո հարցրեց. «Չե՞նք կարող Քելբաջարն էլ պահել»: Նա արդեն ոտքի էր կանգնել ու հենվել Քոչարյանի աթոռի թիկնակին: Քոչարյանը դարձավ դեպի Բաբայանը (նա չէր կարող վերջինիս ուղիղ նայել, քանի որ այդ դիրքում անհրաժեշտ էր գլուխը շրջել 180 աստիճանով) և ասաց. «Է՞շ ես, ի՞նչ ես, ա՛յ տղա, Լաչինը դեռ չենք մարսել, հիմա Քելբաջա՞րն էլ ես ուզում»: Տեր­-Պետրոսյանը ընդմիջեց. «Մի րոպե, Ռոբերտ ջան»: Դարձավ ինձ. «Ժիրայր, կարո՞ղ ես բանակցություններում Քելբաջարը ևս պահել»։ «Վստահ չեմ, կարող եմ փորձել: Մինչեւ հիմա գնում ենք «6+1» ձևաչափով, երբ խոսում ենք փուլային լուծման մասին: Վեցը տալիս ենք, մեկն ենք պահում։ Չեմ կարծում, թե դա կարելի է «5+ 2»-ի հասցնել, սակայն կարող ենք «5+1+1» ձևաչափին հասնել. 5-ը տալիս ենք, 1-ը պահում ենք, 1-ն էլ «ժամանակավոր» պահում ենք, հետո կտեսնենք», – ասացի: «Այդ պատասխանը քեզ գոհացնու՞մ է, Սամո», – հարցրեց ՀՀ Նախագահը: «Եթե Ժիրայրն է դա ասում, այո՛, գոհացնում է»,- ժպտալով ասաց ԼՂ Պաշտպանության նախարարը: Նախագահը դարձավ ինձ. «Քո կարծիքով սրա հիման վրա որքա՞ն ժամանակից կարող ես խաղաղության պայմանագիրը բերել: Երեքից չորս շաբաթը բավարա՞ր է»: «Ո՛չ, պարոն նախագահ. 4-6 շաբաթ պետք է նկատի ունենալ»: Դրանով ավարտվեց հանդիպման այդ մասը: Ես գնացի իմ սենյակ ու սկսեցի աշխատել մի փաստաթղթի վրա, որը կարելի էր անպաշտոն ու խորհրդապահական ներկայացնել Մինսկի խմբին՝ որպես հիմք մի նոր, փուլայինի վրա հիմնված ԵԱՀԿ առաջարկի: Դրանից հետո եղած պատմությունը նույնպես չեմ մանրամասնում այստեղ, սակայն կներկայացնեմ մի քանի դիտողություններ:

ՀՀ նախագահի ամփոփած մոտեցումների ու այդ հանդիպման ներկաների կողմից ընդունված հիմքի վրա տեքստ պատրաստվեց, հսկայական աշխատանք կատարվեց կարևոր մայրաքաղաքներում այն ներկայացնելու համար, հսկայական քաղաքական դրամագլուխ ներդրվեց այդ գործընթացի համար: Ի վերջո, Երևանն ու Ստեփանակերտը միմյանցից անկախ հանգել էին նույն եզրակացությանը: Այդ հանդիպման հիման վրա Երևանում պատրաստված տեքստն էր սկզբնօրինակը 1997-ի սեպտեմբերի ԵԱՀԿ առաջարկի, որը Տեր-Պետրոսյանը ընդունեց որպես բանակցությունների հիմք: Մեր պատրաստած տեքստի դրույթները, անշուշտ, ենթարկվեցին Մինսկի խմբի համանախագահների վերախմբագրմանը՝ ըստ իրենց ներքին բանակցությունների տրամաբանության, որի հետևանքով ԵԱՀԿ այդ առաջարկի մեջ տեղ գտան դրույթներ, որոնք մեզ համար վիճելի կամ անընդունելի էին: Երևանը, ԵԱՀԿ առաջարկը բանակցությունների հիմք ընդունելով հանդերձ, միաժամանակ, ԵԱՀԿ ներկայացրեց մի հիմնավոր փաստաթուղթ, որում թվարկել էինք այն կետերը, որոնք պետք է բանակցության առարկա լինեին: Սակայն 1997-ի սեպտեմբերի առաջարկն իր էությամբ համապատասխանում էր հունիսի 14-ի հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի կողմից հստակեցված սկզբունքներին: Սկզբունքներ, որոնց համաձայնել էր ԼՂ ղեկավարությունը և ոչ մի առարկություն չէր արել ՀՀ ղեկավարության որևէ անդամ: Այդ նույն մոտեցումն էր, որ ԼՂ նույն ղեկավարությունը, Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը, և վերջում՝ Սերժ Սարգսյանը մերժեցին: Նրանք պնդեցին լուծման փաթեթային տարբերակը և, ի վերջո, հասցրին Տեր֊Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարմանը: Ինչպե՞ս մեկնաբանել այս զարգացումները և ի՞նչ դասեր քաղել անմիջական դերակատարների ու միջնորդների վերաբերմունքից: Սա թողնում եմ ընթերցողի և պատմաբանների դատողությանը։ Այսօր իմ նպատակն էր փաստը ներկայացնել նախքան այդ փաստի կորուստը՝ որևէ պատճառով: Այդ հանդիպմանը մասնակցած տասը հոգուց երկուսը արդեն չկան, սպանված են Վազգենն ու Լեոնարդը: Մյուսները կամա թե ակամա կարող են մոռացած լինել, կամ իրենց համար այնքան էլ կարևոր չէր այդ հանդիպումը: Որքան տեղյակ եմ՝ մասնակիցներից որևէ մեկը այդ հանդիպման մասին մինչև հիմա չի գրել, ոչ էլ հրապարակավ արտահայտվել է: Ժամանակի ընթացքում կորցրել ենք ու տակավին կորցնում ենք այն, ինչ կարող էինք ստանալ: Այն, ինչ սեղանի վրա է այսօր՝ ԵԱՀԿ/Մադրիդյան սկզբունքներով (կամ նրան հաջորդող նույնանման տարբերակներով) թե զուտ ռուսական ներշնչմամբ, ավելի լավը չէ, քան 1997-ի սեպտեմբերի առաջարկությունը: Այն պնդումները, թե Մադրիդյան սկզբունքները ավելի լավն են, քան 1997-ի սեպտեմբերի փաստաթուղթը կամ նախկինում ներկայացված միջազգային որևէ առաջարկ, նման հայտարարությունների հեղինակների վարկը փրկել փորձող գործարք են կամ քաղաքական կամավոր կուրություն: Առանց անգամ առավել չափով մանրամասնությունների մեջ մտնելու, ակնհայտ է, որ «97»-ով ԼՂ և Լաչինի ամբողջական տարածքը պահում էինք մեր հակակշռի տակ: Իսկ երբ այդ փաստաթղթի կապակցությամբ բանակցությունները հաջող ավարտվեին, դա պիտի հաստատվեր ԵԱՀԿ և դրանից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից: Այդպիսով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու, նույնիսկ որ ավելի կարևոր է, Հայաստանը դառնում էին փաստաթղթի դրույթների երաշխավոր, իսկ փաստաթուղթը վերածվում էր միջազգային իրավունքի համազոր-համարժեք համաձայնության: 1997-ի սեպտեմբերի առաջարկությամբ կարգավիճակի և Լաչինի խնդիրը թողնում էինք ապագային, այսինքն՝ այդ տարածքներում պահպանվում էր այդօրյա, այդ պահի կարգավիճակը: Մինչդեռ Մադրիդյան փաստաթղթով հայկական վերահսկողության տակ էր մնում ոչ թե Լաչինի ամբողջ տարածքը, այլ միայն միջանցքը: Իսկ դրան հետևող տարբերակների մեջ Լաչինը հանձնում ենք ինչ-որ անորոշ «միջազգային» ուժի և վստահ չենք, թե ո՞վ է լինելու այդ տարբերակներում նշված սկզբունքների շուրջ կայանալիք որևէ համաձայնության երաշխավորը, և այդ հանգրվանում ո՞րն է լինելու ՀՀ դերը: Ի դեպ՝ 1997-ի դեկտեմբերին Կոպենհագենում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Ղարաբաղի պատվիրակության մասնակցությունն ապահովելու համար Մինսկի խմբի համանախագահողները մեզ գրավոր տեղեկացրել էին, որ պատրաստ են երկրորդ փուլ տեղափոխել նաև Քելբաջարի հարցը: Այդ հանդիպման եզրակացության միակ առարկության խնդիրը՝ Քելբաջարի հարցն էլ լուծվեց ի նպաստ մեզ: Սակայն դա էլ չգոհացրեց ԼՂ ղեկավարությանը: Մտածելու բան է: Նույնքան կարևոր է հետեւյալ կետը: Ըստ 1997-ի սեպտեմբերի փուլայինի վրա հիմնված ԵԱՀԿ առաջարկի՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը լուծելու համար պիտի ստեղծվեր Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ եռյակից կազմված հանձնաժողով: Այսինքն՝ ԼՂ-ը պիտի ունենար վետոյի իրավունք: Դա կլիներ ԼՂՀ ղեկավարության, Ազգային ժողովի թե հանրաքվեի միջոցով, ԼՂՀ որոշելիքն էր: Մադրիդյան կամ դրան հետևող այլ փաստաթղթերում նշված սկզբունքներում ավելացել է ԼՂ ինքնորոշման իրավունքը հաստատող այս կամ այն տարբերակող տերմինը, որի իսկական իմաստը չգիտենք. երբ կողմերը չեն կարողացել ճշտել, թե այդ իրավունքը ում է վերաբերում, թե որ կողմը ինչ է հասկանում այդ հավելումից, վաղ է ասել՝ դա լա՞վ բան է, թե՞ ոչ: Կան նաև այլ տարբերություններ՝ Մադրիդյան սկզբունքների ու 1997-ի սեպտեմբերի առաջարկության միջև, սակայն սա այն տեղը չէ, ուր այդ վեճը պետք է ծավալվի: Միաժամանակ, այդ հիմնական տարբերությունները նշելը անհրաժեշտ էր այստեղ: Անշուշտ, շատ բան է փոխվել այս 20 տարվա մեջ, սակայն չի փոխվել Տեր-Պետրոսյանի՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում ներկայացրած տրամաբանության ուժը: Վկա՝ 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմը: Իսկ փոփոխված իրականությունների մեջ չպիտի մոռանալ Հայաստանից շարունակվող արտագաղթը, լուրջ և հիմնավոր տնտեսական աճի պակասը և այլ կարևոր չափանիշներ, որոնք ավելի հստակ են դարձնում այդ հոդվածի տրամաբանությունը: Այս՝ մոտ 20 տարվա ընթացքում ոչ մի հիմնական հարց չի լուծվել: Մի հարց կա, որը հաճախ բարձրացրել եմ. ԼՂ և ՀՀ համար կարևո՞ր է լուծել Ղարաբաղյան հարցը, դա կարելի՞ է լուծել՝ ստանալով մեզ համար անհրաժեշտը և ոչ ցանկալին, քանզի ցանկալին պնդելով կարող ենք կորցնել անգամ մեզ անհրաժեշտը: Վերջին նկատողություն: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք տարբեր պատճառներով պիտի չցանկանային տեսնել հիշատակածս հանդիպման մասին որևէ հրապարակում: Այդ պատճառների մի մասը կարող է լինել նաև լուրջ: Կան մարդիկ, որոնք գուցե մտածում են, թե նման հրապարակումը, մանավանդ այս պահին, կարող է այս կամ այն կերպ վնասել որևէ գործընթաց, որևէ քաղաքական դեմքի կամ ուժի: Առանց վիճաբանությունների մեջ մտնելու կարող եմ ասել հետևյալը. եթե մեր գործընթացները, դեմքերն ու ուժերը այնքան փխրուն են, որ չեն կարող դիմանալ պատմության այս կամ այն փաստին՝ հին թե նոր, դատապարտված են ձախողման ու այդ հարցում իմ օգնության կարիքը չունեն: Ամեն գործիչ պատասխանատու է իր արածի և չարածի, ասածի և չասածի համար, մանավանդ, երբ այդ շարքից որևէ հանգամանք ազդեցություն է թողել մեր երկրի քաղաքականության, ապագայի, պատմության և, ի վերջո, մեր ժողովրդի բարօրության վրա:

Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆ

1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր 25.01.2017