«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը, թե ինքը ջարդել է հարևանի հեռախոսը, կեղծ է համարում։
«Ինչու եմ ջարդե՞լ։ Իբր նա նկարում էր միջադեպը, ես էլ՝ 15 տարվա լրագրողս, տեսնում եմ, որ նկարում է, գնում եմ ձեռքից խլում եմ, ջարդում եմ»,֊ ծիծաղելով պատմում է Ղալեչյանը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպանական կազմակերպության տեսանյութում։
Ղալեչյանը չի հերքում, որ վիճաբանություն է տեղի ունեցել իր և իր հարևան Վարդան Հովնիկյանի միջև։ Ավելին՝ քրեական գործում նշված օրը՝ 2015 թվականի հուլիսի 15֊ին, նրանց առաջին վեճը չէր․ Հովնիկյանի հետ խնդիրները սկսվել են տարիներ առաջ, երբ նա, ըստ Ղալեչյանի, անօրինական կերպով ձեռք է բերել իրենց հողատարածքը, և դրա վրա սկսել շինարարություն՝ խոչընդոտելով Ղալեչյանենց տան ելումուտը։
Ըստ քրեական գործի նյութերի՝ հուլիսի 15֊ին Հովնիկյանը հարվածել է հարևան Ղալեչյանի տան դռանը․ դուռը դիպչել է Ղալեչյանի կնոջը՝ Գայանե Խաչատրյանին՝ պատճառվել գանգուղեղային վնասվածքի ձևով առողջության թեթև վնաս։ Հովնիկյանի դեմ մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։
Ղալեչյանը կարծում է, որ իր դեմ մեղադրանքն առաջադրվել է, որպեսզի ինքն ու կինը հրաժարվեն Հովնիկյանի դեմ բողոքից։
«Ուզում են այսպիսով ճնշում գործադրել, որ ես էլ հրաժարվեմ, իրենք էլ հրաժարվեն (բողոքից)», – ասել է լրագրողը։
Ըստ նրա՝ հարևանը կապեր ունի դատախազությունում, ինչի շնորհիվ էլ ավելի վաղ կատարած բռնությունների համար պատիժ ստանալուց խուսափել է։ Նախկինում էլ է նա հարվածել Խաչատրյանին, ջարդել նրանց տան գույքը, սակայն հարուցված քրեական գործը, ըստ լրագրողի, կոծկվել է։
Ըստ Ղալչեյանի՝ իր դեմ առկա միակ ապացույցը ջարդված հեռախոսն է։
«Ասենք, եթե ներկայացնեին ջարդված ՏՈՒ֊144 ռեակտիվ ինքնաթիռ, համարելու էին, որ ես խփել եմ․․․ Կա տեսաձայնագրություն, կան վկաներ։ Միջնորդում ենք, որ կանչեն վկաներին, մերժում են։ Ոչ մի ապացույց չեն կցում գործին»,֊ քննությունից բողոքել է Ղալեչյանը։
Լրագրողը հույս է հայտնել, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն արդար դատավճիռ կկայացնի։