Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները բացասաբար կազդեն Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա, կհանգեցնեն երկրում առկա ավտորիտարիզմի ու հակաարևմտյան հռետորաբանության ուժեղացման։ «Կովկասյան հանգույց»֊ի հետ զրույցում նման կարծիք են հայտնել ադրբեջանցի քաղաքագետները՝ նշելով, միևնույն ժամանակ, որ հանրաքվեի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենա միջպետական հարաբերությունների վրա։
Թուրքիայի սահմանադրական 18 փոփոխությունների փաթեթը, որը զգալիորեն ընդլայնում է նախագահի լիազորություններն ու վերացնում վարչապետի պաշտոնը, առաջարկվել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։
Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ հանրաքվեին հաղթանակ են տարել սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները։ Նախնական հաշվարկի համաձայն, Սահմանադրությունը փոփոխելու օգտին քվեարկել է քաղաքացիների 51 տոկոսը, իսկ մասնակցության ցուցանիշը կազմել է 86%։
Ընդ որում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախքան հանրաքվեի վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակումը զանգահարել է Էրդողանին ու շնորհավորել նրան «հանրաքվերի բարեհաջող անցկացման» կապակցությամբ։
Ադրբեջանում գործող ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին «Կովկասյան հանգույց»֊ին ասել է․ «Թուրքիայի հանրաքվեն շարունակում է տարածաշրջանում կառավարման ավտորիտար մեթոդների ուժեղացման՝ վերջին տարիներին նկատվող միտումը։ Մասնավորապես, ցավալի է իշխանության կենտրոնացումը մեկ ուժի ձեռքերում, խորհրդարանի լիազորությունների կրճատումը, գործադիր իշխանության՝ դատական համակարգի նկատմամբ վերահսկողության հաստատումը»։
Հաջիբեյլիի համոզմամբ, Թուրքիայում ներկայումս տեղի ունեցող գործընթացներն Ադրբեջանի իշխանություններին էլ ավելի կխրախուսեն գործել ավտորիտարիզմի ուժեղացման ու մարդու իրավունքների ճնշման ուղղությամբ․ «Հանրաքվեի արդյունքները չեն խթանի ժողովրդավարության զարգացումը ոչ Թուրքիայում, ոչ էլ Ադրբեջանում»։
Հանրապետական այլընտրանք շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի խոսքով, հանրաքվեի արդյունքները «Թուրքիայի հասարակությանը երկու կեսի են բաժանել»։
«Չնայած փոփոխությունների կողմնակիցների հաղթանակին, ապագայում կառավարական որոշումներ կայացնելիս իշխանությունները հասարակության կողմից մեծ ազդեցություն են զգալու։ Հետևաբար, հանրաքվեին Էրդողանի հաղթանակը չեզոքացվելու է։ Ընդհակառակը, «կողմ» և «դեմ» ձայների չնչին տարբերությունը կարող է նոր ու լուրջ խնդիրներ առաջացնել Թուրքիայի հասարակությունում»,֊ նշել է նա։
«Թուրքիան Ադրբեջանի համար բարեկամական երկիր է։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ունի Ադրբեջանի տեղեկատվական տարածքի վրա ազդեցության մեծ հնարավորություններ։ Թուրքիայից եկող հակաարևմտյան հռետորաբանությունը կարող է էլ ավելի տարածվել Ադրբեջանում»,֊ հավելել է Ջաֆարլին։
Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծում է, որ հանրաքվեի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենա միջպետական հարաբերությունների զարգացման վրա․ «Բացի մշակութային ու պատմական կապից, Թուրքիան ու Ադրբեջանը նաև դաշնակիցներ են․ ի հավելումն, երկու երկրները սերտորեն կապված են տնտեսական շահերով։ Թուրքիան Ադրբեջանի ամենախոշոր առևտրային գործընկերն է․ երկու երկրներն ունեն խոշոր՝ միլիարդավոր դոլարների չափով փոխադարձ ներդրումներ։ Թուրքիան այսուհետ Ադրբեջանին կաջակցի նաև ղարաբաղյան հարցում»։