ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը՝ ՀՀ դատախազության անգործության վերաբերյալ:
Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ դատարանն այս որոշումով հաստատել է՝ ՀՀ դատախազությունը, անգործություն դրսևորելով, խախտել է Եղնուկյանի իրավունքները։
«Սա բավական լուրջ որոշում է, և պետք է հետևանք ունենա, որպեսզի բոլոր դատախազները, ովքեր մինչև այսօր հսկողություն են իրականացրել պատասխանատվության ենթարկվեն՝ ընդհուպ մինչև հեռացվեն։ Այս որոշումը նաև նշանակում է, որ Դատախազությունը պարտավոր է շատ արագ անդրադառնալ Եղնուկյանի կալանավորման հարցին և նորից քննի այն միջնորդությունը, որով մոտ 40 ԱԺ պատգամավորներ, իրավապաշտպաններ, կազմակերպություններ և այլ հեղինակավոր անձինք դիմել էին դատախազին և պահանջել, որ Եղնուկյանի հանդեպ խափանման միջոց կալանավորումը վերացվի ու երաշխավորությամբ Եղնուկյանը բաց թողնվի»,- ասել է Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Եղնուկյանն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։