2016 թվականի ապրիլի 6-ի գիշերը սպանված զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի գործերը իրարից առանձնացնելը աղաղակող խախտում է, քանի որ սպանությունները տեղի են ունեցել նույն օրը, նույն ժամին, նույն հանցավոր խմբի կողմից։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։
Նախաքննող մարմնի որոշումը նա այլ կերպ չի կարող բացատրել, քան քննիչների անկարողությունն այս երկու սպանությունները բարդել մեկ զինծառայողի վրա, ինչը նախնական մտադրությունն է եղել, և, այսպես, նոր վարկածներ են մոգոնել։
«Համաձայն քննիչ Գևորգյանի նախնական վարկածի՝ ապրիլի 6-ին Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժին մեղայականով ներկայացել էր շարքային Դավիթ Դումիկյանը և հայտնել, որ ինքն է սպանել համածառայակիցներ Ավետիսյանին և Արամյանին։ Իբր Դումիկյանը մտել է վրան, որտեղ գտնվել է Արամյանը, և անկանոն կրակելով՝ սպանել է նրան, իսկ Ավետիսյանին սպանել է վրանից դուրս։ Պատճառն այն է եղել, որ ավելի վաղ Ավետիսյանն ու Արամյանը հայհոյել ու նվաստացրել էին իրեն: Նույն օրը երեկոյան Դումիկյանը հրաժարվել է այս ինքնախոստովանական ցուցմունքից։ Դումիկյանի դեմ ցուցմունքներ են տվել նաև մի քանի վկաներ՝ ճնշումների տակ լինելով, սակայն նրանք էլ հետագայում հրաժարվել են այդ ցուցմունքներից», ֊ ասել է Մարտիրոսյանը։
Գրիգոր Ավետիսյանի սպանության նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան, իսկ Սուրեն Արամյանի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է։
Տուժող կողմն այս որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով, սակայն, չի պատասխանել։ «Ժամկետներն անցել են, առ այսօր ոչ մերժում եմ ստացել, ոչ բավարարում։ Ես գիտեմ, թե ինչու չի պատասխանում։ Եթե միջնորդությունը մերժեն, ես կբողոքարկեմ բոլոր ատյաններին և ապա՝ Եվրոպական դատարան», ֊ ասել է Մարտիրոսյանը։
Գլխավոր դատախազությունը չի անդրադարձել նաև այս գործով սպանված Գրիգոր Ավետիսյանի հոր՝ Հերմոն Ավետիսյանի հանցագործության մասին հաղորդմանը։ «Ավետիսյանը հաղորդել է, որ դեպքի օրը գործով քննիչ Գևորգյանը և նրա բաժնի պետը հանցագործություն են կատարել․ զենքերը փաթեթավորելու և կնքելու փոխարեն, ինչը օրենքի խստագույն պահանջն էր, քննիչը զենքերը հանձնել է իր բաժնի պետին, վերջինս էլ այն լցրել է «Նիվա» մակնիշի մեքենայի բեռնախցիկի մեջ, ինչի ականատեսն է եղել սպանվածի հայրը՝ Հերմոն Ավետիսյանը։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժող կողմի հաղորդումը պետք է քննության առնվեր անհապաղ, իսկ դրան քննություն տրվեր 10 օրվա ընթացքում: Սակայն կոպտորեն խախտվել է օրենքը և 5 ամիսների ընթացքում չնայած տուժող կողմը շարունակել է հաղորդումներ ուղարկել բոլոր պատկան մարմիններին, այդպես էլ հաղորդմանը ընթացք չի տրվել։ Այսօր Ավետիսյանը ծանուցագիր է ստացել։ Քննիչ Սարգսյանը ապօրինաբար ծանուցագրով իր մոտ է հրավիրել զինվորի հորը որպես վկա ցուցմունք տալու նպատակով: Ավետիսյանը հրաժարվում է գնալ և ցուցմունք տալ քննչական խմբի կազմում, որի անդամ է այն նույն Գևորգյանը, որին տուժող կողմը մեղադրում է հանցագործության մեջ։ Քանի որ հարցը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապացույցների կեղծմանը, այս հաղորդումը պետք է քններ Հատուկ քննչական ծառայությունը», – եզրափակել է Մարտիրոսյանը։