Ռուբեն Վարդանյանը ուրիշ է: Նույն Արա Աբրահամյանի թայը չէ. ռուսերեն խոսալ գիտի, անգլերեն էլ է խզարում: Ամալ Քլունիի ամուսնուն է բերում Հայաստան, ամենաճոպան ուղին է կառուցել տալիս, արվեստ-մարվեստ է ֆինանսավորում, գիտություն-միտություն: Ասում է՝ պետք է զարգացնել Հայաստան բրենդը՝ չսահմանափակվելով ցեղասպանությամբ և Քիմ Քարդաշյանով: Ոչինչ որ պարծենում է տեղացիներին կեղեքող բանկի հաջողություններով, ֆինանսավորում աբորիգեններին թունավորող և տարածքները ամայացնող հանքարդյունաբերությունը: Կարևորը բրենդն է, փուչիկ փչելը, որը կփակի տգեղ թեմաները: Փուչիկները պայթելուց չեն խոցում այն փչել տվողներին՝ Կարեն Ավագյանը վկա: «Ավրորա» բրենդը նույնքան կապ ունի մարդասիորւթյան հետ, որքան Դիլիջանի միջազգային դպրոցը՝ հայաստանյան կրթական համակարգի: Բրենդային մարդասիրությունը Մատենադարանում խոսում է Սուդանում վիզ դնող բժիշկներից, իսկ ո՞ր բրենդի զարգացումը կխնդրականացնի հայաստանյան բանտերում, զորամասերում, հիվանդանոցներում, հանքերում, ընտանիքներում, աշխատավայրերում տառապող մարդկանց:
«Ավրորայի» գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, որ Հայաստանում մրցանակաբաշխությունը միանշանակ դրական է ընդունվում: Դա այդպես չէ, ինչը երևում է, օրինակ, սոցցանցերում տեղ գտած արձագանքներից.
Զառա Հովհաննիսյան
Ես տեսնում եմ ոչ բավարար կոնցեպտուլ հիմք, որ հենց այս երկրում տեղի ունենա այդ մրցանակաբաշխությունը, հենց այս հանրությունից գնա այդ մեսիջը։ Երկրում մենք տեսնում ենք մարդ արժեքի բացակայությունը։ Մենք չենք տեսնում, որ երկիրը, պետությունը, հասարակությունը գնահատում է մարդուն։ Այդտեղ նստած է այն էլիտան, որը պարբերաբար, ամեն օր ոտնահարում է մարդկանց իրավունքները։
Հովհաննես Իշխանյան
Ավրորայի հերոսներ են էնպիսի մարդիկ, որոնց նմաններին Հայաստանում ազգի դավաճան ու գրանտակեր են ասում։ Դրա համար հայաստանցի մարդասերների անուններ չկան էդ արարողությանը, բայց կան ծափ տվող ազգի դավաճաններ ասողներ:
Դավիթ Ստեփանյան
«Ավրորան» այլ բան չէ, քան մարդու՝ մյուսին օգնության ձեռք մեկնելու մղման այլասերում և շոուի առարկայի վերածում․ մեր նպատակն եղել է այն, որ մարդիկ սկսեն դժվարությամբ տարբերել իրական մարդասիրությունը մարդասիրական ֆիլմերից և մեդիա պատումներից, որպեսզի ոչինչ չվրիպի մեդիայի մսաղացի միջով անցելուց, մրցանակաբաշխվելուց և վերահսկողության տակ առնվելուց։ Ձեր մարդասիրական հուզմունքներով գլուխս չհարթուկեք ։)
Արման Ալեքսանյան
Ցանկացած մեծ փողերի հետևում՝ լինի բարեգործական, թե մարդասիրական նպատակներով հատկացվող, կան ինչ-որ օլիգարխներ, ապորինի տարրեր: Բանկիրը ո՞նց կարա բարեգործ լինի։ էդ բանկը տներ չի՞ խլում իրա սննկացած հաճախորդներից, թե՞ մեկից խլում, մյուսին ա տալիս։
Վահրամ Սողոմոնյան
Ավրորայի ժամանակ հուզվելիս հիշեք, որ Հայաստանի 50 տոկոսը դառը աղքատության մեջ է։
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ևս անդրադարձել է «Ավրորային», որի նախաձեռնողները՝ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, միաժամանակ նաև «Ամերիաբանկի» խորհրդի անդամներն են։ Այս բանկը վարկ է տրամադրել Հայաստանի էկոլոգիայի համար վտանգավոր մի ծրագրի՝ Ամուլսարի հանքի շահագործմանը։
Բնապահպանները նամակ են ուղղել Վարդանյանին ու Աֆեյանին, որը ներկայացնում ենք կրճատումներով․
«Բանկի տնօրենների խորհրդի անդամներն եք դուք, ովքեր հանրությանը հայտնի են դարձել սոցիալական, էկոլոգիական, կրթական ու բարեգործական ծրագրերով՝ այդ թվում նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ: Դուք նաև գլխավորել եք «Հայաստան 2020» նախագիծը, որտեղ հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացման ձեր տեսլականում չի եղել, իսկ ձեր մասնակցությամբ հիմնադրված և ութ տարի անց լուծարված «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը» որդեգրել էր հատուկ ռազմավարական ուղղություն՝ նպաստելու Հայաստանի «Հարավային դարպասի» զբոսաշրջային զարգացմանը՝ ներառելով Ջերմուկի զարգացման երկարաժամկետ պլանը։ Արդեն 5 տարի շարունակ բնապահպաններն ու անկախ մասնագետներն ահազանգում և հիմնավոր փաստարկներ են ներկայացնում այն մասին, որ Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումը և նատրիումի ցիանիդի միջոցով ոսկու կորզումը լի է այնպիսի անկառավարելի ռիսկերով, որոնք կարող են մեկընդմիշտ թունավորել Որոտան և Արփա գետերն ու Վայոց Ձորի գյուղատնտեսական հողերը, տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ամենամեծ պաշար հանդիսացող և Հայաստանի Հանրապետության համար ռազավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը: Լուրջ վտանգի տակ է հայտնվելու Ջերմուկ առողջարանային քաղաքը՝ իր հանրահայտ հանքային ջրերի հետ միասին։ Մեզ համար անհասկանալի է այս հակասությունը ձեր գործունեության մեջ․ ինչպե՞ս կարող եք դուք՝ մի կողմից հիմնադրել մարդասիրական ծրագրեր, խոսել Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման մասին, իսկ մյուս կողմից ֆինանսավորել այսպիսի կարճաժամկետ և էկոլոգիական աղետով հղի մի ծրագիր Հայաստանում»: