Հայաստանի ՊՆ-ն հետաքննում է ադրբեջանցի սահմանապահի վիրավորման մասին տեղեկությունը
«Հաստատվելու պարագայում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության», - հայտարարել է ՀՀ ՌՈ-ն
Ազատ են արձակել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը
Դատախազը փոխել է «Սիներջիի» գործով անցնող Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը։ Նրանք ազատ են արձակվել։ «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանն ու «Սիներջի»-ի ներկա աշխատակից Լիլի Մկրյանը կալանավորված էին Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործով։ Նույն գործով կալանավորել էին նաև ընկերության հիմնադիր Աշոտ Հավհաննիսյանին և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների։ տե՛ս 238 մլն-ի վատնում և այլն․ փոխնախարարի ձերբակալության պաշտոնական վարկածը Քննչական կոմիտեից հայտարարել էին՝ քրգործը վերաբերում է պետական մրցույթին, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչականի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջիին»։ Նախաքննությունը հայտարարել է, թե պետությանը պատճառվել է խոշոր վնաս։ «Սիներջիից» հերքել են։ Անի Գևորգյանը և Լիլի Մկրյանը մեղադրվում են հանցագործությանն օժանդակելու հոդվածով։ Բուն հանցանքը, ըստ Քննչականի, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն ու նույն նախարարության ևս երեք աշխատակիցներ են արել։ Նրանք մեղադրվում են իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Էկոնոմիկայի նախարարության ներկա ու նախկին աշխատակիցները տնային կալանքի տակ են։ տե՛ս Ձերբակալված փոխնախարարը վերջերս խնդրահարույց ֆոնդի նախագահ էր նշանակվել Անի Գևորգյանին ու Լիլի Մկրյաննին կալանավորել էին փետրվարի 1-ին։ Նման խիստ խափանման միջոցի ընտրությունը հարցերի տեղիք էր տալիս․ իրավապաշտպանները շեշտում էին՝ երկու կանայք էլ մանկահասակ երեխաներ ունեն, պաշտպանները հայտարարում՝ նրանց մեղսագրվող հանցանքները հիմնավորված չեն։ Դատախազությունից արդարացել են՝ այսօր որոշել են փոխել կանանց խափանման միջոցը, քանի որ ցուցմունքներն արդեն վերցրել են, առերեսումներն արդեն ավարտվել են և «էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը»։ Գևորգյանն ու Մկրյանը ազատ են արձակվել գրավի դիմաց՝ չբացակայելու պայմաներով և երաշխավորությամբ։ «Սիներջի» ընկերության հիմանդիր Աշոտ Հովհաննիսյանը մնացել է կալանքի տակ։ Ավելի վաղ «Սիներջին» հայտարարել էր՝ իր աշխատակիցներին առաջադրած մեղադրանքները հիմնազուրկ են։ «Նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը», - ասված էր ընկերության հայաստանյան մասնաճյուղի հայտարարության մեջ։ «Սիներջիից» հավելել էին՝ լիովին կողմնակից են արդարադատության կայացմանը և պատրաստ են աջակցել քննությանը բոլոր փուլերում, բայց իրենց գործընկերների կալանավորումն անհասկանալի և անհիմն են համարում, խնդրում և պահանջում են նրանց ազատ արձակել։ Հայտարարության հրապարակման հաջորդ օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից տեղեկացրել էին, որ որոշել են երաշխավորություն ներկայացնել «Սիներջիի» կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար։
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». սպայի խոստովանականից
Վարդենիսի (Ազատ գյուղ) զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությանն այսօր ցուցմունք է տվել հինգ մեղադրյալներից գլխավորը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը։ Նա հաստատել է պաշտոնական վարկածը, ըստ որի՝ հունվարի 19-ի կեսգիշերն անց ինքը փորձել է վառել կացարանի մուտքի մոտ գտնվող վառարանը, որպես կպչան ավտոբենզին է օգտագործել, կայծից հրդեհ է բռնկվել, ինքը այրվածնքեր է ստացել և մեխանիկորեն մի կողմ շպրտել 5 լիտրանոց բենզինի տարան, որն ընկել է կացարանի մեջ։ Հրդեհի էպիկենտրոնը եղել է մուտքի մոտ, զինվորները ներսում են եղել, տնակի պատուհաններին փակված էին ճաղավանդակներով։ Ժամկետայիններից երկուսին՝ ճաղավանդակները ծռելով, հանել են դրսում գտնվող ծառայակիցները։ Զինվորներից մեկը փորձել է դրսից փլուզել կացարանի որմը՝ «Ուրալով» երկու անգամ հարվածել է պատին, բայց ուշ է եղել։ 15 զինծառայող մնացել է կրակի մեջ։ Սևանի դատարանում կապիտան Հակոբյանը հաստատել է պաշտոնական վարկածը․ «Պաժարն իմ սխալմունքով է եղել»։ Հրդեհի բռնկման պահին, ըստ նրա, ինքն ու օրապահ Լևոն Խառատյանը փորձել են հանգցնել հրդեհը, հետո սկսել են բղավել, որ ննջարանում գտնվող զինվորները դուրս գան։ «Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը ներս է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դռան կողմը, դեպի վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի պատալոկը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ Ինքը 2 անգամ մտել դուրս է եկել, ինձնից շատ է այրվածք ստացել։ Պաժարն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել։ Էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Երբ կրակն էի հանգցնում, ձայները լսում էի՝ լուսամուտի գոռում էին «տղերք, պաժար է, դուրս եկեք»։ Ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։ Եթե իմանայի, որ իրենք դուրս չեն եկել, ես էլ դուրս չէի գա տնից։ Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտից դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ ու տեսել, որ ճաղավանդակը ծռել են՝ Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել։ Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ։ Երբ որ բռնեցի, մայկան ճղվեց։ Այդպես էլ չկարողացա երրորդին փրկել», - պատմել է կապիտանը։ Հակոբյանը հերքել է խոսակցությունները, թե ինքը թմրանյութ է օգտագործել: Մինչ այդ ցուցմունք է տվել նաև գործով անցնող վկան՝ օրապահ Լևոն Խառատյանը: Պաշտպանական կողմի գրեթե բոլոր հարցերին նա նույն պատասխանն է տվել՝ «չեմ հիշում»: Չնայած դատարանում նա գրեթե ոչինչ չի պատմել, պաշտպանական կողմը պնդում է՝ նախաքննության ընթացքում օրապահը մանրամասն նկարագրել է հրդեհի օրը տեղի ունեցած դեպքերը։ Զոհված 15 զինծառայողներից 13-ի իրավահաջորդներին ներկայացնում էր փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Պաշտպանը շարունակ հայտարարում էր, թե Խառատյանի ցուցմունքում հակասություններ կան․ «Միջդատական ընթացքում ինքը բոլորովին այլ իրավիճակով է բնութագրել , դատաքննության ընթացքում մի քանի անգամ այլ ձևով», մի անգամ նա ասել է, թե հրդեհից հետո հիվանդանոցում զրուցել է Եղիշե Հակոբյանի հետ, հետո հերքել է դա։ Զոհվածների ծնողները և նրանց պաշտպանը սա կասկածելի են համարում։ Մինչ այս նրանք հայտարարել էին՝ սեփական հետաքննությունն են արել, բազմաթիվ հակասություններ են գտել, պաշտոնական վարկածին չեն հավատում։ տե՛ս Երեխաներին բանակ չուղարկեք․ այրված զինվորների ծնողները հետաքննություն են արել Դատարանում այսօր հարցաքննվել է նաև մյուս մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը: Ասել է՝ Եղիշե Հակոբյանից իմացել էր, որ մինչ այդ զինվորներից մեկի ծնողներն են կացարան եկել, ճաշել են: Տուժողների ներկայացուցիչը նրանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ այդ ընթացքում թմրանյութ է օգտագործվել, որևէ բան այդ մասին կապիտանը պատմե՞լ է: «Հաց ուտելուց հետոյվա շարունակությունը ինքն էլ չի իմացել, թե ինչ է եղել», - պատասխանել է Սարգսյանը: ծնողների հարցերը Որդեկորույս ծնողները դժգոհ են նախաքննությունից, չնայած գործն արդեն մի քանի ամիս է դատարանում է։ Անցած ամիսների ընթացքում նրանք մի քանի անգամ բողոքի ցույցեր և ասուլիսներ են հրավիրել, ահազանգել են՝ կացարանում ոչ կանոնադրական հարաբերություններ են եղել, զոհված տղաները նախկինում պատմել են սպաներից մեկի հետ կոնֆլիկտի, ծեծկռտուքի մասին։ Ծնողները չեն բացառում, որ հրդեհը «կազմակերպվել է» ինչ-որ այլ բան թաքցնելու համար։ Ինչո՞ւ են 20-ից ավել զինվորների պահել երկսենյականի փոքրիկ տնակում՝ առանց տարրական կենցաղային պայմանների։ Ինչո՞ւ է վառարանը մուտքի մոտ տեղադրված եղել, ինչո՞ւ էին բոլոր պատուհանները փակված ճաղավանդակներով։ Ինչո՞ւ էր ԱԻՆ գնդապետն ի սկզբանե հայտարարում, որ զոհերի մարմինները մահճակալների վրա են հայտնաբերվել։ Ինչո՞ւ է նրա այս հայտարարությունը հետագայում հերքվել՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Ինչո՞ւ ԱԻՆ-ը դեպքի վայրի լուսանկարներ չի արել, ո՞րն է պատճառը, որ այրված զինվորների մարմինները և կացարանը չեն նկարահանվել։ Ովքե՞ր են զինվորների մարմինները դուրս հանել ննջարանից մինչև քննչական գործողությունների սկսվելը։ Ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը։ Եթե հրդեհը բենզինից է բռնկվել, ինչո՞ւ է դատաբժշկական փորձաքննությունը փաստում, թե զինվորները մահացել են շմոլ գազի թունավորումից։ Պաշտոնական վարկածից բացի՝ այլ վարկած քննվո՞ւմ է տե՛ս Ինչ են արել զինվորների հետ հրդեհից առաջ. հարազատները փողոցներ էին փակել Դեպքից հետո զոհերի հարազատները այցելել են այրված կացարան, «մաղել են ամբողջ հողը, 7 հեռախոս են գտել, ժամացույցներ են գտել»։ Հարցնում են՝ ինչպե՞ս է ստացվել, որ քննիչներն այս առարկաները չեն առգրավել, չեն կցել գործի նյութերին։ Հարցերի մեծ մասը, ըստ նրանց, անպատասխան է մնացել։ Դատավարությունը դեռ շարունակվում է։
Ճամփի բացակայություն, ցեխ, փոշի, աղբ, շների ոհմակներ․ Մալաթիա-Սեբաստիա
Ճամփի բացակայություն, ցեխ, փոշի, աղբ, շների ոհմակներ․ ահազանգում են երևանցիները
Մեքենաները ջարդվում են, շտապ օգնությունը և տաքսիները հրաժարվում են մտնել այդ տարածք․․․
Պահեստազորայինին սպանել են վառելով. դաստիարակությունից դժգոհ բանակի վիճակագրությունը
2018-2023-ին ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող, 18%-ը՝ ինքնասպանություն
Միջնեկ Ալիևը քվեարկեց Ղարաբաղի ամայացած մայրաքաղաքում
22:00 — Իլհամ Ալիևը, ըստ էքզիթ փոլերի, քվեների մոտ 93 տոկոսով հաղթում է ընտրություններում, որոնցում ո՛չ ընդդիմախոս ունի, ո՛չ էլ մրցակից։ Ադրբեջանական ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 19։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 76,7 տոկոսը՝ շուրջ 5 միլիոն մարդ: Անկախ լրատվամիջոցները հաղորդում են ուսանողների մասնակցությամբ «կարուսելների» և լցոնումների մասին։ 16:06 — Ադրբեջանում հերթական արտահերթ նախագահական ընտրություններն են։ Ընտրությունների մասին երկրի անփոփոխ նախագահը հայտարարել է ուղիղ երկու ամիս առաջ։ Ընդդիմությունից մնացած կառույցները չեն էլ հասցրել պատրաստվել և թեկնածու առաջադրել։ Ադրյունքում Իլհամ Ալիևը 6 ֆիկտիվ մրցակից ունի․ նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք չէին քննադատում նախագահին, ավելին՝ որոշ դեպքերում հրապարակավ կոչ էին անում ընտրել ոչ թե իրենց, այլ հենց նրան։ Ընտրությունների արդյունքները կանխատեսելի են։ Ալիևը Ադրբեջանում նախագահում է 2003 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ինչու էր պետք ժամկետից շուտ նոր ընտրություններ անե՞լ։ Պաշտոնական բացատրությունները իրավական չեն, ավելի շուտ՝ սիմվոլիկ քաղաքական։ Նոր ընտրությունները զուգադիպեցրել են նախագահի առաջնորդության 20-ամյակի հետ, դրանք ամփոփում են նաև վերջին պատերազմների արդյունքները՝ Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ բնակչությունը ամբողջությամբ տեղահանվել է։ 44-օրյա պետարազմից և 2023 թվականի ռազմական ագրեսիայից հետո առաջին անգամ ընտրատեղամասեր են բացվել նաև Ղարաբաղում, որի բնակավայրերի մեծ մասը լքված են և արդեն անմարդաբնակ։ Ալիևի աշխատակազմը հաղորդել է՝ նախագահը քվեարկել է Խանքենդիում (Ստեփանակերտ)։ Ստեփանակերտը գրեթե դատարկ է․ քաղաքը մոտ 2 տասնյակ բնակիչ ունի + ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք գործուղվել են այնտեղ հայ բնակչության տեղահանմանը զուգահեռ։ Ադրբեջանը էթնիկ զտումների փաստը չի ընդունում և պնդում է, որ հայերը հոժարակամ են լքել իրենց տները։ Միջազգային հարթակներում Բաքուն շարունակում է խոսել վերաինտեգրման ձևական ծրագրերի մասին։ Ալիևները՝ Ստեփանակերտում․ Իլհամը քվեարկում է, ֆոնին՝ Մեհրիբանն է, կրտսեր Հեյդարը, Լեյլան և Արզուն Ընտրությունները անցնում են հարթ և առանց վերահսկողության։ Ալիևի «մրցակիցները» իշխանամետ քաղգործիչներ են, հիմնականում՝ պատգամավորներ, որոնք առաջնորդին չեն քննադատում, հակառակը՝ նախընտրական բանավեճերի ընթացքում խոսում են նրա ռազմական նվաճումների, հատկապես՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին։ Ինքը՝ Ալիևը, ոչ հիմա, ոչ էլ նախագահության անցած 20 տարիների ընթացքում բանավեճերի չի մասնակցում։ Նախընտրական ձերբակալություններ Ընտրությունների ետնաբեմում զանգվածային ձերբակալություններ են՝ Ադրբեջանի ուժային կառույցները շինծու մեղադրանքներով բերման են ենթարկում և կալանավորում անկախ լրագրողներին և բլոգերներին։ տե՛ս Ադրբեջանում բոլորը գոհ են կամ «լրտես» Ամեն ինչ սկսվել է նոյեմբերին՝ Abzas Media-ի խմբագրակազմի ազատազրկումից։ Ընթացքում կալանավորել են նաև Kanal13 առցանց ալիքի աշխատակիցներին և մի քանի այլ լրագրողների։ Իշխանական քարոզիչները նրանց մեղադրում են Միացյալ Նահանգների հետ համագործակցելու մեջ, ամերիկյան համալսարանների շրջանավարտներին լրտեսություն է մեղսագրվում, զուգահեռաբար խոսվում է Վաշինգտոնի հայամետության մասին։ Միացյալ Նահանգների դեմ արշավը Ադրբեջանի իշխանությունները և նրանց ենթակա ԶԼՄ-ները ուղիղ չեն պատճառաբանում, բայց վերջին ամիսների հրապարակումներից պարզ է՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն է։ Ադրբեջանական կողմը ավելի վաղ հրաժարվել է Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին մեկնելուց, մերժել է նաև Միացյալ Նահանգների եվրոպական գործընկերների առաջարկած հարթակները։ տե՛ս Դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև Բանակցություններում ճգնաժամ է՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, Բաքվի հռետորաբանությունը գնալով սինխրոնիզացվում է ռուսական կողմի հայտարարությունների հետ։ տե՛ս Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը AbzasMedia-ն, որը առաջինն էր թիրախի տակ հայտնվել, հայտնի է հակակոռուպցիոն հետաքննություններով։ Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկն էր։ Լրագրողների ձերբակալությունից հետո կառավարամետ Report.az, օրինակ, հայտարարում էր՝ «ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիա հետաքննելով՝ հրատարակությունը ըստ էության զբաղվում է դիվերսիայով»։ AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին մինչ այդ ահազանգել էր՝ բերման ենթարկելիս իրեն ծեծել են և հարցրել՝ ինչո՞ւ եք գրում կոռուպցիայի, այլ ոչ թե Ղարաբաղի մասին։ Լրատվամիջոցի վերջին հետաքննությունները վերաբերում էին Ադրբեջանի նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին։ Խմբագրությունը գրում էր կոռուպցիոն գործարքների մասին։ Չնայած քարոզչական արշավը շեշտը ամերիկյան լրտեսության վրա է դնում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչներին ոչ թե լրտեսություն են մեղսագրում, այլ «ֆինանսական հանցագործություններ»։ Սա առաջին անգամը չէ, երբ մեղադրանքները, որոնք շրջանառվում են կառավարական մամուլում, չեն համընկնում իրավապահների առաջադրած մեղադրանքների հետ։ Նախկին քաղբանտարկյալներ՝ իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին իշխանական ԶԼՄ-ները ժամանակին հայկական լրտես էին հռչակում, թեև քննությունը տարվում էր ֆինանսական հանցագործությունների հոդվածով։ ԵԽԽՎ տվյալներով, Ադրբեջանում այս պահին առնվազն 18 մեդիա աշխատող է անազատության մեջ պահվում։ Դեկտեմբերի սկզբի տվյալներով՝ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը անցել է 250-ը։ Անցած տարի էլ Ադրբեջանում տասնյակ հավատացյալների էին կալանավորել․ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին նրանց այն ժամանակ լրտեսություն, պետական դավաճանություն, թմրավաճառք էին մեղսագրում։ Իրանի հետ հարաբերությունները հետագայում հարթվեցին, քաղբանտարկյալները մնացին բանտում։ տե՛ս Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի Արևմուտքի հետ հրապարակային «առճակատում» Ընտրությունների նախաշեմին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մեկ տարի ժամկետով դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Քաղաքական սանկցիան հիմնավորվել է մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններով, քաղբանտարկյալների թվի աճով, Լեռնային Ղարաբաղի երկարամսյա շրջափակման և 2023 թվականի ռազմական ագրեսիայի վերաբերյալ կառույցի ընդունած բանաձևերն անտեսելու՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությամբ։ Որոշման մեջ ԵԽԽՎ-ն նաև ափսոսանք է հայտնել, որ չի հրավիրվել հետևելու այսօրվա նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանը, որպես մոնիթորինգի ենթակա երկիր, ունի հրավեր ուղարկելու պարտավորություն։ Ադրբեջանը Եվրոպական խորհդի այս որոշմանը արձագանքել է վերջնագրերով։ Ավելին՝ օրեր առաջ Ադրբեջանի իշխանությունները արգելել են ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքը երկիր․ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից նա հետ է ուղարկվել։ Հեյդար Ալիևը այսօր վերավերաընտվող Իլհամ Ալիևի հայրն է։ Ավագ Ալիևը խորհրդային տարիներին ԿԳԲ-ի ծառող է եղել, 1969 թվից մինչև 1982 թվականները ղեկավարել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը, որի փլուզմանը զուգահեռ սկսվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի։ Պատերազմի վերջին փուլում՝ 1993 թվականին, նա դարձել է արդեն անկախ Ադրբեջանի նախագահ և պաշտոնավարել մինչև մահը։ 2003 թվականին նախագահի պաշտոնը «ժառանգվել է» նրա որդում՝ Իլհալ Ալիևին։ Կրտսեր Ալիևի նախագահության օրոք ավագ Ալիևը վերածվել է «ազգային հերոսի»՝ նրա ծննդյան օրը տոն է հռչակվել, Ադրբեջանի կառավարությունը երկրի ներսում և երկրից դուրս Հեյդար Ալիևի հուշարձաններ է կառուցում, նրա պատվին փողոներ և հրապարակներ էին անվանափոխում։ Տարիներ առաջ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին 10 տարվա ազատազրկման էին դատապարտել, ընդդիմությունը բացատրում էր՝ ակտիվիստները համարձակվել էին կպնել սրբավայրին։ Ադրեն 30 տարի է Ադրբեջանը ղեկավարում է Ալիևների կլանը։ Իլհալ Ալիևի կինը տարիներ առաջ նշանակվել է երկրի փոխնախագահ։ Նրա դուրստերը՝ Արզուն և Լեյլան, երկրի ամենահարուստ հոլդինգի «համասեփականատերներն» են։ Նրա որդին՝ կրտսեր Հեյդարը, արդեն իսկ մասնակցում է /անհայտ կարգավիճակով/ պետական գերատեսչությունների աշխատանքներին։ Ընդդիմությունը ենթադրում է՝ Ալիևը հորից ստացած պաշտոնը մտադիր է ժառանգել որդուն։
Բնապահպաններին ճնշելով՝ գնում եք Ադրբեջանի ճանապարհով
Իբր թե հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները սպասարկում են ադրբեջանական շահը․․․
ՔՊ-ն թանկացնում է տրանսպորտի գները
100 դրամի փոխարեն ուղևորները, կախված փաթեթից, վճարելու են 100-ից մինչև 260 դրամ։ 100 դրամ վճարելու համար պետք է տարեկան փաթեթ վերցնել ու ամեն օր միջինում 2․7 անգամ տրանսպորտ նստել
Հայաստանը կատարում է բելառուս քննիչի պատվերը․ արտահանձնել չի կարելի
Իջևանի դատարանը կալանքի տակ է առել բելառուսցի «դասալիքին», որին ձերբակալել են Վրաստանի հետ սահմանին՝ Բելառուսի ՆԳՆ պահանջով։
Արեշում պայթյունը «գազի արտահոսքի և կրակայրիչի հետևանք» էր. 2 զոհ (թարմացված)
Նոր Արեշում պայթյունից 2 տուն փլուզվել է։ Փլատակների տակից 1 տղամարդու և 1 կնոջ են հանել։ Հետո հայտնաբերվել է 2 դի։
«Ջերմուկն» ու Գռզոն գտել էին ՔՊ-ին ապօրինի փող տալու ձևը
Կազմակերպված սխեմայով անհայտ ծագման գումարներ են ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավին՝ երբեմն անտեղյակ քաղաքացիների անվան տակ