«Է՜հհ, տղա ունենալու ճանապարհը շա՜տ դժվար է․․․»
(Գավառ, կին, 30 տ․)
Վերջին տարիների հետազոտությունները վկայում են Հայաստանում հղիության արհեստական ընդհատման հաճախակի բնույթի մասին՝ տղա երեխայի նախընտրությամբ պայմանավորված։ Այս մասին փաստում է նաև այս տարի 4 մարզերի (Արագածոտն, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք) 11 համայնքներում «Վորլդ Վիժն»֊ի աջակցությամբ անցկացված «Ինչպե՞ս տղա ունենալ․ Արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» թեմայով հետազոտությունը։
Հետազտության հեղինակ Ռուզաննա Ծատուրյանը նշում է, որ մինչև այսօր Հայաստանում կա այն սխալ մտայնություն, թե կինն է պատասխանատու երեխայի սեռի համար։ Դրա համար շատ աղջիկ երեխա ունեցող կանանց ասում են «թամբալ», «մորդ ես քաշել», «չբաշարեցիր տղա ունենալ»։
Ծատուրյանն ընդգծում է, որ տղամարդու՝ որպես պտղի սեռն ապահովողի մասին փաստի ակտիվ հանրայնացումը կարող է նպաստել այն առասպելի ապակառուցմանը, թե կինն է «տղա բերողը»։
Հետազոտության ընթացքում հարցվածները հաճախ հաստատել են Հայաստանում տարածված այն միտքը, թե տղամարդու համար շատ դեպքերում ամոթ է աղջիկ ունենալ․
«Ես ինչը՞ղ կրնամ աղջիկ ունենամ» (Գյումրի, տղամարդ)։
«Ախպերս 3 աղջիկ ունի, ամեն երեխու ծնվելուց առաջն հերս ախպորս կըսեր սոխ կեր, ախպերս թե զզվիմ գը, հետո օր երրորդ աղջիկը ունեցավ, հերս կըսեր, ըբը հըմի չես զզվի քեզնից, որ 3 աղջիկ ունիս» (Շիրակի մարզ, Ամասիա, տղամարդ)։
Կինը, որը ունեցել է տղա երեխա, ընտանիքում կայունության երաշխիք է ձեռք բերում, իսկ աղջիկ ծնվելու դեպքում փոխվում է շնորհավորանքների բովանդակությունը և ձևը․ «Ոչինչ կարևորը առողջ լինի, աղջիկ բերողը, տղա էլ կբերի»։
Տղա ունենալու ցանկությունն այնքան մեծ է, որ հարսանիքների ժամանակ հարսի ձեռքը տղա են տալիս, որ տղա ունենա։ Մինչ օրս տղայի սեռը գուշակվում է երազների, կոֆեի բաժակներ նայելու միջոցով։ Կատարվում են նաև ուխտագնացություններ։
Տղա երեխա ունենալու համար ընդունված պրակտիկա է դիմել «հաշվարկի» մեթոդների։ Անգամ ֆեյսբուքյան էջ կա «Սեռի հաշվարկ», որն առաջարկում է իր ծառայությունները «երջանիկ ընտանիք ունենալու» հարցում։
Համաձայն հետազոտության՝ վերոնշյալ մարզերում հղիանալուց հետո կանայք չեն շտապում գրանցվել․ «Լուռ սպասում են 10-12 շաբաթ, որ հնարավորություն ունենան ճշտել արդյունքները, ապա նոր հանրայնացնեն հղիության փաստը»։
Նշենք, որ արդեն այդ ժամանակ հնարավոր է պարզել երեխայի սեռը և այդ շրջանում օրենքը թույլ է տալիս հղիության արհեստական ընդհատում կատարել։
Սեռով պայմանավորված հղիության ընդատումները կատարվում են երկու եղանակով՝ սեփական ուժերով և բժշկական աբորտով։ Իրազեկվածության մակարդակի բարձրացման զուգահեռ ավելի ու ավելի քիչ կանայք են դիմում տնային մեթոդներով հղիության ընդհատմանը, սակայն հանդիպում են նաևնման դեպքեր։
Վիժեցնող մեթոդների շարքում են թուրմեր՝ պղպեղով և ասպիրինով, 10 հատ կճեպով եփած ձու ուտելը, ծանրություն վերցնելը, բարձր տեղից թռնելը։
«Պացիենտս պատմում է, թե բժիշկ ջան, 2 հատ գարեջուր խմեցի, ասպպիրին խմեցի, հետո մերս ըսավ տատդ ձու կդներ ներսը, հետո ձուն կճպեցի, դրեցի, հետո տաք վաննա նստա, քիչըմ արյուն եկավ․․․ Իսկ հետո այդ կնոջ արգանդը հեռացրին» (Գյուրմրի գինեկելոգ)։
Հետազոտությունը ցույց է տալիս մի շատ կարևոր հանգամանք ևս։ Վերջին տարիներին պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդահտումների մասին շատ է խոսվում, քննարկվում, դատապարտվում, դա բերում է հանրային իրազեկվածության բարձրացմանը, սակայն միևնույն ժամանակ այդ ամենն ունենում է այլ ազդեցություն ևս։
«Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները թիրախավորելու արդյունքում՝ այն ընտանիքները, ովքեր, այնուամենայնիվ, իրականացնում են աղջիկ պտղի «զտումներ», ձգտում են այդ տեղեկությամբ չկիսվել հարևանների հետ, ինչի հետևանքով երևույթը քննարկումների համար դառնում է ավելի փակ», -նշված է հետզոտության մեջ։