Home / Բնապահպանություն / ԱԻՆ֊ը մերժել է հանրային տեղեկատվություն տրամադրել հանքարդյունաբերողի հետ կնքած պայմանագրի պատճառով

ԱԻՆ֊ը մերժել է հանրային տեղեկատվություն տրամադրել հանքարդյունաբերողի հետ կնքած պայմանագրի պատճառով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրաժարվում է հրապարակել Ամուլսարի  ոսկու կորզման գործարանի նախագծին իրենց տված տեխնիկական անվտանգության դրական եզրակացությունը՝ պատճառաբանելով հանքի շահագործման հայտ ներկայացրած «Գեոթիմ» (այժմ վերանվանվել է Լիդիան Արմենիա) ընկերության հետ կնքած պայմանագիրը։

Բնապահպան Լևոն Գալստայանի՝ տեղեկատվություն պահանջող բազմահարց գրությանը ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը պատասխանել է, թե հաշվի առնելով, որ իրենց «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացությունը տրամադրվել է «ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա, եզրակացության պատճենները կտրամադրվեն «Գեոթիմ» ՓԲԸ֊ի համաձայնության առկայության դեպքում»։

Պետական մարմինը առհասարակ չի բացատրել՝ ինչու չի տրամադրում տեղեկատվություն հարցման մյուս կետերով․ Գալստյանը պահանջել էր նաև Ամուլսարի ծրագրի մյուս վտանգավոր օբկեյտների՝ բացահանքերի, հանքավայրի դատարկ ապարների լցակույտի, նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակի մասին եզրակացությունները։

Բնապահպանը տեղեկատվություն դրամադրելու այս մերժումը համարել է անհիմն և դիմել է վարչական դատարան։ Հայցում Գալստյանի ներկայացուցիչները նշում են, որ նախարարությունը խախտխել է Սահմանադրության 51֊րդ հոդվածը (Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք) և «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի մի քանի հոդվածներ։ Օրինակ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա 1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին (…)»:

Նշենք, որ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ֊ն աչքի չի ընկնում հրապարակայնությամբ․ այն անկացվում է հետազոտություններ վթարներից հետո՝ պարզելու արդյոք անվտանգության նորմերը ապահոված են եղել արտադրական օբյեկտներում: Այդ հետազոտություններին մասնակցում են նաև տվյալ ընկերության մասնագետները․ ինչը կասկածի տակ է դնում հետազոտության անաչառությունը։ Հետազոտության եզրակացությունները ԱԻՆ-ը չի հրապարակում։