2015 թվականին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում, պաշտոնական վարկածի համաձայն, ինքնասպանություն գործած Հարություն Համբարյանի գործով անցնող ժամկետային զինծառայող Սմբատ Հայրապետյանը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Հենց Սմբատ Հայրապետյանը և մի քանի այլ զինծառայողներ կազմակերպել են Համբարյանի սպանությունը, պնդում են վերջինիս հարազատները։
Հարություն Համբարյան
Համբարյանի մահն անմիջապես ինքնասպանություն է որակվել, հարուցվել է քրեական գործ, հետագայում գործը կարճվել է, քանի որ, ըստ քննության, հանցագործություն կատարած անձ գոյություն չունի, իսկ Համբարյանն առանց որևէ պատճառի ինքնասպանություն է գործել։ Չնայած դրան՝ զինծառայողի հարազատները և նրանց ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը բարձրաձայնել են զինվորի սպանությունը հաստատող աղաղակող փաստերի մասին։ Մասնավորապես, ինքնաձիգի և փամփշտատուփի վրա, որից իբր ինքնասպանություն է գործել Հարություն Համբարյանը, չեն եղել մատնահետքեր։ Բացի դրանից, կրակոցն արձակվել է հեռու տարածություններից, այսինքն՝ Հարությունը չէր կարող ինքն իր վրա կրակել։
Վերը նշված փաստերը և այլ հանգամանքներ Համբարյանների մոտ վստահություն են առաջացրել, որ տղային սպանել են, իսկ սպանությունը խմբակային է եղել։ Նրանք նշում են, որ այն կոծկվել է ի շահ մի քանի անձանց, և սպանողների թվում կարող էր լինել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատար, ներկայումս ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ազգականը՝ «չաստ նայող» Սասուն Հակոբյանը, նույն Սմբատ Հայրապետյանը և այլք։
Մահվան գործից հետագայում անջատվել է քրեական գործ՝ 5 զինծառայողների դեմ, որոնք, ըստ մեղադրանքի, պաշտոնեական անփութություն են գործել և ականատես լինելով, որ Համբարյանը դեպքից առաջ մի քանի անգամ վիճաբանություն է ունեցել մի քանի ծառայակիցների հետ, այդ թվում՝ Սասուն Հակոբյանի և Սմբատ Հայրապետյանի, չեն հայտնել վերադասներին։ 3-ի մասով գործը կարճվել է՝ վաղեմության ժամկետը անցելու հիմքով։
Սմբատ Հայրապետյանի և ավագ լեյտենանտ Հայկազ Մաթևոսյանի մասով Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունվարի 22-ին վճիռ է կայացրել։
Նրանց դեմ գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
«Պարադոքսալ է, որ այդ երկուսին դատում են միասին։ Նրանցից մեկին՝ Հայկազին, դատում են միայն նրա համար, որ համաձակվել է ազնիվ ցուցմունք տալ Սասուն Հակոբյան անունով ճիվաղի դեմ։ Նրա դրանով պատժել են ու մատ են թափ տվել, որ եթե հանկարծ շարունակես, ավելի խիստ կպատժենք, բայց այդ տղան բացարձակ անմեղ է», -մեզ հետ զրույցում ասել է Ռուբեն Մարտիրոսյանը։
Նա ընդգծել է, որ հենց ավագ լեյտենանտ է վիճաբանության մասին ցուցմունք տվել, սակայն այդ ցուցմունքը վերացվել է մահվան գործով քննության ընթացքում։
Մարտիրոսյանի խոսքով՝ առհասարակ իրենց տվյալ գործով չպետք է ներգրավեին որպես տուժողի իրավահաջորդ, քանի որ իրենք տուժող չեն առհասարակ։
Փորձագետի պնդմամբ՝ այդ սպանությունը կատարել են Սմբատ Հայրապետյանը, Սասուն Հակոբյանը, ևս մի քանի անձինք․ «Միտումնավոր, ձևականորեն Սմբատին դատում են, որ վաղը եթե պարզվի, որ Սմբատը մարդասպան է, իրենք կարդարանան, որ մենք էլ էինք կասկածում։ Մենք իրան դատեցինք, բայց սպանության մասով, ցավոք, փաստեր չունեինք, դե ինչ անենք, չկարողացանք գտնենք։ Բայց մենք էլ իրան չեն արդարացրել։ Սա անում են իրենց ստռախովկի համար»։
Նշենք, որ մինչև դատաքննությունը սկսելը Հայկազ Մաթևոսյանը և Սմբատ Հայրապետյանը միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով։ Չնայած, որ Համբարյանները նշել են, որ դեմ չեն, որ արագացված կարգով քննություն կիրառվի ամբաստանյալներից մեկի՝ Հայկազ Մաթոսյանի նկատմամբ, սակայն դեմ են եղել Սմբատ Հայրապետյանի դեպքում։ Դատարանը, սակայն, նրանց առարկությունը չի համարել փաստարկված և մերժել է։ Ուշագրավ է, որ դատավոր Դավիթ Սարգսյանը նախապես բավարարել է Համբարյանների միջնորդությունը՝ հարցաքննել Սմբատ Հայրապետյանին և մի քանի այլ անձանց, սակայն հետագայում, ինքն իրեն հակասել է, քանի որ որոշում կայացրել գործը քննել արագացված կարգով։ Այդ դեպքում այլևս հնարավոր չէ հարցաքննություններ կատարել։
«Դա աբսուրդ է, որ իրենք արագացված կարգով քննություն են կատարում և վճիռ կայացնում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Համբարյանի քույրը՝ Իսկուհի Համբարյանը։
Նշենք, որ ինքնասպանության գործով Համբարյանները և նրանց ներկայացուցիչը բողոք են ներկայացրել, որի հետո գործը կրկին ուղարկվել է նախաքննության։ Մարտիրոսյանի խոսքով՝ դա հատուկ է արվել, որ ժամանակ անցնի և գործը ուշ հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ «Մենք համոզված ենք, որ այստեղ իրենք գործը չեն բացահայտելու։ Կատարվել է խմբակային մարդասպանություն և ինչքան շատ են մարդասպանների և աջակիցների թիվը, այնքան շատ են շահագրգիռ անձինք, որ գործը փակվի»։