Մի քանի օրից կայանալու է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանի գործով Վերաքննիչ բողոքի նիստը, որով նրա պաշտպան Տիգրան Եգորյանը պահանջում է վերացնել խափանման միջոց կալանքը։ Փաստաբանը հույս ունի, որ արդեն «նոր իրողության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը» Չուգասզյանին ազատ կարձակի։
Գարեգին Չուգասզյան
«Եթե այս հեղափոխությունից հետո օրենքի և իրավունքի շրջանակներում գործելու պատրաստակամությունը ներթափանցի նաև դատավորների շրջան, տվյալ դեպքում այն դատավորի, որը քննելու է այդ գործը, շատ հստակ է, որ կալանքի տեսքով նրա խափանման միջոցը պետք է վերացվի», – ասել է Եգորյանը։
Նա հավելել է, որ եթե գործը քննվի ապաքաղաքականացված իրողության մեջ, ուղղակի լիարժեք կիրառվի օրենքը՝ Չուգասզյանն ազատ կարձակվի, որից հետո արդեն նրա գործի քննությունը կընթանա։
Անդրադառնալով բուն գործին՝ փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն բացարձակապես շինծու է։
Գարեգին Չուգասզյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավլիկ Մանուկյանին մեղադրում են 2015 թվականին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչի մեջ։
Կոչը, ընդգծում է փաստաբանը, դեռևս չի ենթադրում զանգվածային անկարգություններ։
Չուգասզյանին և մյուսներին 2015 թվականի ապրիլի 7-ին ձերբակալել էին, ապա կալանավորել։ Մայիսի 4-ին նրանց նկատամամբ կիրառված խափանման միջոցը փոխվել էր, քանի որ Գլխավոր դատախազության վերահսկողություն իրականացնող դատախազը համարել է, որ այլևս բացակայում է նրանց կողմից նախաքննության վրա ապօրինի ազդեցության ռիսկը։
«Չնայած դրան, 3 տարի անց նա ձերբակալվել է», – ընդգծել է Եգորյանը։
Ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարականի օրը, Չուգասզյանը դուրս է եկել ընդհատակից և միացել է համաժողովրդական հեղափոխությանը, որն էլ, ըստ էության, ընդգծում է Եգորյանը, ակնհայտ ցույց է տալիս, որ նա փախնելու մտադրություն չունի։
Մայիսի 7-ին դատարանի դահլիճից ազատ է արձակվել քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։
Անդրադառնալով այդ դեպքին՝ փաստաբանը նշել է, որ դա ցույց է տալիս, որ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը եղել է քաղաքական դրդապատճառներով․ «Ոչինչ չէր կարող այդ մի քանի օրվա մեջ փոխվել, որը թույլ կտար ենթադրել, որ ինչ-որ նոր իրողություն կա, որով պայմանավորված նախաքննությունից խուսափելու, նախաքննությանը խոչընդոտելու հիմքերը վերացվել են։ Դրանք նույնն էին, ինչ ի սկզբանե»։
Չուգասզյանը հացադուլ էր հայտարարել անմիջապես ձերբակալությունից հետո, 5 օր անց նրան տեղափոխել էին հացադուլավորների խուց։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը շատ հյուծված վիճակում է․ «Նրա առողջական վիճակի գնահատումը պետք է կատարվի՝ նկատի ունենալով, որ հացադուլի մեկնարակը սկսվել է ոչ թե նորմալ բնականոն կետից, այլ երբ նա արդեն իսկ բավական բարդ դրության մեջ էր, քանի որ ընդհատակում էր և արդեն այդ ժամանակ բավական հյուծված էր»։
Միանալով՝ Գարեգին Չուգասզյանի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանն այսօրվանից հացադուլ են հայտարարել։