Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ոչ թե դասական իմաստով քաղաքական ուժ է, այլ նախկին իշխանության ստեղծած կիսամաֆիոզ կառույցի քաղաքական թև։ Քաղաքագետ, պատմաբան Միքայել Զոլյանը Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակն աանդրադարձել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Մի երկու խոսք ՀՀԿ ակտիվացման մասին: Կարող են ասել` ինչ ա եղել որ, քաղաքական պայքար ա, տենց էլ պիտի լինի: Բայց, խնդիրն այն է, որ այսօր ՀՀԿ-ն` իր խորհրդարանական ֆրակցիայով հանդերձ ոչ թե դասական իմաստով քաղաքական ուժ է, այլ նախկին իշխանության ստեղծած կիսամաֆիոզ կառույցի քաղաքական թևն է», – գրում է Զոլյանը։
Այսինքն, ըստ նրա, ՀՀԿ-ն իր ներկա տեսքով ընդամենն ապահովում է այդ մաֆիոզ, ոչ ֆորմալ կառույցի շահերի պաշտպանությունը քաղաքական դաշտում, այդ պատճառով այնքան էլ էական չէ, ինչ գաղափարական դիրքերից է հանդես գալիս ՀՀԿ-ը` ազգային-պահպանողական թե, ասենք, լիբերալ-եվրոպամետ։
«Ակնհայտ է «խորքային պետության» պլանը` հնարավորինս հետաձգել ընտրությունները և սպասել Նիկոլի թիմի ձախողումներին և հետո ետ վերցնել իշխանությունը։ Խորքային պետությունն աշխատում է երկու ուղղությամբ: Հասկանալով, որ անձամբ Նիկոլին կպնելը հակառակ էֆեկտ է տալու, կենտրոնանում են թիմի առանձին անդամների վրա, հատկապես որ նրանցից ոմանք առանձին առիթներ տալիս են: Եվ դա շատ վատ է մեր քաղաքական դաշտի համար: Մյուս ուղղությունն էլ դրսում Հայաստանի նոր իշխանություններին վարկաբեկելն է: Ընդ որում այդ լոբբինգը տարվում է ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում: Սա ևս շատ վտանգավոր է, քանի որ խարխլում է Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը: Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ ապամոնտաժել այդ մաֆիոզ կառույցը, այդ «խորքային պետությունը», որ հա՛մ նոր իշխանությունը հանգիստ աշխատի, հա՛մ էլ իրական, քաղաքական ընդդիմության ձևավորման պայմաններ ստեղծվեն: Եվ, ամենակարևորը, որ հնարավոր լինի հանգիստ խղճով քննադատել Նիկոլենց սխալները, առանց մտածելու, որ դրանով օգնում ես Սերժի վերադարձին», – ասված է գրառման մեջ։