Օգտվելով քաղաքական օրակարգի գերհագեցած լինելու հանգամանքից եւ հասարակության կողմից այլ խնդրիների վրա ուշադրության բեւեռացվածությունից, ՀՀ ԱԺ-ի «Ծառուկյան» դաշինքի մի խումբ պատգամավորներ, չնայած հանրային քննարկում կազմակերպելու նախնական հավաստիացումներին, խորհրդարանի քննարկմանը ներկայացրեցին «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մի նախագիծ, որը, մեր խորին համոզմամբ, ոչ միայն հակասում է միջազգային բոլոր չափանիշներին, այլեւ ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ցանկացած իշխանության համար, քանի որ, ըստ էության, առաջարկված նախագիծն օրինականացնում է «պետություն՝ պետության մեջ» սկզբունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Չցանկանալով խորանալ օրինագծի բոլոր մանրամասների մեջ, նախ ուշադրություն ենք հրավիրում հանգամանքի վրա, որ առաջարկվում է արհմիությունները ձեւավորել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով:
Այլ կերպ ասած՝ միեւնույն կառույցում կարող են միավորվել, ասենք, լրագրողները, խաղողագործներն ու պետավտոտեսուչները: Առաջին հերթին սա ձեւախեղում է արհմիության բուն գաղափարը, քանի որ «արհեստակից» հասկացությունը նշանակում է միեւնույն արհեստի տիրապետող (տես «Արդի հայերենի բացատրական բառարան»):
Հետեւաբար, նման փոփոխության արդյունքում ձեւավորվող կառույցը կարող է անվանվել ցանկացած կերպ, բայց ոչ՝ արհեստակցական միություն: Սրան գումարած, բացարձակապես հասկանալի չէ, թե ի՞նչ գործառույթներ պիտի ունենա նման կառույցը, եթե խոսք լինի շահերի բախման մասին:
Այսուհանդերձ, բոլոր այս, միգուցե՝ տեսական, սակայն խիստ հավանական վտանգները ստվերվում են, մեր կարծիքով, եղած ամենալուրջ եւ հստակ ծրագրավորված վտանգի առաջ, այն է՝ օրենքի փոփոխությունը հնարավորություն է ստեղծում արհմիության անվան տակ ստեղծել մի կառույց, որն ի վիճակի է կաթվածահար անել Հայաստանի պետական եւ մասնավոր սեկտորի աշխատանքը:
Մասնավորապես, խոշոր գործարարները, որոնց շահերից էլ բխեցվում են օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները, կարող են արդեն օրինական հիմունքներով կազմակերպել բողոքի ակցիաներ եւ գործադուլներ՝ կառավարությանը շանտաժի միջոցով հարկադրելով ընդունել իրենց բոլոր տեսակի պահանջներն ու քմահաճությունները:
Սրանից բացի, օրինագիծը նախատեսում է, որ կոլեկտիվ պայմանագրի մեջ կարող են սահմանվել աշխատողի սոցիալ-տնտեսական եւ աշխատանքային իրավունքը բարելավող նորմեր: Մասնավորապես, անհատներին կամ իրավաբանական անձանց պատկանող ընկերություններն իրենց իսկ վերահսկողության տակ գտնվող արհեստակցական կազմակերպությանը եւ անդամներին «դրամական օգնություն» ձեւակերպմամբ որոշակի տատանվող չափի գումար փոխանցելու հնարավորություն են ստանում: Սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառքի օրինականացում:
Եվ եթե այս ակնհայտ իրողությունն ընկալող մարդիկ գործող խորհրդարանում չկան (հիշեցնենք, որ «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ոչ մի դեմ ձայն չէր ստացել), ապա մենք կարծում ենք, որ նման որակի քաղաքական գործիչների կարիք Հայաստանը չունի:
Հաշվի առնելով վերը նշվածը, մենք պնդում ենք, որ օրինագիծն արձակման փուլում գտնվող խորհրդարան բերելը սաբոտաժ է թե՛ պետության, թե՛ քաղաքացիական հասարակության դեմ:
Մենք ՀՀ ԱԺ-ին կոչ ենք անում դեմ քվեարկել «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին: Եվ, վերջապես, մենք ՀՀ-ում գործող բոլոր արհեստակցական կազմակերպություններին կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ՝ այս խայտառակ օրինագիծը տապալելու ուղղությամբ: