Բարև ձեզ: Ես Համբարձում Համբարձումյանն եմ, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորության տարածքային թեկնածու եմ առաջադրվել թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շենգավիթ և Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանները:
Ես գրող եմ, սցենարիստ, դասընթացավար, սակայն ինձ համար խորթ չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքը: Ուսանողական տարիներին ամառային արձակուրդների ժամանակ շինարար եմ աշխատել, 2016 թվականին, երբ մտավոր աշխատանքով զբաղվելու հնարավորություն չկար, մի քանի ամսով մեկնել եմ Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաք և սևագործ բանվոր եմ աշխատել աղյուսե տան շինարարության վրա: Իմ աչքերով եմ տեսել, թե ինչ ծանր պայմաններում են արտագնա աշխատողները վաստակում իրենց ընտանիքների ապրուստը:
Քաղաքական գործիչ, պատգամավոր դառնալը երբեք երազանք չի եղել ինձ համար, այժմ էլ պատգամավոր դառնալով՝ հետաձգում եմ երազանքներիս իրականացումը, օրինակ՝ ֆիլմիս նկարահանումը: Պատգամավորական աշխատավարձը չի շահագռգռում ինձ, որովհետև այժմ էլ նույնքան վաստակում եմ ստեղծագործական աշխատանքով, և ոչ էլ քաղաքական փառքն է հրապուրիչ, որովհետև հստակ գիտակցում եմ, որ քաղաքական փառքը անցողիկ է, այնինչ արվեստագետի փառքը՝ շատ ավելի մնայուն:
Ուրեմն ինչո՞ւ որոշեցի առաջադրվել:
2007 թվականից պայքարել եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգի դեմ, պայքարել եմ հանրահավաքների ու բողոքի ակցիաների գնալով, պայքարել եմ գրելով ու ծաղրելով այդ արատավոր համակարգի էությունը: Այս տարվա մայիսին, բոլոր կանխատեսումներին հակառակ, մեր ժողովուրդը մի աննկարագրելի սխրանքով, միասնական ջանքով տապալեց Սերժ Սարգսյանի իշխանության բռնազավթման ու հավերժացման փորձը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատվեց կապանքներից, որ ավելի քան 20 տարի նրա շուրջ հյուսել էր վարչախումբը: Քաղաքացին հաղթահարեց ընտրակաշառքից ունեցած կախվածությունը, հաղթահարեց իշխանության հանդեպ ունեցած վախը, փշրեց հուսահատության պատնեշը և փառահեղ հաղթանակ տարավ՝ զարմացնելով ու հիացնելով ինքն իրեն ու օտարներին:
Սակայն այս հաղթանակը միայն առաջին քայլն էր: Հեղափոխությունը ազատություն տվեց մարդկանց, բայց ազատությունը կարող է բեռ դառնալ, եթե մարդիկ չկարողանան օգտվել այդ ազատությունից, եթե չկարողանան իրացնել իրենց ստեղծարար ներուժը: Չափազանց մեծ շռայլություն կլինի, եթե մենք չկարողանանք այս հեղափոխությունը վերածել կոնկրետ արդյունքների, եթե չկարողանանք հասնել բերեկեցության, սոցիալական արդարության ու համերաշխության:
Որքան էլ ազատ արվեստագետի կարգավիճակը հրապուրիչ է, այս իրավիճակում ես ինձ պարտավորված եմ զգում տեր կանգնել հեղափոխությանը, պատասխանատվություն ստանձնել և գնալ խորհրդարան, որպեսզի իմ գիտելիքը և կամքը ծառայեցնեմ մարդակենտրոն և արդար պետության կայացմանը:
Իմ ընտրողներին խոստանում եմ բաց և հասանելի լինել, չկորցնել հետադարձ կապը և մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները: Խոստանում եմ քվեարկել միայն խղճի մտոք, հանուն ազատ և արդար Հայաստանի, հանուն քաղաքացիների բարեկեցության ու բարրօրության:
Կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ սոցիալական արդարությունը, կեցցե՛նք մենք, որ կերտելու ենք ազատ և արդար Հայաստանը:
Համբարձում Համբարձումյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ