Home / Կանանց իրավունքներ / Հասմիկ Սարգսյանին կալանավորելն ամենահեշտ ու անարդար ճանապարհն է

Հասմիկ Սարգսյանին կալանավորելն ամենահեշտ ու անարդար ճանապարհն է

Գողությունը վատ բան է, բոլորս գիտենք: Այդ մասին ասում են մեր ծնողները, այդ մասին են ասում սուրբ գրքերը, դա զգում ենք մեր մաշկի վրա, երբ մեզնից որևէ բան են գողանում:

Ուրեմն ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ է հասարակության մի մեծ հատված, այդ թվում իրավապաշտպաններ, փաստաբաններ, արվեստագետներ, լրագրողներ պաշտպանում Հասմիկ Սարգսյանին: Ինչո՞ւ եմ նաև ես կամ իմ ընկերուհիները, որոնցից շատերը երբեք չեն եղել Սիսիան քաղաքում կամ Գորայք գյուղում, ովքեր Հասմիկ Սարգսյանի գոյության մասին իմացել են մի քանի ամիս առաջ միայն, ովքեր բոլորի նման կյանքում հազար ուրիշ խնդիրներ ու գործեր ունեն, այսքան ազդված Հասմիկի ճակատագրով, այսքան կարեկցում նրան և ամեն ինչ անում, որ նա ազատության մեջ լինի: Ինչո՞ւ…

Մտածում եմ ու հանգիստ չեն տալիս հարցերը. ո՞վ է գողը, Հասմիկ Սարգսյա՞նը, թե՞ նրանք, ովքեր նրան 16 տարեկանում ստիպեցին ամուսնանալ անծանոթ տղամարդու հետ, որպեսզի տանը մի ուտող բերան պակաս լինի: Ո՞վ գողացավ Հասմիկի մանկությունը՝ նրա ծնողնե՞րը, կամ 1990-ականներին Հայաստանի զանգվածային չքավորության համար մեղավորնե՞րը, և ուրեմն ինչո՞ւ նրանցից ոչ-ոք բանտում չէ:

Ո՞վ է գողը՝ Հասմիկը, թե՞ նրա ամուսինը, ով ամուսնության երկրորդ ամսվանից մինչև 19 տարի հետո ընտանիքը լքելը նրան անդադար ծեծեց ու խլեց առողջությունը՝ ջախջախված ոտք, ստոծանի, թիկունք, դեմք… հետո նաև Հասմիկից խլեց կացարանը՝ չորս երեխաների հետ նրան փողոց շպրտելով ու տան սեփականության թղթերն այնպես դասավորելով, որ ո՛չ Հասմիկը, ո՛չ երեխաներն այնտեղ բաժին չունենան… ով նաև իր չորս երեխաների նկատմամբ որևէ պատասխանատվություն չի ստանձնում ու հիմա, իմանալով, որ Հասմիկը կարող է կալանավորվել, դիմել է՝ հայրությունից հրաժարվելու համար, որպեսզի ո՛չ ալիմենտ վճարի, ո՛չ էլ երեխաների խնամքը նրա ուսերին մնա: Մի՞թե սրանք ծանր գողություններ չեն:

Ո՞վ է գողը՝ Հասմիկը, թե՞ ոստիկանությունը, որն ամեն անգամ ծեծված Հասմիկին տուն էր ուղարկում ամուսնու հետ բարիշելու և ընթացք չէր տալիս նրա բողոքներին՝ գողանալով պաշտպանված լինելու նրա իրավունքը… այնուհետև, օգտվելով կնոջ անօգնական վիճակից՝ փորձեցին նրան «գործ տվող» դարձնել, ծառայեցնելով ոստիկանական համակարգին… չհամաձայնեց: Հետագայում, գուցե վրեժ լուծելու համար կամ շեֆերին «գործ անելու» իրենց վիճակագրությունը ցույց տալու համար բռնությամբ ստիպեցին 4.000-ի փոխարեն 10.000 դրամի գողություն խոստովանել: Ըստ էության, քրեական գործ սարքեցին, կարևորը՝ «գործը» բացահայտված լիներ։ Նրանք խլեցին մարդու արժանապատվությունը, նրանք օրենք ոտնահարելով, խոշտանգեցին կնոջը, գողացան նրա ազատությունը… բայց նրանցից ոչ֊ոք բանտում չէ, ու նրանց վրա հանցագործի խարանը դաջված չէ:

Ո՞վ է գողը՝ Հասմիկը, թե՞ պետական այն համակարգը, որը ծայրահեղ կարիքի մեջ գտնվող այս կնոջը որևէ նպաստ չէր տալիս, որ նա մեջքն ուղղի… Գիտե՞ք, որ «Փարոսի» ողորմությունը ստանալու համար անգամ պետք է մշտական գրանցում ունենաս: Բայց եթե ծայրահեղ աղքատ ես, որտեղի՞ց քեզ տուն, ո՞վ է թողնելու քեզ իր տանը գրանցվել: Իսկ եթե հարազատություն չունես կողքիդ, տարեց ծնողներդ իրենք են հեռացել այլ համայնք, ուրեմն հանրային սոցիալական ապահովության այս ցանցից էլ ես զուրկ։ Հասմիկի նպաստի հարցը մասամբ լուծվեց միայն 2018թ. հունիսին, և գուցե եթե հասարակական աղմուկը չլիներ, դարձյալ չլուծվեր: Հարցը լուծվեց մասամբ, որովհետև Հասմիկի երեխաներից միայն մեկն է «Փարոսում» գրանցված, իսկ մյուս անչափահաս երեխային չէր կարողանում գրանցել, որովհետև պարտքի դիմաց պարտատերը վերցրել էր երեխաների ծննդյան վկայականները: Ես չգիտեմ, թե ինչեր են տեղի ունենում սոց.ապ. համակարգում, ինչ փողեր են դուրս գրվում անապահով մարդկանց անունով և ուր են գնում այդ փողերը, բայց ակնհայտորեն Հասմիկին ու իր երեխաներին դրանք չեն հասել. ովքե՞ր են Հասմիկի ու նրա երեխաների համար բյուջե վճարած փողերն ուտողները, և ինչո՞ւ նրանց վրա չէ գողի խարանը:

Ուզում եմ իմանալ նաև, թե ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր շահում են բանտում ու մանկատներում մարդկանց թիվն ավելացնելով: Գուցե պետության կողմից բանտեր ու մանկատներ դուրս գրված փողերի մի մասն էլ որոշ անհատների գրպաննե՞րն է գնում: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ պետությունը բանտին ու մանկատանը վճարած գումարի կեսից էլ պակասը ներդնելով կարող էր սոցիալապես ոտքի կանգնեցնել նման ընտանիքներին, բայց համակարգն այնպես է աշխատում, որ նրանք բանտեր ու մանկատներ ընկնեն:

Ո՞վ է գող՝ Հասմի՞կը, թե՞ օրինակ, Սիսիանի քաղաքապետը, ում մասին ասում են, որ տարիներ շարունակ ժողովրդին թալանելով՝ տիրապետում է քաղաքի գրեթե բոլոր սեփականություններին ու բիզնեսներին և ուստի վերահսկում է նաև աշխատաշուկան: Ինչո՞ւ են այսպիսի մարդիկ ազատության մեջ, և ինչո՞ւ նրանց վրա չէ գողի խարանը:

Ինչո՞ւ են վատառողջ Հասմիկին խաբել ու հրաժարվել նրան ու երեխաներին իրենց հասանելիք հաշմանդամության կարգ տալ, որը գոնե կխնայի առանց այն էլ գոյություն չունեցող ֆինանսական միջոցներից դեղերի ու բուժումների վրա կատարվելիք ծախսերը: Ովքե՞ր են գողանում այդ փողերը:

Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր նույնպես տուն չունեն, ապրելու միջոց չունեն, ում երեխաները սոված են, բայց նրանք գողություն չեն անում, ինչ-որ աշխատանք են գտնում, թեկուզ ստրուկի պես, բայց աշխատում են ու պահում իրենց: Շատ են ասում՝ ջահել կին է, ինչո՞ւ չի աշխատում: Հասմիկը պատմում է, որ ամեն գործ արել է՝ հարևանների կովերին է կթել, գոմեր է մաքրել, անգամ աղջկա հետ միասին հովվություն է արել, երբ ամուսնու գյուղում՝ Գորայք են ապրելիս եղել: Հետո, երբ ամուսինը տնից վռնդել է ու եկել են Սիսիան, հացի փռում է աշխատել, բայց միոմա ուներ, երկու ամսվա մեջ 30 անգամ արյունահոսել և ուշագնաց է եղել, ինչպե՞ս շարունակեր աշխատել: Հետո ուրիշ աշխատանք է փնտրել, խնդրել, որ թեկուզ փողոց ավլի, բայց ոչ մի արդյունք, փակ դռներ ամեն տեղ: Մինչդեռ, վստահ եմ, քաղաքապետարաններում կան սոցիալական աշխատողներ, ովքեր վճարվում են Հասմիկի նմաններին օգնելու համար, ՀԿ-ներում կան ծրագրեր նրան ու երեխաներին աջակցելու համար… ովքե՞ր են գողանում այս հնարավորությունները:

Հասմիկի ու նրա երեխաների պատմության տարբեր դրվագներում երևի Հայաստանի կանանց առնվազն կեսն իրեն կգտնի: Ու սա պետք է միավորի նմաններին՝ պայքարելու իրական գողերի դեմ, որովհետև նրանք ոչ միայն Հասմիկից, այլև նրա նման հազարավորներից են գողանում՝ նպաստը, հաշմանդամության կարգ ստանալու իրավունքը, առողջությունը, կրթության իրավունքը, աշխատանքի իրավունքը, տունը, արժանապատվությունը… Իսկ հետո գալիս ու մեղադրում են, թե՝ ամո՛թ, քեզ նման աղքատից ես գողությունն արել: Հասմիկն արդեն վաղուց վերադարձրել է այդ 4000 դրամը, հարևանուհին նրանից բողոք չունի: Իսկ Հասմիկից ու նրա նմաններից գողացողները դեռ ոչինչ էլ չեն վերադարձրել:

Դատարանների ու պետական մարմինների համար շատ հեշտ ու հարմարավետ է օրենքի տառից կառչել, սակայն օրենքի ոգին՝ իրավունքը, ոտքի տակ գցել: Նրանք այդպես են վարվել տարիներ շարունակ, հարյուրավոր Հասմիկների հետ: Հասմիկ Սարգսյանին կալանավորելն ամենահեշտ ճանապարհն է՝ ամենահեշտն ու անարդարը, ամենահեշտն ու անմարդասիրականը: Սարսափելի է, չէ՞… կայացնել նախադեպային վճիռ, որը կարդարացնի ծայրահեղ աղքատության պայմաններում, երեխաներին կերակրելու համար կատարված գողությունը: Չէ՞ որ ստիպված կլինեն ընդունել, որ սա սեփական կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու եղանակ էր, բոլոր այլ եղանակները սպառելու դեպքում։ Իսկ եթե բոլոր ծայրահեղ աղքատները սկսեն գողություն անե՞լ, իսկ եթե բանտերից ազատվեն մի հավ կամ մի կիլո ալյուր գողանալու համար դատապարտված այլ մարդիկ ևս… Պետությունը ստիպված կլինի ի վերջո հոգ տանել ծայրահեղ աղքատների մասին, սոցիալական քաղաքականություն կվարի, բյուջեից հատկացված սոցիալական նպաստներն ավելի դժվար կլինի գրպանել, դատապարտյալների համար հատկացվող գումարները կպակասեն ու կուղղվեն սոցիալական ոլորտ…

Հասմիկի խնդիրը միայն նրա խնդիրը չէ, և երբ այն վերջապես արդար լուծում ստանա, շատ կարևոր նախադեպ կլինի աղքատության մեջ ապրող, բռնությունների ենթարկվող, պետական ու հանրային աջակցությունից հանիրավի զրկված կանանց (և ոչ միայն կանանց) համար։

Արփինե Գալֆայան,
medium.com