հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ապատեղեկատվություն / Սեքսոլոգ դասախոսը հակագիտական ստեր է տարածում

Սեքսոլոգ դասախոսը հակագիտական ստեր է տարածում

Բժիշկ Վարդան Համբարձումյանը բաց նամակ է հղել Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշոտնակատար Արսեն Թորոսյանին և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին՝  բժիշկ, սեքսոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Ներսիսյանի հակագիտական գրառման հետ կապված։

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Բժշկի մասնագիտական ոչ պատշաճ գործունեության և լիազորությունների չարաշահման հարցը քննարկելու պահանջ

Բժիշկ, սեքսոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Ներսիսյանը իր մասնագիտական ֆեյսբուքի էջում 2019 թվականի հունվարի 7-ին արտահայտել է հետևյալ միտքը.

«Ես միանշանակ կողմ եմ սեռակրթությանը, որի տակ հասկանում եմ սեռի ու սեռային հարաբերությունների մասին այնպիսի գիտելիքի յուրացումը, որը միայն կնպաստի ամուր հարաբերությունների և ներդաշնակ սեռական կյանքի կայացմանը։

Բայց ինչո՞ւ են սեռակրթության հիմնահարցերով մտահոգված կազմակերպությունները փորձում համոզել, որ Հայաստանում այս առումով անմխիթար իրավիճակ է ու դա իբր թե կապված է հայ ազգի կաղապարված ու բարդույթավորված մտակեցվածքի հետ, չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Ո՞վ ասեց, որ հայերը սեռականության ոլորտում հետ են աշխարհից, անգրագետ են ու ոչինչ չեն հասկանում։ Այդ ո՞ր մտայնությունն է փորձում շփոթեցնել ու մոլորեցնել մեր ազգի աճող սերնդին։

Ո՞վ ասեց, թե դպրոցներում երեխաներին պահպանակ ցույց տալն ու դրա օգտագործումը բացատրելը առողջ սեռական դաստիարակություն է, ո՞վ ասեց, թե երեխաների գլուխներում պետք է ներմուծել այնպիսի արհեստածին հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ՝ գենդերը կամ անցանկալի հղիությունը կամ բացատրել հղիության ընդհատման մեթոդները։ Ո՞վ ասեց, որ դպրոցական երեխաների ուղեղը կարող է մարսել այնպիսի բառեր, ինչպիսիք են հոմոսեքսուալը կամ տրանսգենդերը։

Ամբողջ արևմտյան աշխարհն այսօր կրում է սեքսուալ հեղափոխության ծանր հետևանքները, ֆեմինիստական շարժումների ավերիչ ազդեցությունը, ամբողջ աշխարհից այսօր գալիս են Հայաստան հարսնացուներ ընտրելու համար, որովհետև գիտեն ու լսել են հայուհիների նվիրվածության և արժանապատվության մասին, գալիս են մեր տղամարդկանցից իմաստություն սովորելու համար, որովհետև տեսնում են հայ տղամարդու անպարտելի ոգին ու անկոտրում կամքը։

Աշխարհում սեռական այլասերվածությունը հատել է իր բոլոր սահմանները, մարդուն դարձնելով կենդանի, անասնական բնազդային ակտ իրականացնողի։ Իսկ հայերն այն քիչ ազգերից են, որ պահպանել են իրենց սեռական իմաստությունը ու դա շնորհիվ այն մշակութային արժեքների, որ կրում ենք մեր մեջ։ Ու եթե մենք ունենք սեռական խնդիրներ, ապա դա ոչ թե հայ լինելու հետ է կապված, այլ այն համընդհանուր պատճառների ու գլոբալ միտումների, որոնք այսօր տիրում են աշխարհում ու կապված են ընդհանուր բնույթի գործոնների հետ։

Ուրեմն վառ պահենք մեր արժեքները ու չկորցնենք մեր ինքնությունը, արտաքինից փայլող, բայց դատարկ սեռադաստիրակչական քարոզարշավներին չմիանանք։ Սեռական առողջությունը մարդուն մարդ դարձնելու միջոցով է իրականացվում, ուրեմն ճանապարհը դեպի առողջ սեռականություն ոչ թե ուղղակի է՝ գռեհիկ նատուրալիստական պատկերներով, այլ անուղղակի՝ ինքնություն կերտող ու տանող ուղիով։»

Բժիշկ Ներսիսյանի գրած տեքստում առկա մտքերը հակագիտական, հակաբժշկական և սխալ են, հիմնված չեն որևէ փաստի (մասնագիտական լեզվով ասած evidence-based չեն), նախակլինիկական կամ կլինիկական հետազոտության վրա և հասարակությանը տալիս են սխալ տեղեկատվություն:

Քննարկումից վեր է նաև այն հանգամանքը, որ բժիշկ Ներսիսյանը արտահայտել է մասնագիտական կարծիքը (ոչ թե անձնական), քանի որ նա հանրությանը հայտնի է որպես բժիշկ, սեքսոլոգ և ԵՊԲՀ դասախոս, և այս միտքը գրել է իր մասնագիտական ֆեյսբուքյան էջում:

Բժիշկ Ներսիսյանի այս արարքը խախտում է բժշկական էթիկայի մասնագիտական և բժշկական իրավունքի նորմերը ստորև ներկայացված հիմնավորմամբ:

Մաս I. Գրաքննություն

ՄԻՏՔ: Ո՞վ ասեց, թե դպրոցներում երեխաներին պահպանակ ցույց տալն ու դրա օգտագործումը բացատրելը առողջ սեռական դաստիարակություն է:

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ: Սեռական կրթության/դաստիրակության կարևոր նպատակներից են դեռահասներին սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (ՄԻԱՎ, հեպատիտ C, հերպես, և այլն) և անցանկալի հղիության մասին տեղեկացնելը: Պահպանակը հակաբեղմնավորման միակ միջոցն է, որը կանխում է թե՛ սեռական վարակների տարածումը, թե՛ անցանկալի հղիությունը:

Հայաստանում երեխաները նույնպես սեռական հարաբերություն են ունենում: Հետևաբար, այո՛, դպրոցներում երեխաներին պահպանակ ցույց տալն ու դրա օգտագործումը բացատրելը կարևոր է  և առողջ սեռական դաստիարակություն է, որքան էլ բժիշկ Ներսիսյանին դա դուր չգա:

ՄԻՏՔ: Ո՞վ ասեց, թե երեխաների գլուխներում պետք է ներմուծել այնպիսի արհեստածին հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ՝ գենդերը կամ անցանկալի հղիությունը կամ բացատրել հղիության ընդհատման մեթոդները։

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ: Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում՝ հայ և հայաստանբնակ երեխաները, ունեն  գենդերային ինքնություն (և դրա սոցիալական դրևորումը գենդեր) և սեռական կողմնորոշում: Այս հատկանիշները կենսաբանական են, ինատ են, պոլիգործոնային են և «արհեստածին» կամ «երեխանեի ուղեղում ներմուծովի» չեն:

Մարդու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ձևավորումը բարդ, բազմագործոնային պրոցես է, և գիտությունը առայժմ ամբողջությամբ չի պարզել այդ հատկանիշների ձևավորման վրա ազդող գործոնները: Այնուամենայնիվ.

1. Վիճակագրական և դեմոգրաֆիկ տվյալները ցույց են տալիս, որ հոմոսեքսուալ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց քանակը որևէ պոպուլացիայում հարաբերականորեն կայուն է, որքան էլ որ «երեխաների ուղեղում ներմուծեն/պրոպագանդեն» նույնասեռ հարաբերություններ կամ կենսաբանական սեռը փոխում:

2. PubMed, Cochrane, ClinicalTrials.gov, գիտական հոդվածների դատաբազաներում չկա որևէ հրատարակված հոդված (peer-reviewed, impact factor-ով) որը կապացուցի բժիշկ Ներսիսյանի այն պնդումները, որ «գենդեր» կամ «անցանկալի հղիություն» հասկացությունները կարելի է «ներմուծել երեխաների գլուխներում»: Չկա որևէ գիտական ապացույց, որ երեխաների և անչափահասների մոտ հոմոսեքսուալության և/կամ տրանսսեքսուալության մասին խոսելիս (այսպես կոչված «պրոպագանդա») երեխային դարձնում է հոմոսեքսուալ, բիսեքսուալ կամ տրանս: Ուստի այս պնդումները հակագիտական դելուզիաների ժանրից են:

(Այսպիսի հակագիտական և չապացուցված պնդումներ է արել նաև բժիշկ, սեքսոլոգ, ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի և կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը, ով պնդել է, որ «Եվրոպական որոշ ծրագրեր կարող են գաղտնի ձևով պրոպագանդել համասեռամոլություն (տեսանյութը)։

ՄԻՏՔ: Ո՞վ ասեց, որ դպրոցական երեխաների ուղեղը կարող է մարսել այնպիսի բառեր, ինչպիսիք են հոմոսեքսուալը կամ տրանսգենդերը։

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ: Ըստ Ֆրոյդի փսիխոանալիզի տեսության, մարդու գենդերային ինքնությունը ձևավորվում է կյանքի անալ փուլում (1-3 տարեկան) և 3 տարեկանում երեխան արդեն ունի ձևավորված գենդերային ինքնություն: Հետևաբար, դպրոց գնալուց արդեն երեխայի գենդերային ինքնությունը ձևավորված է և իր գենդերային ինքնության մասին կարող է խոսել և արտահայտել:

Ավելին, ըստ Հիվանդությունների Միջազգային Դասկարգման  10-րդ հրատարակչության (ՀԱԿ, 1992), 11-րդ հրատարակչության Բետա Դրաֆթի (ՀԱԿ, 2018), ինչպես նաև Հոգեկան Հիվանդությունների Ախտորոշիչ և Վիճակագրական Ձեռնարկի 5-րդ հրատարակչության (DSM-5, APA, 2013) նախա-պուբերտանտ երեխաների մոտ կարող է առաջանալ մանկության շրջանի գենդերային դիսֆորիա/անհապատասխանություն (F64.2 Gender Dysphoria in Children, ICD-10; HA61 Gender incongruence of childhood, ICD-11-beta; 302.6 Gender Dysphoria in Children, DSM-5 ),  երբ երեխայի գենդերային ինքնությունը չի համապատասխանում տրված (կենսբանական) սեռին: Հետևաբար, անկախ բժիշկ Ներսիսյանի ցանկությունից երեխաները առնչվելու են «գենդերային ինքնություն» երևույթին:

Դպրոցական տարիքի տղա երեխաներին հոմոսեքսուալության մասին տեղեկատվություն տալը կարևոր է այն պատճառով, որպեսզի մինչև 18 տարին լրանալը և զինվորական ծառայության զորակոչվելը, տղան հասկանա իր սեռական ինքնությունը:

Վերջապես, երեխաներին որևէ երևույթի մասին վաղ իրազեկելը և տեղեկատվություն տալը կարող է նվազեցնել այդ երևույթի նկատմամբ ագրեսիան և ատելությունը, երբ այդ նույն երեխաները դառնան մեծահասակներ:

Բժիշկ Ներսիսյանը կարծում է, որ երեխաները կոմպետենտ չեն հոմոսեքսուալության և տրանսգենդերույան թեմաներից խոսելու: Ես ինքս աշխատել եմ 10-16 տարեկան մոտ 80 տղաների հետ, ովքեր բավականին հետաքրքրված էին մարդու սեռականությամբ, այդ թվում հոմոսեքսուալության և տրանսգենդերության թեմաներով: Չնայած դրանք ընդգրկված չէին սեռական կրթության ծրագրում, դրա մասին էին վկայում դասընթացի վերջին այն թեմաների մասին տրվող հարցերը:

ՄԻՏՔ: Աշխարհում սեռական այլասերվածությունը հատել է իր բոլոր սահմանները, մարդուն դարձնելով կենդանի, անասնական բնազդային ակտ իրականացնողի։

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ: Բժիշկ Ներսիսյանը բժշկության մեջ նոր կոնցեպներ է մտցնում, ինչպիսիք են «գլուխը մտցնել», «սեռական շեղվածություն», «սեռական իմաստություն»:

Իրեն ԼԳԲՏ խորհրդատու համարող բժիշկ Ներսիսյանը մարդու սեռականությունը, հոմոսեքսուալությունը, տրանսսեքսուալությունը նույնականացնում է «սեռական այլասեռվածության» հետ: Բժշկության մեջ որևէ երևույթ «այլասեռվածություն» չի կարող լինել, և ժամանակակից ալոպաթիկ և գիտական բժշկության համաձայն «այլասերված» մարդիկ չկան:

«Սեռական այլասեռվածություն» եւ «երեխաների ուղեղները ներմուծել» արտահայտությունները վիրավորական եւ խտրական (հոմոֆոբ, տրանսոֆոբ) են:

Մաս II. Իրավական հիմանվորումներ

Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվեցիայի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը համապատասխանաբար սահմանում են խոսքի ազատության և կարծիքի ազատ արտահայտման իրավունքները:

Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվեցիայի 17-րդ հոդվածը արգելում է Կոնվեցիայով սահմանված որեւէ իրավունքի չարաշահումը, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը գենետիկական հատկանիշներից: Գենետիկ գործոնների դերը հոմոսքեսուալության և տրանսգենդերության/տրանսսեքսուալության առաջացման մեջ հաստատվել է twin, chromosome linkage, epigenetic և GWAS հետազոտություններով և տատանվում է 40-60%-ի սահմանններում (տեսե՛ք Polderman et al., 2017; Sanders et al.,2017; Hamer et al., 1993)

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բազմաթիվ որոշումներում պարզաբանել է, որ ատելության, բռնության, խտրականության, ապատեղեկատվության տարածումը խոսքի ազատության իրավունքի չարաշահում է (օրինակ տեսե՛ք M’BALA M’BALA VS France, no. 25239/13 խտրականություն արտահայտելու հարցով գործը):

Ներսիսյանի արտահայտած մտքերն խախտում են նաև Հայաստանի Հանրապետության Հոգեբուժական Օգնության Մասին օրենքի 14-րդ հոդվածը, որի համաձայն հոգեկան խանգարման ախտորոշումը և բուժումն իրականացվում են միջազգային բժշկական ընդունված չափանիշներին համապատասխան և չեն կարող հիմնվել հասարակության ընդունած բարոյական, մշակութային, քաղաքական կամ կրոնական արժեքների հետ քաղաքացու անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների վրա:

ՀՄԴ-10 վերանայման F66 բաժնում (Psychological and behavioural disorders associated with sexual development and orientation) հստակ նշված է, որ «սեռական կողնորոշումնն ինքն իրենով չպետք է դիտարկվի որպես հիվանդություն»: Այս պնդումը վերաբերվում է նաև այսպես կոչված «էգո-դիստոնիկ սեռական օրիենտացիային», որը հայաստանյան սեքսոլոգները սխալ մեկնաբանմամբ «բուժում» էին:

Այնումենայնիվ, 2018 թվականին դեպաթոլոգիզացվել են նաև էգոդիստոնիկ սեռական օրիենտացիան և տրանսսեքսուալությունը:

2016 թվականին Համաշխարհային Հոգեբուժական Ասոցիացիան հստակեցրել է, որ մարդու գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը ինատ են, և հոմոսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց թիվը հարաբերականորեն կայուն են  մարդկության շրջանում:

Հայաստանի Հանրապետության Բնակչության Բժշկական Օգնության և Սպասարկման Մասին օրենքի 19.3 հոդվածը սահմանում է բուժաշխատողների պարտականությունները, որի 8-րդ կետի համաձայն բուժաշխատողը պարտավոր է կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Ուստի Ներսիսյանը պարտավոր էր իմանալ, որ 2019 թվականի դրությամբ հոմոսեքսուալությունը եւ տրանսսեքսուալություննը համարվում են նորմալ երևույթներ են և չկա երեխաներին դրանց մասին իրազեկելը որևէ վտանգ չի ներկայացնում։

Բժշկական Էթիկայի Միջազգային Կոդեսքի (Համաշխարհային Բժշկական Ասոցիացիա, 2006)  համաձայն բժիշկը պետք է միշտ ցուցաբերի անկախ մասնագիտական դատողություն և պահի մասնագիտական գործունեություն ամենաբարձր ստանդարտները:

Ամփոփելով, բժիշկ Ներսիսյանի արտահայտած մտքերը հակագիտական, հակաբժշկական և սխալ են, հիմնված չեն որևէ փաստի (evidence-based), նախակլինիկական կամ կլինիկական հետազոտության վրա և հասարակությանը տալիս են սխալ տեղեկատվություն:

Խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակներում քննարկման դնել բժիշկ Ներսիսյանի մասնագիտական ոչ պատշաճ գործունեության և լիազորությունների չարաշահման հարցը և հանդես գալ համապատասխան դիրքորոշմամբ:

Նոր Հայաստանում հակագիտական գործունեությունը չպետք է տեղ ունենա: