ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետևյալ նոր պահանջները․
«Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որը ներառում է տեղեկատվություն առնվազն՝
1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ.
2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ.
3) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական և տեղական հարկերի և վճարների (ներառյալ՝ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին.
4) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.
5) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.
6) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը և ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը.
7) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ.
8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ.
9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների վերաբերյալ.
10) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված պարտավորությունների վերաբերյալ»:
Իսկ Օրենսգրքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին վերոնշյալ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթների մեջ նշված է․
«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առաջին հաշվետվությունը պարտավոր են լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը:»
Այսինքն ստացվում է, որ ընդերքօգտագործողները վաղուց պետք է ներկայացրած լինեին իրենց տարեկան հրապարակային առաջին հաշվետվությունները լիազոր մարմնին և կառավարության աշխատակազմին։ Իսկ հանրությունն էլ պետք է հնարավորություն ստացած լիներ տեսնելու և ծանոթանալու դրանց մեջ եղած տեղեկատվությանը, քանի որ նույն օրենքով հստակ սահմանված է, որ հրապարակային հաշվետվությունը՝ դա սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների և պետական մարմինների կողմից լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացվող հաշվետվությունն է, որը բաց է հրապարակման համար:
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն ուսումնասիրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը և համապատասխան բաժնում գտել վերոնշյալ հրապարակային հաշվետվության ձևաթղթերը, սակայն այդպես էլ չի հայտնաբերել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի որևէ հաշվետվություն։
ՀԲՃ-ն նախարարությանը պաշտոնական նամակ է ուղարկել, խնդրելով հուշել մեզ, թե որտե՞ղ է կարելի ծանոթանալ վերոնշյալ հրապարակային հաշվետվություններին կամ պարզաբանումներ ներկայացնել դրանց բացակայության պատճառների մասին՝ տեղեկացնելով, թե ե՞րբ հասանելի կլինեն դրանք հանրությանը։
Սա ընդամենը բազմաթիվ դեպքերից մեկն է, երբ ՀՀ օրենքներն ու Կառավարության որոշումները չեն կատարվել կամ թերի են կատարվել լիազոր պետական մարմինների կողմից, որոնց մենք հետագայում դեռ կանրադառնանք։ Մինչ այդ բնապահպանները խնդրում են բոլոր պետական մարմիններին աշխատել ավելի բարեխիղճ, որդեգրել բաց, թափանցիկ և մասնակցային գործելաոճ՝ ապահովելով տարաբնույթ որոշումներ կայացնելու գործընթացների հրապարակայնություն և դրանցում մասնագիտական ու հանրային շրջանակների առավելագույն ներգրավում։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]