Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության մայիսի 10-ի նիստին առաջարկել է կովկասյան ընձառյուծի որսի դեպքում տուգանքը 3 միլիոն դրամից հասցնել 100 միլիոնի, իսկ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առհասարակ առաջարկում է մի քանի տարով արգելել բոլոր տեսակի որսը և սահմանափակել որսորդական փամփուշտների ներմուծումը։
Բնապահպանություն նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչպես նաև Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական և կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքում։ Նպատակն է ապօրինի անտառհատումների նվազեցումը և պատիժների խստացումը։
«Խստացվում է քրեական պատասխանատվությունը ծառերի, թփերի ապօրինի հատման համար, քրեական պատասխանատվություն է նախատեսվում ծառերի, թփերի ապօրինի հատման համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույն արարքը նորից անելու համար», – Գրիգորյանն ընդգծել է, որ դա շատ կարևոր է, քանի որ գործող օրենքի պայմաններում մարդը կարող էր նույն արարքը գործել և անսահման անգամ վճարել վարչական տուգանքը։
Նախատեսվում է նաև կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի համար որսի ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը սահմանել 100 միլիոն դրամ՝ ներկայումս գործող 3 միլիոնի դիմաց։
Արթուր Վանեցյանն առաջարկել է Հայաստանում որսը 3-5 տարի ալգելել, որ «պոպուլացիան վերականգնվի».
«Ես նախկինում եղել եմ ակտիվ որսորդ և արդեն 5-6 տարի է չեմ գնում որսի։ Եկեք ոչ միայն արգելենք որսը, այլ նաև որսորդական պադրոնների ներմուծման արգելքը ժամանակավոր դնենք։ Քանի որ գնում են և անկանոն որս են անում, հատկապես գյուղական վայրերում, և դա վերահսկելը շատ դժվար է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել այդ գաղափարին և առաջարկել հարցը ուսումնասիրել Բնապահպանության նախարարության մասնագետների հետ։