Home / Դատարան / Գլխավոր դատախազը բացատրեց՝ ինչու պետք չէ ազատել Քոչարյանին

Գլխավոր դատախազը բացատրեց՝ ինչու պետք չէ ազատել Քոչարյանին

«Պաշտպանական կողմը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի»։ Այս մասին երեկ կայացած հերթական նիստի ընթացքում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով ներկայացված փաստարկներին, դատախազն ասել է՝ Քոչարյանի պաշտպանները փորձել են 14 էջանոց մեղադրանքի որոշումը կտրված մեկնաբանություններով, յուրովի մեկնաբանել և ներկայացնել դատարանին, մինչդեռ, դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքն իրենից ներկայացնում է մի ամբողջ տրամաբանական շղթա, այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելը և իրավական փորձաքննության ենթարկելը չի բխում մեղադրանքի բովանդակությունից։

Խոսելով մեղադրանքի մասին, Դավթյանը ներկայացրել է՝ որքանով նկարագրված գործողություններն առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սույն գործի քննության առարկան, ըստ դատախազի, 2008 թվականի փետրվարն է, երբ ձևավորվում էր երկրի բարձրագույն պետական իշխանությունը, կոնկրետ այս դեպքում՝ կայանում էին նախագահական ընտրություններ։ Արթուր Դավթյանի խոսքով՝ ընտրական գործընթացը միայն քվերակության օրը չէ. այն մի գործընթաց է, որի պարտադիր բաղադրիչներից է նաև քվերակության վիճարկումը վարչական և դատական կարգով։ Եվ հարցն, ըստ նրա, պետք է դիտարկել այս ամենի համատեքստում։

«Փետրվարի 23–ին, երբ դեռ ԿԸՀ–ն չէր հրապարակել ընտրության պաշտոնական արդյունքները, երբ դեռ հրապարակում խաղաղ հավաք էր իրականացվում քաղաքացիների կողմից, հավաքի ոչ խաղաղ լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկար և որևէ մեկը կասկածի տակ չի դրել փետրվարի 23-ին իրացվող հավաքի խաղաղ լինելու բնույթը: Այս պայմաններում ՀՀ բարձրագույն իշխանություն կրողը և Սահմանադրության երաշխավորը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է-հեղ.)։ Մեր գնահատմամբ՝ սա մի գործողություն է, որն ուղղակի արգելվում է մայր օրենքով», – հայտարարել է դատախազը, ապա մեջբերել ՀՀ Սահմանադրության այն դրույթը՝ համաձայն որի՝քաղաքական հարցերում զինված ուժերը չեզոքություն են պահպանում։

«Հենց այս պահից, ըստ գործով ձեռք բերված տվյալների, զինված ուժերը բանակը ներգրավել են քաղաքական հարցերում. կրկնում եմ՝ ընտրական գործընթացը դեռ չավարտած և որևէ կերպ չվիճարկվող խաղաղ հավաքի պայմաններում։ Այս խորհրդակցությունից ժամեր անց Պաշտպանության նախարարը ստորագրել է հայտնի հրամանը», – ասաց նա։ Պաշտպանական կողմն, ըստ նրա, պաշտպանության նախարարի հրամանի իրավաչափությունը մեկնաբանում է և պայմանավորում պաշտպանության երկու նախկին փոխնախարարների՝ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տեղեկություններով:

«Այն, ինչ արել են երկու փոխնախարարները, դա առնվազն հանցագործություն էր, եթե ոչ հանցագործություն, ապա գոնե կարգապահական իրավախախտում էր հետապնդում, այսինքն, կամ նրանց գործողությունների փաստի առթիվ պետք է հարուցվեր քրեական գործ, կամ պետք է կարգապահական վարույթ իրականացնվեր», – ասաց նա՝ նշելով, որ քրեական գործով որևէ նման տվյալ ձեռք չի բերվել, թե այդ գործողություններին իրավաչափ արձագանք է դրսևորվել:

Դատախազն, անդրադառնալով պաշտպանական կողմի ներկայացրած այն մեղադրանքին, թե դատախազությունը հայտնի խորհրդակցությանը մասնակցած անձանցից կարևորություն է տալիս միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքին, նկատեց, որ ապացույցների գնահատումը դրանց քանակի հետ որևէ կապ չունի. «Այո, հարցաքննվել են խորհրդակցության մասնակիցները, որոնք ոչ թե հերքում են, այլ նշում, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հանձնարարականի մասին: Մենք ինչո՞ւ ենք կարևորություն տալիս Արշակ Կարապետյանի ցուցմունքին, որովհետև նրա ցուցմունքով այդ խորհրդակցությանը հաջորդած հրամանը ամբողջությամբ տալիս է այս հարցի պատասխանը»,–հավելեց դատախազը։

Այնուհետև նա հատվածներ մեջբերեց հույժ գաղտնի 0038 հրամանից։ «Հրամանը սկսվում է այսպես՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ. նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը»: Ես ուզում եմ հիմա հասկանալ՝ այս նկարագրած նպատակը ի՞նչ կապ ունի ընդհանրապես բանակի հետ»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ մեղադրող կողմի գնահատմամբ՝ վերոնշյալ փաստաթղթով հռչակված նպատակները միանշանակ արտահայտում են Ռոբերտ Քոչարյանի կողմից արդեն իր նշած հարցերում զինված ուժերի ներգրավման մասին: «Երբ ուսումնասիրում ենք համապատասխան հրամանը, առավել ևս գործով ձեռք բերված բազմաթիվ այլ դրվագներ՝ զինված ուժերի մայրաքաղաքում կամ արվարձաններում գտնվելու վերաբերյալ, բացարձակապես տպավորություն չի ստեղծվում, որ բանակը հեռու է պահվել քաղաքական գործընթացներից։ Խոսքը չի վերաբերել բացառապես բանակը զորանոցային վիճակին բերելուն, ես կհասկանայի։ Այդ զորքերը Հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականցնող սահմանապահ զորքերը տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ հենց կիզակետն էր քաղաքական իրադարձությունների»։ Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական գործով ձեռքբերված բազմաթիվ տվյալներ կան, որոնք հիմնավորում են, որ մայրաքաղաքի շրջակա բնակավայրերում տեղակայված համապատասխան զորամիավորումները համապատասխան պատրաստվածություն են ունեցել, պարապմունքներ են իրականացրել, որոնց նպատակն, ըստ դատախազի, եղել է ցույցը ցրելը։ «Այսինքն՝ զինվորականները պատրաստվել են ցույցը ցրելու գործողություններն իրականացնելուն։ Երբ մայրաքաղաքում բավականաչափ մարտական պատրաստվածությամբ զորք կար, իսկ մյուս կողմից ակնհայտորեն աճում էր խաղաղ ցուցարարների թիվը, երբ ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը վիճարկում էր ՍԴ-ում, Ռոբերտ Քոչարյանը փետրավարի 29-ի իր հրապարակային ելույթում, որպես ցույցերը դադարեցնելու տարբերակ, նշել էր՝ ոստիկանական գործողություններով հրապարակը մաքրելը»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանից ժամեր անց ոստիկանության մեծաթիվ ուժեր լուսադեմին անհամաչափ ու ապօրինի միջամտությամբ ցրել են ցույցը:

«Նշածս ակնհայտ ապօրինի ու անհամաչափը հիմնավորված է գործով ձեռք բերված բազում ապացույցներով, ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների ցուցմունքներով և վերջապես Եվրոպական դատարանի Սաղաթելյանի գործով։

Ինչո՞ւ ընտրվեց մարտի 1, առավոտյան, որովհետև դա արդեն անհանգստացնող չէր, քանի որ մայրաքաղաքում էր արդեն պատրաստված, մարտական բարձր պատրաստվածության վիճակում գտնվող բավականաչափ զորք, որը կարող էր ճնշել այդ հուզումները», – նկատեց Արթուր Դավթյանը:

Ոչ պետական միջոցներից մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղում տեղակայված համապատասխան զինծառայողներին, ասաց Դավթյանը: Ըստ նրա՝ թվարկած իրադարձությունների ամբողջ ընթացքի մեջ հիմնավորվել է, որ նույն ժամանակահատվածում ՝ տապալված սահմանադրական կարգի պայմաններում որոշ անձանց թիկնազորի անդամների, հանցավոր խմբերի ներգրավումը հավաքի մասնակիցների ճնշման գործողություններ էին:

Երեկ դատարան եկած Ղարաբաղի նախկին և ներկայիս նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն ներկայացրեցին Քոչարյանի ազատության համար, իսկ ավելի վաղ 500.000–ական դրամ էին վճարել։ Այնուամենայնիվ, Արթուր Դավթյանի խոսքով՝ քննությանը խոչընդոտելու ռիսկն առկա է անգամ անձնական երաշխավորության պայմաններում․ «Մենք գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է այս պահին քննության օբյեկտիվ և անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար:

Մենք գտնում ենք, որ առկա է հիմնավոր կասկածը՝ այս փուլում քննարկման համար, մենք գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է այս պահին քննության օբյեկտիվ և անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար։ Այո՛, փաստարկները, որ այս փուլն իր առանձնահատկություններն ունի և այդ առանձնահատկություններով պայմանավորված՝ այդ հիմքերն առկա են՝ դա լիարժեքորեն ընդունելի է: Եվ մենք այդ ռիսկերի բարձր գնահատումը նույն դիրքորոշմամբ պնդում ենք նաև ներկայացված մեկ այլ խափանման միջոցի՝ անձնական երաշխավորության կիրառման պայմաններում»։