Home / Մեդիա / «Գահերի խաղը» բախվեց վախերին՝ հեղափոխությունից և քաղաքական կանանցից

«Գահերի խաղը» բախվեց վախերին՝ հեղափոխությունից և քաղաքական կանանցից

Արդարությունը տիրեց, բայց ի՞նչ տեսակի արդարություն:
Սլավոյ Ժիժեկ

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը հանրային բողոք է առաջացրել, որի գագաթնակետն ամբողջ սեզոնը որակազրկելու ու նորը վերանկարահանելու խնդրագիրն էր՝ ստորագրված գրեթե 1 միլիոն զայրացած դիտողների կողմից: Բանավեճի անհեթեթությունն ինքնին ապացուցում է, որ գաղափարական նշաձողը պետք է բարձր լինի:

Անբավարարվածությունը մի քանի կետով էր. վատ սցենար (սերիալն արագ ավարտելու ճմշման տակ բարդ պատումը պարզունակեցվել է), վատ հոգեբանություն (Դեյներիսի «Խելագար թագուհու» վերածվելը արդարացված չէր կերպարի զարգացմամբ), և այլն:

Բանավեճում փոքրաթիվ խելոք ձայներից մեկը գրող Սթիվեն Քինգինն էր, ով նշում էր, որ անբավարարվածությունը ոչ թե վատ ավարտի պատճառով է առաջ եկել, այլ ինքնին ավարտի փաստից։ Մեր դարաշրջանում սերիալի, որ սկզբունքորեն կարող է անվերջ շարունակվել, պատումի ավարտի միտքը դարձել է անհանդուրժելի։

Ճիշտ է, որ սերիալի արագ հանգուցալուծման մեջ տարօրինակ տրամաբանություն է վեր գալիս․ տրամաբանություն, որը խաթարում է ոչ թե հավատալի հոգեբանությունը, այլ՝ հեռուստատեսային սերիալի պատումային կանխակալ ենթադրությունները: Վերջին եթերաշրջանը պարզապես մարտի պատրաստություն է, հաջորդող սուգ ու ավեր և մարտն ինքնին՝ իր ողջ անիմաստությամբ շա՛տ ավելի իրատեսական ինձ համար, քան սովորական գոթական մելոդրամատիկ սյուժեն:

Ութերորդ սեզոնը երեք հետևողական պայքար է բեմադրում: Առաջինը՝ մարդկության ու անմարդկային «Ուրիշների» միջև (հյուսիսից եկող Գիշերվա բանակը՝ Գիշերվա թագավորի ղեկավարությամբ), մարդկանց երկու հիմնական խմբերի միջև (չար Լանիսթերների և ընդդեմ նրանց ձևավորված կոալիցիայի՝ Դեյներիսի ու Սթարքերի առաջնորդությամբ), և ներքին հակամարտությունը Դեյներիսի ու Սթարքերի միջև:

Ուստի, ութերորդ եթերաշրջանի պատերազմներն ընթանում են արտաքին դիմակայությունից մինչև ներքին պառակտում ձգվող ճանապարհով. անմարդկային Գիշերային Բանակի պարտությունը, Լանիսթերների պարտությունն ու Արքայական կալվածքի ավիրումը, վերջին պայքարը Սթարքերի ու Դեյներիսի միջև․ ի վերջո, ենթականերին վատ բռնապետերից պաշտպանող, ավանդապես «լավ» ազնվականների (Սթարքերի) ու Դեյներիսի՝ իբրև նոր տեսակի հզոր առաջնորդ և առաջադեմ բոնապարտիստ, ով գործում է անապահովների անունից:

Ավարտական հակամարտության խաղադրույքները հետևյալն են. բռնապետության դեմ ապստամբությունը կլինի պայքար հանուն նույն հայրիշխանական կարգերի ավելի բարի տարբերակի՞, թե՞ կգնա դեպի նոր կարգի փնտրտուք, որի կարիքը կա:

Վերջաբանը միավորում է արմատական փոփոխության մերժումը Վագների աշխատությունների հին հակաֆեմինիստական մոտիվների հետ: Վագների համար չկա ավելի զզվելի բան, քան կինը, ով միջամտում է քաղաքական կյանքին՝ առաջնորդվելով իշխանության իղձով: Ի տարբերություն տղամարդկային ամբիցիաների, կինը ձգտում է իշխանության իր նեղ ընտանեկան շահերը կամ, ավելի վատ, իր անձնական քմահաճույքները առաջ տանելու համար՝ անընդունակ ընկալելու պետական քաղաքականության համընդհանուր չափումը:

Նույն կանացիությունը, որը ընտանեկան կյանքի փակ օղակում սերը պաշտպանող ուժն է, վերածվում է անպարկեշտ կատաղության, երբ ցուցաբերվում է հանրային և պետական գործերում: Մտաբերենք երկխոսության այն սկզբնակետը, երբ Դեյսներիսը Ջոն Սնոուին ասում է, որ եթե նա չի կարող սիրել իրեն որպես թագուհի, ուրեմն կտիրի վախը. սեռական անբավարարվածությամբ կնոջ ամոթալի ու վուլգար մոտիվ, որը նրան կործանարար է դարձնում:

Եկեք առերեսվենք դառը ճշմարտությանը՝ ի՞նչ կասեք Դեյներիսի մարդասպանական պոռթկումների մասին: Կարո՞ղ է արդյոք Արքայական կալվածքի հազարավոր հասարակ մարդկանց անխիղճ սպանությունը արդարացվել իբրև համընդհանուր ազատության համար անհրաժեշտ քայլ: Այստեղ անհրաժեշտ է հիշել, որ սցենարը երկու տղամարդիկ են գրել:

Դեյներիսը որպես Խելագար Թագուհի բացառապես տղամարդկային երևակայություն է, ուստի՝ քննադատները չէին սխալվում, երբ նշում էին, որ նրա խելագարությունը հոգեբանորեն արդարացված չէր: Տեսարանը, որտեղ գժված ու ջղային դեմքի արտահայտությամբ Դեյներիսը վիշապի վրա թռչելով այրում է տներն ու մարդկանց, արտահայտում է հայրիշխանական գաղափարախոսությունը՝ ուժեղ քաղաքական կնոջ նկատմամբ իր վախով:

«Գահերի խաղը» առաջատար կանանց վերջնական ճակատագիրը համապատասխանում է այս կոորդինատներին: Նույնիսկ երբ բարի Դեյներիսը հաղթում ու կործանում է չար Սերսեին, իշխանությունն այլասերում է նրան: Արիան (ով փրկեց բոլորին՝ սպանելով Գիշերվա թագավորին) նույնպես անհետանում է՝ նավարկելով դեպի Արևմուտքի Արևմուտք (ասես Ամերիկան գաղութացնելու):

Միակը, ով մնաց (որպես Հյուսիսի ինքնավար թագավորության թագուհի), Սանսան է՝ այսօրվա կապիտալիզմի սիրած կնոջ տեսակը. նա կանացի փափկությունն ու հասկացողությունը միատեղում է բանսարկության լավ չափաբաժնի հետ՝ ամբողջությամբ տեղավորվելով նոր ուժային հարաբերությունների մեջ: Կանանց լուսանցքայնացումը վերջաբանի ազատական պահպանողական դասի հիմնական բանալի պահն է. հեղափոխությունները դատապարտված են ձախողելու, դրանք նոր բռնապետություններ են բերում կամ, ինչպես Ջոնն է Դեյներիսին ասում. «Մարդիկ, որ հետևում են քեզ, գիտեն, որ դու մի անհնարին բան ես արել: Գուցե դա օգնում է նրանց հավատալ, որ դու կարող ես ուրիշ անհնարին բաներ ևս անել. կառուցել աշխարհ, որը տարբերվում է այն քաքից, որին իրենք սովոր են: Բայց երբ դու օգտագործում ես վիշապներին ամրոցներ հալացնելու ու քաղաքներ այրելու համար, ուրեմն ոչնչով չես տարբերվում»:

Հետևաբար, Ջոնը սիրուց դրդված սպանում է (փրկելով անիծված կնոջը իրենից իսկ, ինչպես հին տղամարդկային-շովինիստական բանաձևն է թելադրում) սերիալի միակ սոցիալական գործչին, ով իրոք պայքարում էր ինչ-որ նոր բանի, նոր աշխարհի համար, որը պետք է վերջ դներ հին անարդարություններին:

Այսպիսով, արդարությունը գերիշխեց, բայց ի՞նչ տեսակի արդարություն: Նոր թագավորը Բրանն է. հաշմված, ամենագետ, ով ոչինչ չի ուզում, – խամրած իմաստության կանչով, որ լավագույն առաջնորդները իշխանություն չեն ուզում: Քամահրանքով ծիծաղը, որը հաջորդում է այն բանին, երբ նոր էլիտայի ներկայացուցիչներից մեկն առաջարկում է թագավորի առավել ժողովրդավարական ընտրություն, ասում է ամեն ինչ:

Եվ անհնար է չնկատել, որ նրանք, ովքեր մինչև վերջ հավատարիմ էին Դեյներիսին, ավելի բազմազան են. նրա ռազմական հրամանատարը սև է, մինչդեռ նոր ղեկավարները բացառապես սպիտակ են: Արմատական թագուհին, որն ավելի շատ ազատություն էր ուզում բոլորի համար՝ անկախ սոցիալական վիճակից ու ռասայից, ոչնչացված է, իրերը վերադարձված են իրենց բնականոն վիճակին:

Սլավոյ Ժիժեկ
թարգմանությունը՝ Մարուսյա Սեփխանյանի

անգլերեն բնագիրը՝ independent.co.uk