Home / Վերլուծություն / Քրդերն անտեր մնացին Սիրիայում

Քրդերն անտեր մնացին Սիրիայում

Ռոջավան վերացման եզրին է:

Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը կանգնած են հյուսիսի և հյուսիս-արևելքի քրդաբնակ բնակավայրերի մատույցներում․ 4-օրյա հրադադարը, որի ընթացքում պիտի քննարկվեր Հյուսիսային Սիրիայի քրդական ինքնավարության՝ Ռոջավայի լուծարման և քրդերի «վերաինտեգրման» պլանը, կավարտվի վաղը՝ հունվարի 24-ին։

Ընդամենը երկու օրվա ընթացքում քրդական ինքնավարությունը զրկվել է ստրատեգիական նշանակություն ունեցող հանգույցներից (այդ թվում Դեր Զոր և Ռակկա քաղաքներից), կորցրել է Եփրատի արևմտյան և մասամբ նաև արևելյան ափի, խոշոր նավթային հանքերի և ՀԷԿ-երի նկատմամբ վերահսկողությունը։ Քրդական գյուղերն ու քաղաքները կիսաշրջափակման մեջ են։ Ինքնավարության տարածքում ապրող արաբական ցեղերը ապստամբել են և միացել կառավարական ուժերի գրոհին։

photo_2026-01-23_18-56-46
ակցիա Երևանում, հունվարի 22, լուսանկարը՝ Կարենա Ավեդիսյանի

2024 թվականին «նախկին ալ-քաիդական» Հայ-աթ Թահրիր ալ-Շամ իսլամիստական կազմակերպության զինյալները ընդամենը 11 օրվա ընթացքում գրավեցին Դամասկոսը․ Բաշշար Ասադը, որը համագործակցում էր Իրանի և Ռուսաստանի հետ, փախավ Մոսկվա, և Սիրիայի կառավարումը ստանձնեց իսլամիստ Ահմեդ ալ-Շարաան։

Արդեն այն ժամանակ խոսվում էր քրդական ինքնավարությանը սպառնացող մեծ վտանգի մասին․ «Դիմադրության առանցքը» (պաղեստինական Համասը, սիրիական Հեզբոլլահը, եմենական հուսիները, որոնց աջակցում է Իրանը) արդեն ջախջախված էր, Սիրիայում նոր սուննի իսլամական վարչակազմ էր հաստատվել, որը լոյալ է հատկապես Թուրքիային, բայց նաև Միացյալ Նահանգներին, և եթե առաջ Ամերիկան հետաքրքրված էր սիրիական քրդերով որպես ուժ, որը սեփական մարդկանց կյանքի հաշվին կռվում է Իսլամական պետության ահաբեկիչների դեմ և զսպում միաժամանակ նաև իրանամետ Բաշշար Ասադի վարչակազմին, հիմա քրդերի կարիքը նրանք չունեն։

Հունվարի 18-ին ամերիկացիները հայտարարել են, որ այլևս չեն աջակցում քրդերի ռազմական կազմավորումներին՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF) և Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK), որոնք 2016-ից ի վեր կառավարում էին Սիրիայի քրդական ինքնավարությունը։

«Սիրիայում արդեն կա ճանաչված կենտրոնական կառավարություն, որը միացել է Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային», — հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան, մուլտիմիլիարդատեր Թոմաս Բարաքը։ Քրդերը, ըստ նրա, «ապացուցեցին իրենց արդյունավետությունը որպես դաշնակից ԻՊ-ի տեղական խալիֆայության ջախջախման գործում մինչև 2019-ը», բայց այդ խնդիրը «մեծապես կորցրել է իր ակտուալությունը»։

photo_2026-01-23_18-57-48
ակցիա Երևանում, հունվարի 22, լուսանկարները՝ Կարենա Ավեդիսյանի

Հունվարի 18-ին ԱՄՆ-ն դուրս է բերել իր զորքերը Սիրիայի՝ Իրաքին սահմանակցող հատվածից։ 2025-ի հունիսին Միացյալ Նահանգները փակել է սիրիական 8 բազաներից 7-ը։ Ամերիկացիները հիմա ընկերություն են անում ոչ թե քրդերի, այլ Սիրիայի նոր իսլամիստական կառավարության հետ․ անցած տարեվերջին Թրամփը հանդիպել է Սիրիայի փաստացի նախագահ ալ-Շաաայի հետ և հանել պատժամիջոցները, որոնք Դամասկոսի դեմ կիրառվել են Ասադի օրոք։

Մինչ այդ, հունվարի 16-ին, ալ-Շարաան հրամանագիր է ստորագրել, որը «պաշտպանում է քրդերի իրավունքները» Սիրիայի Հանրապետությունում․ քրդական զինուժը և ինքնավար ադմինիստարցիան պետք է լիկվիդացվի, PKK-ն՝ դուրս բերվի, SDF-ը՝ անհատական կարգով ինտեգրվի Սիրիայի բանակին, իսկ դրա դիմաց քուրմանջին կստանա ազգային լեզվի կարգավիճակ, քրդաբնակ հատվածներում կթույլատրեն ուսանել քրդերեն, հյուսիսային շրջաններում ապրող քրդերին քաղաքացիություն կշնորհեն և այլն։ Նախագահի դեկրետը քրդերը համարել են վերջնագիր՝ ձևակերպված Արևմուտքի համար ընդունելի կերպով։ Քրդական ավտոնոմիայի վարչակազմը հայտարարել է, որ այն չի համապատասխանում իրենց մինիմալ պահանջներին։

Սիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը, որոնց շարքերում ամենատարբեր խմբավորումների ներկայացուցիչներ կան, նախքան Ռոջավան գրոհելը հարձակվել են Հալեպի քրդական թաղերի՝ Շեյխ-Մաքսուդի, Աշրաֆիեի և Բենի-Զեյդի վրա։ 2025 թվականի երկարամյա մարտերից հետո քրդական զինված ստորաբաժանումների մեծ մասը դուրս էր մղվել Հալեպից՝ այնտեղ թողնելով միայն Ասայիշի զինյալներին։ Հունվարի 11-ին մեկնարկած մարտերից հետո քաղաքը լքել են նաև նրանք։ Զոհերի հստակ թիվը հայտնի չէ․ ռմբակոծվել են նաև քաղաքացիական օբյելտներ, սովորական տներ, հիվանդանոցներ։

Հունվարի 16-ին կառավարական ուժերը գրավել են Հալեպի քրդական թաղերը և շարժվել դեպի հյուսիս՝ քրդական ինքնավար տարածքներ։ Տեղում նրանց միացել են քրդերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի արաբական ցեղերը, որոնք մեծամասնություն էին կազմում Եփրատի արևմտյան ափի որոշ բնակավայրերում։ Ցեղերի ղեկավարները նախկինում էլ են մի քանի անգամ ապստամբել քրդական վարչակազմի դեմ․ շեյխերի լոյալության դիմաց առաջ վճարում էր նաև ԱՄՆ-ն՝ շահավետ գործարքների տեսքով կամ սովորական կաշառքով։ Արաբական ցեղերի օգնությամբ կառավարական զորքը հաշված ժամերի ընթացքում գրավել է նաև նավթային հանքերը և հիմնական ՀԷԿ-երը։

Օպերացիան իրականացվել է Թուրքիայի հետ համակարգված․ առանց թուրքական օդային աջակցության սիրիական բանակի առաջխաղացումը դեպի Քոբանի և Հասաքե կլիներ շատ ավելի դանդաղ և ռիսկային։

Թուրքիան արդեն երկար տարիներ պայքարում է Ռոջավայի դեմ՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF), Ասայիշի պաշտպանական ջոկատները և ինքնավարության վարչակազմը համարելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) ածանցյալ կառույցներ։ Սիրիական ֆենոմենը Թուրքիայում չի դիտարկվում թուրք-քրդական երկարամյա հակամարտությունից անջատ։

Էրդողանի կառավարությունը քրդական ինքնավարության դեմ կռվել է ոչ միայն իր բանակի և պրոքսի ուժերի միջոցով, այլ նաև Սիրիայի նոր իշխանություններին քաղաքական և ռազմական օգնություն տրամադրելով, Թրամփի հետ բանակցելով և այլն։ Թուրքիան դեռ անցած տարի էր հայտարարել՝ պատրաստ է վերանայել Սիրիայի հյուսիս-արևելյան օկուպացված տարածքերում իր ռազմական ներկայությունը, եթե Քրդական աշխատավորական կուսակցությունն այնտեղ լիկվիդացվի։ Մոտավորապես նույն ժամանակ թուրքական կողմին հաջողվել էր «պայմանավորվել» արդեն 26 տարի բանտարկված Աբդուլլահ Օջալանիի հետ, որը բանտից ուղերձ է հղել իր հետևորդներին՝ վայր դնել զենքերը, դադարեցնել զինված պայքարն ընդդեմ թուրքական պետության։

Հունվարի 16-ից մեկնարկած հարձակման արդյունքում քուրդ զինյալները ստիպված են եղել լքել նույնիսկ խոշոր բանտերը, որոնցում պահում էին Իսլամական պետության հազարավոր անդամների, և ճամբարները, որտեղ ապրում էին ԻՊ-ականների ընտանիքի անդամները։ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի նոր նախագահը խոստացել է թույլ չտալ նրանց փախուստը կալանավայրերից։ Քրդական ուժերը պնդում են, որ Սիրիայի  կառավարության զորքերը համալրել են նաև ԻՊ-ին գաղափարապես մոտ զինյալներ։

Կան բազմաթիվ զոհեր։ Ռոջավայի ղեկավարությունը մոբիլիզացիա է հայտարարել և խնդրել Թուրքիայում և Իրաքում ապրող քրդերին գալ օգնության։ Հունվարի 20-ին քրդերը քանդել են թուրք-սիրիական սահմանի պատնեշը, ոտքով հատել սահմանը։ Հաղորդվում էր, որ թուրք սահմանապահները նրանց նկատմամբ հրազեն են կիրառել։ Մոբիլիզացիային միացել են նաև Իրաքի քրդական որոշ աշխարհազորայիններ։

photo_2026-01-23_18-56-46 (2)
ակցիա Երևանում, հունվարի 22, լուսանկարները՝ Կարենա Ավեդիսյանի

Իլհամ Էհմեդը՝ քրդական ինքնավար վարչակազմի արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարը, հարցազրույց է տվել իսրայելական I24 հեռուստաալիքին․ «Քրդերը գենոցիդի են ենթարկվում։ Յուրաքանչուրն, ով ուզում է մեզ օգնել, պետք է դա անի հիմա։ Կա՛մ օգնեք հիմա, կա՛մ այդ բառերն այլևս նշանակություն չեն ունենալու»։

2025-ի գարնանը Դամասկոսի կառավարական զորքերն և նրանց դաշնակիցները՝ սուննի արաբական աշխարհազորայինները մտել էին Լաթակիա՝ շրջան, որում ապրում է ալավիական (շիա մահմեդականներ) համայնքը: Կոտորածներ եղան նաև ամռանը՝ Սուեյդիայի դրուզական համայնքների նկատմամբ։ Միջկրոնական ջարդերի արդյունքում հազարավոր քաղաքացիական անձինք սպանվեցին։ Սուեյդայի դրուզներին արդյունքում «օգնության եկավ» հենց Իսրայելը․ դրուզական այդ տարածքներում հիմա ՑԱԽԱԼ-ի զորքեր են տեղակայված։

Ռոջավայի գոյության 14 տարվա ընթացքում քրդական էքսպերիմենտին միացել են մարդիկ տարբեր երկրներից՝ այն համարելով Օջալանի գաղափարախոսության իրականացում, ազգային պետության այլընտրանք, համակեցության նոր մոդել։ Վերջին օրերին Սոլիդարություն ակցիաներ են աշխարհի տարբեր քաղաքաներում, այդ թվում նաև Երևանում։

Ինչո՞վ է պայմանավորված քրդական Ռոջավայի անկումը․ վերլուծություն