Home / Վերլուծություն / Ռոջավայի անկման պատճառները

Ռոջավայի անկման պատճառները

Ինչո՞վ է պայմանավորված քրդական Ռոջավայի ձախողումը, և ի՞նչ պայմաններում է ընթանում քրդերի մոբիլիզացիան։

Քաղաքագետ Միխայիլ Մագիդի մեկնաբանությունը․

— Սիրիայի կառավարական ուժերի հարձակման և տեղի արաբական ցեղերի ապստամբության հետևանքով քրդական Ռոջավան [Հյուսիսային Սիրիայի քրդական ինքնավարությունը — խմբ․] հսկայական տարածքներ է կորցրել, զրկվել նավթի և գազի հանքերից, ՀԷԿ-երից և հայտնվել մասնատված վիճակում [մանրամասները՝ հղումով]։ Վճռորոշ դեր են խաղացել երկու հիմնական գործոններ՝ քրդական պետականության մեջ արաբական ցեղերի ինտեգրման ձախողումը և Միացյալ Նահանգների աջակցության կորուստը։

Արաբական ցեղերը

Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF)՝ քրդերի ու նրանց դաշնակից արաբական ցեղերի զինուժը, արդեն տևական ժամանակ վերահսկում էին Սիրիայի տարածքի մոտավորապես 30 տոկոսը։ Գերագույն իշխանությունն ու նավթային եկամուտների նկատմամբ վերահսկողությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված քուրդ զինվորականների ձեռքում էր։ PKK-ն Թուրքիայի դեմ (որի տարածքում 20-25 մլն քուրդ է ապրում) ռազմական գործողություններ է վարում 1980-ականների կեսերից՝ պայքար հանուն Թուրքիայի քրդերի ինքնորոշման։ Թուրքիային սահմանակից Սիրիայում նրանք փաստացի հիմնել էին իրենց սեփական պետությունը։ Սա ընդհանրապես դուր չէր գալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

SDF-PKK հրամանատարությունը արգելել էր, օրինակ, կանանց հարկադիր ամուսնացնելը,  թույլատրել էր ասորիներին և որոշ այլ փոքրամասնություններին զարգացնել իրենց դպրոցները, դասավանդել սեփական լեզվով ու ստեղծել սեփական էթնիկ ջոկատները՝ պայմանով, որ նրանք լոյալ են SDF-ին և PKK-ին։ Բայց սա բավարար չէր։

Քրդական ինքնիշխանությունը չուներ նավթ, էլեկտրակայաններ և խոցելի էր ռազմավարական տեսանկյունից․ ի սկզբանե խոսքը հիմնականում քրդերով բնակեցված բարակ գոտու մասին էր Թուրքիայի հետ սահմանին։ Սրանով է պայմանավորված, որ SDF-PKK-ի ղեկավարությունն ի վերջո շարունակեց էքսպանսիան՝ գրավելով արաբական ցեղերով բնակեցված հսկայական տարածքներ։ Նպատակն էր վերահսկողություն ունենալ նավթային և ջրային ռեսուրսների, էլեկտրակայանների նկատմամբ։ Սա հատկապես վրդովեցրել էր տեղական արաբական ցեղերին, որոնք սեփական զինված աշխարհազորն ունեն և որոնք գտնվում են սեփականության քայքայման, բուրժուականացման վաղ փուլում։ Նրանց հարուստ շեյխերն ուզում էին, որ արաբ երիտասարդներն ու կանայք աշխատեն իրենց վրա՝ անվճար կամ չնչին վարձատրության դիմաց, և պատրաստ էին նրանց տանիք, սնունդ և զինված պաշտպանություն տրամադրել այլ ցեղերից և որոշ դեպքերում՝ պետությունից։ Արաբական ցեղերը փաստորեն բավականին միահամուռ ուժ դուրս եկան, և երբ Սիրիայի կառավարական ուժերը սկսեցին գրոհել քրդերին, նրանք հաջողությամբ կարողացան ապստամբել և ավիրել քրդական պետական համակարգը։

Մինչ ապստամբությունն էլ կառավարությունը կամ Քրդական աշխատավորական կուսակցության ռազմական հրամանատարությունը չէին կարողանում հրամաններ տալ արաբներին։ Գերագույն իշխանությունն ու նավթը քրդերի ձեռքում էր, բայց նրանք հաշվի էին նստում արաբական ցեղերի հետ, թույլ էին տալիս ինքնուրույն կարգավորել տեղական կյանքը՝ հիմնվելով սեփական սովորույթային իրավունքի վրա, և միջամտում էին միայն շատ հատուկ դեպքերում։

ԱՄՆ միջնորդությամբ արաբական ցեղերի զինված աշխարհազորը ներառվել էր տարածաշրջանի կառավարման քրդական համակարգում։ Դա էլ էր մեծ վրդովմունք առաջացնում։ Ռակկայում կամ Դեյր-էլ-զորում արաբները ճնշող մեծամասնություն էին։ Ցեղերը չէին ուզում ենթարկվել քրդերին ու նրանց տալ նավթից ստացվող շահույթը։

Նրանց նյարդայնացնում էր նաև քրդերի միջամտությունը տեղական ադաթներին։ Դա ոչ միայն տարբեր ուժային կենտրոնների  (անցյալում թերագնահատված) հակամարտություն էր, այլև տարբեր գաղափարական և քաղաքական նախագծերի հակամարտություն։

SDF-PKK-ն ուզում էր ժամանակակից ազգային քրդական պետություն հիմնել (ֆորմալ առումով որպես դաշնային տարածք սիրիական և թուրքական պետությունների կազմում, բայց եթե ստացվի՝ անկախ պետության կարգավիճակով)։ Նրանք ուզում էին ապահովել բիզնեսի զարգացումը (Ռոջավայի սահմանադրությունը պաշտպանում էր մասնավոր սեփականությունը, և նրանք իսկապես պաշտպանում էին բիզնեսը հարձակումներից ու ավազակախմբերից)։ Նախատեսվում էր, որ PKK-ի և SDF-ի ռազմաքաղաքական կադրային էլիտան պիտի կառավարի այդ շրջանները (ապագայում՝ բոլոր քրդական տարածքները)՝ հիմնվելով Ասադների ռեժիմի կողմից ստեղծված էներգետիկ ենթակառուցվածքներից ու նավթից ստացվող եկամտի վրա։

Ուստի, քրդական ղեկավարության համար կարևոր էր կոտրել տեղական ավանդական հիերարխիաները, թուլացնել առկա ցեղական, ընտանեկան ու էթնոկրոնական կապերը։ Գործնականում SDF-PKK-ն հայտարարել էր երիտասարդների և կանանց (բայց ո՛չ սոցիալ-դասակարգային) հեղափոխություն։ 

Նոր (պրոտո)պետությունում նրանք պատրաստ էին աջակցել կանանց և երիտասարդներին (քրդերին, արաբներին, ասորիներին և այլն) կարիերա անելու հարցում, պատրաստ էին ընդունել նրանց զինված ջոկատներ և այլն։ Այս քաղաքականությունը քիչ թե շատ հաջողության հասավ 2 միլիոնանոց քրդական բնակչության շրջանում, բայց, ինչպես հիմա ենք տեսնում ենք, ամբողջությամբ տապալվեց արաբական ցեղերի պարագայում։ 

Եվ դա հստակ պատճառներն ուներ։ Խնդիրը միայն բեդուինների (բեդվինների) սովորույթային իրավունքի և քրդերի գաղափարական դիրքորոշումների միջև հակասությունը չէր։ Ոչ էլ նավթից ստացվող շահույթի համար պայքարը միայն։

Արաբական ցեղերը վախենում էին իրավիճակից, երբ իրենք ստիպված են ապրել քրդական զինվորականների ու քաղաքական գործիչների կառավարած պետությունում։ Պատճառներն ակնհայտ են, եթե նայենք, թե ինչ է կատարվում Սիրիայից դեպի հարավ։ Այո, բեդուինական ցեղերը պաղեստինցիներ չե՛ն, քրդերն էլ սիոնիստ չեն, և իրենց քաղաքական ու ռազմական գերակայությունը պահպանելու համար քրդական կուսակցական զինվորականները չէին պատրաստվում արաբների մեծամասնությանը վտարել իրենց տարածքներից։ Բայց ամեն դեպքում որոշ ցեղերի նրանք տեղահանել են, քանի որ այդ ցեղերն աջակցում էին քրդերի նկատմամբ թշնամաբար տրամադրված իսլամիստական խմբավորումներին։ Արաբական կլաններն այլևս պատրաստ չեն էքսպերիմենտների։ Իսրայելի փորձից հետո նրանք չեն ուզում ռիսկի դիմել և հայտնվել քրդական պետությունում։

Մինչ այդ, PKK-SDF-ը շարունակում էր ընդարձակել տարածքները՝ իր վերահսկողության գոտում ներառելով արաբական ցեղերի, որոնց թիվը հավասարվում էր քրդական բնակչության թվին, իսկ մի շարք շրջաններում ճնշող մեծամասնություն էր կազմում։ Դա վերածվեց, ի վերջո, դանդաղ գործող ռումբի…

ԱՄՆ պաշտպանության կորուստը

Քրդական ուժերին օգնում էր ընդարձակվել ԱՄՆ-ն, որը հետաքրքրված էր տարածաշրջանում Իսլամական պետության լիկվիդացիայով և Բաշշար Ասադի իրանամետ ռեժիմի թուլացմամբ։ Ընդ որում՝ Թրամփի նախագահության դեռ առաջին ժամկետի օրոք, եթե հավատանք որոշ ամերիկացի պաշտոնյաների, երկրորդը գործոնը դուրս եկավ առաջին պլան։

Իսկ հետո քրդական համակարգը սկսեց փլուզվել։ Դամասկոսում իշխանության եկավ սուննի իսլամիստ Ահմեդ ալ-Շարաայի ռեժիմը, որը կապված էր ոչ թե Ամերիկայի թշնամու՝ Իրանի հետ, այլ Ամերիկայի ընկերների՝ Թուրքիայի (ռազմական և ադմինիստրատիվ աջակցություն է ապահովում նոր ռեժիմին), Սաուդյան Արաբիայի (արդեն 6 մլրդ-ի ներդրում է արել Սիրիայում՝ ապահովելով տնտեսական կայունացում) և Քաթարի (վճարում է սիրիական պաշտոնյաների աշխատավարձերը) հետ։ 

ԱՄՆ-ն այլևս ոչ մի պատճառ չունի աջակցելու քրդական ուժերին։ Միացյալ Նահանգները հիմա էլ փորձում է ընկերություն անել Դամասկոսի նոր ռեժիմի հետ։ Այդ մասին ուղիղ հայտարարել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, արաբական ծագման մուլտիմիլիարդատեր Թոմաս Բարաքը։

Բացի այդ, ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները էլ ավելի լարվեցին, և Դամասկոսի ռեժիմը հիմա ամերիկացիների կողմից ընկալվում է որպես հակաիրանական կամ դաշնակից ուժ տարածաշրջանում։

Ի վերջո Ռոջավայի անկման պատճառներից է նաև ԱՄՆ մերձեցումը էրդողանական Թուրքիայի հետ։ Թուրքիան վաղուց է ուզում, որ Ռոջավան ամբողջությամբ լիկվիդացվի, իսկ Թրամփի օրոք նրա ազդեցությունը Միացյալ Նահանգների վրա մեծացել է։

ԱՄՆ պաշտպանությունից զրկված Ռոջավայի քրդական ղեկավարությունը արագորեն դարձավ սիրիական կառավարական ուժերի հարձակման թիրախը։ Բոլոր կամ գրեթե բոլոր արաբական ցեղերը սկսեցին ապստամբել ընդդեմ քրդական հրամանատարության՝ թիկունքից։ Եվ սա ցույց տվեց, որ այդ ցեղերին քրդական պետական համակարգում ինտեգրելու փորձերը ձախողվել են։

Քրդական մոբիլիզացիան և Իսրայելից օգնություն խնդրելու հավանականությունը

Այս ամենի ֆոնին քրդերի շրջանում ազգային մոբիլիզացիա է սկսվել։ Գարնանը Սիրիայի քրդական բնակչությունը տեսավ, թե ինչ եղավ, երբ Դամասկոսի կառավարական զորքերն ու նրանց դաշնակիցները՝ սուննի արաբական աշխարհազորայինները մտան Լաթակիա՝ շրջան, որում ապրում է ալավիական (շիա մահմեդականներ) համայնքը: Այդպիսի հարձակումներ եղան նաև ամռանը՝ Սուեյդայի դրուզական համայնքների նկատմամբ։

Միջկրոնական դաժան ջարդերի արդյունքում հարյուրավոր (գուցե նույնիսկ հազարավոր) քաղաքացիական անձինք են սպանվել։ Բոլորը գիտեին, թե ինչ է լինելու, եթե արաբական աշխարհազորայիններն ու սիրիական զինվորականների ավելի արմատական տրամադրված մասը հասնեն Ռոջավայի քրդական շրջաններ։

Սիրիայի կառավարության դեմ քրդական մոբիլիզացիան չի սահմանափակվում միայն Ռոջավայով։ Թուրքիայում և Իրաքում քրդերը զանգվածային ցույցերի են դուրս եկել։ Ոմանք, այդ թվում Իրաքի զինված քրդական աշխարհազորայիններն արդեն հատել էին Սիրիայի սահմանը։

Մերձավոր Արևելքում շուրջ 50 մլն քուրդ է ապրում, որից 2 մլն-ը՝ Սիրիայում, 20-25 մլն-ը՝ Թուրքիայում, 6-7 մլն-ը՝ Իրաքում և 10-15 մլն-ը՝ Իրանում։ Մեծամասնությունը ապրում է կոմպակտ խմբերով։ Քրդերն իրենց ընտանեկան կապերն ունեն, ցեղերը, կուսակցությունները։ Շատերը ազգականներ ունեն սիրիական քրդերի շրջանում։ Տարբեր քրդական կուսակցությունների ու ցեղերի միջև մեծ լարում ու անվստահություն կա։ Իրաքի քրդերի ղեկավարությունը, օրինակ, համագործակցում է Թուրքիայի հետ ընդդեմ PKK-SDF-ի։ Ամեն դեպքում քրդերի տարածաշրջանային մոբիլիզացիան հնարավոր է, թեև բարդ է ասել` որքանով։ Հետևաբար սիրիական զարգացումների հարվածային ալիքները կարող են շատ հեռուն հասնել՝ լուրջ ազդեցություն թողնելով ամբողջ Մերձավոր Արևելքի վրա։

Մյուս կարևոր գործոնը․ կա հավանականություն, որ PKK-SDF ղեկավարությունն օգնություն կխնդրի Իսրայելից։ Նախկինում այդպիսի բանակցություններ ընթացել են, բայց արդյունք չեն տվել։ Քրդերի որոշ խմբեր (բայց ո՛չ PKK-ն) նախկինում համագործակցել են Իսրայելի հետ։ Իսկ ի՞նչ, եթե սիրիական քրդերի առաջնորդ, PKK կադրային անդամ Մազլիմ Աբդին ու նրա օգնական, փաստացի ԱԳ ղեկավար Իլհամ Ահմեդը օգնություն խնդրեն Իսրայելից։ [Ահմեդը արդեն իսկ հարցազրույց է տվել Israel 24 հեռուստաալիքին և օգնություն խնդրել — խմբ․]։

Ոչ հեռու անցյալում իսրայելական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են սիրիական բանակը, որը հարձակվել էր Սուեյդայի դրուզների վրա։ Այժմ դրուզական այդ տարածքները վերածվել են պրոիսրայելական չճանաչված պետության Սիրիայի տարածքում։ Նրանց պաշտպանում է Ցախալը։ Արդյո՞ք նման սցենար հնարավոր կլինի Ռոջավայի դեպքում։

Сóрок сорóк ալիքի մեկնաբանությունը

— Միխայիլ Մագիդը վերլուծել է Ռոջավայի անկման պատճառները։ Ընդհանուր առմամբ համաձայնելով նրա մեկնաբանության հետ՝ կուզեի պարզաբանել հետևյալը․

Նախ, այսպես կոչված [Հյուսիսային Սիրիայի քրդական — խմբ․] Ինքնավար վարչակազմի և միջազգային կոալիցիայի (նախևառաջ ամերիկացիների) ռազմական դաշինքը, որի մասին շատ հաճախ են հիշում պատեհ և անպատեհ, կայացել է ընդամենը 2014 թվականի երկրորդ կեսին, երբ աշխարհով մեկ արդեն խոսվում էր «արգելված սևերի» [Իսլամական պետության] դեմ քրդերի դիմակայության մասին։ Մինչ այդ գրեթե երեք տարի սիրիական ապոչիստները [Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ (Ապո) Օջալանի հետևորդները — խմբ․] կռվում էին սեփական ուժերով։ Այդ ժամանակ քրդական ընդդիմությունը միակ ուժն էր սիրիական քաղաքացիական պատերազմում, որը կապված չէր որևէ արտաքին ակտոր-հովանավորի հետ։ Ապոչիստները (Ժողովրդավարական միության կուսակցությունը՝ PYD) դարձան քրդական համայնքի քաղաքական ավանգարդը՝ ետ մղելով ավանդական ազգայնական ընդդիմությանը՝ ի դեմս Քրդական ազգային խորհրդի (KNC), և դա տեղի ունեցավ 2012-ին Հալեպում ինքնապաշտպանության պայմաններում, երբ նրանք ստիպված էին կռվել միաժամանակ երեք ճակատով՝ բաասականների դեմ, իսլամիստների դեմ և պրոթուրքական աշխարհիկ ընդդիմության դեմ, և հրաժարվում էին նույնիսկ օգնությունից, որն առաջարկում էր Իրաքի Քուրդիստան ռեգիոնի կառավարությունը։ Որովհետև Իրաքի բարզանիականների միջամտությունը կարող էր ուժեղացնել Քրդական ազգային խորհուրդը, հետևաբար խարխլել նաև ավտոնոմ ինքնակառավարման քաղաքական պլանը, որին բացեիբաց դեմ էին ազգայնականները։

Ավելին՝ Ռոջավան գովերգող համաշխարհային պիառ-արշավը, որը արևմտյան մեդիաները (և հատկապես արևմտյան ձախերն) էին նախաձեռնել, սկսվեց «արգելված սևերի» դեմ պայքարի ժամանակ՝ 2014-ի աշնանը միայն, երբ PYD-ն ստիպված ընդունեց Արևմուտքի օգնությունը և ինտերնացիոնալիզացրեց ինքնավարության պաշտպանների շարքերը (հենց այդ ժամանակ են հիմնվել Ազատության միավորված ուժերը, Ազատության միջազգային գումարտակը, ստեղծվել են դաշինքներ արաբական աշխարհազորայինների հետ և այլն)։ Մինչև 2014 թվականի երկրորդ կեսը Սիրիայի ապոչիստները ակնհայտորեն չէին էլ պլանավորում միջազգայնորեն գովազդել իրենց նախագիծը, ավելին՝ 2011-2012 թվականներին PYD/YPG-ի ներկայացուցիչներն առհասարակ հարցազրույցներ չէին տալիս քրդական համայնքից դուրս գործող ԶԼՄ-ներին։

Այլ կերպ ասած՝ չպետք է տպավորություն ստեղծվի, իբրև թե Ինքնավար Վարչակազմի նախագիծն ի սկզբանե ամերիկամետ է եղել, և որ սիրիացի ապոչիստները դիմակայել են զուտ արևմտյան օգնության հաշվին։ Դա բոլորովին այդպես չէ։ Ի տարբերություն, օրինակ, իրանական Կոմալայի կամ Իրանական Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության, PYD-ն երբեք ներկայացուցիչներ չի ուղարկել ԱՄՆ․ Միացյալ Նահանգների հետ նրանց ռազմական դաշինքը կրում էր ավելի շուտ հարկադրված բնույթ։ Հաշվի առնելով հենց ապոչիստների հակաիմպերիալիստական (հակաամերիկյան) և հանգչող պրոսովետական/պրոռուսական հայացքները, կարելի է ենթադրել, որ նրանք շա՜տ ավելի մեծ պատրաստակամությամբ կընդունեին Ռուսաստանի աջակցությունը (2016 սկզբին YPG նույնիսկ ներկայացուցչություն էր բացել Մոսկվայում)։ Բայց Ռուսաստանը տրամաբանորեն նախընտրեց ոչ այնքան ադեկվատ լեգիտիմ նախագահին [Բաշշար Ասադին — խմբ․], որը հիմա վիդեոխաղեր է խաղում Մոսքոու Սիթիում, և քրդերի իրավիճակային դաշինքը ԱՄՆ-ի հետ, որը հանգեցրեց ռազմատեխնիկական կախվածության, դարձավ կայուն գործընկերություն։ Որից տարածքապես իզոլացված և գնալով ընդարձակվող YPG/SDF-ը այլևս չէր կարող հրաժարվել։ Զուտ որովհետև չդադարող պատերազմի պայմաններում զենքի և զինամթերքի աճող պահանջարկը բավարարելու այլ աղբյուրներ պարզապես չկային։

Բացի այդ, հույսեր կային, որ ամերիկյան զորախմբի ներկայությունն ինքնին կկանխի հարձակումը Թուրքիայի կողմից (որի հետ Ինքնավար Վարչակազմը անարդյունք բանակցություններ էր նախաձեռնել ճանաչման հարցով հենց 2013-2014 թվականներին) կամ կենտրոնական կառավարության կողմից։ Հույսերը չարդարացվեցին։ Որովհետև ամերիկյան աջակցությունը պայմանավորված էր ոչ թե գաղափարախոսական շարժառիթներով, այլ մաքուր գեոպոլիտիկ պրագմատիզմով, որը տեսականորեն հիմնավորվում էր «ահաբեկչության դեմ պայքարով», այլ ոչ թե «Մերձավոր Արևելքում ժողովրդավարության համար պայքարով»։ Խաղի պայմանները փոխվեցին, և ամերիկացիք հեշտությամբ գցեցին բասմաչների դեմ պայքարում իրենց նախկին օգնականներին՝ հանուն ավելի մեծ գեոպոլիտիկ շահի, որը հիմա էլ պայմանավորված է Դամասկոսի նոր իշխանությունների հետ նույնքան իրավիճակային դաշինքով։

Երկրորդ հարցը, որին անդրադառնում է Մագիդը, վերաբերում է քրդական իշխանության տարածմանը արաբական շրջանների վրա։ Որքան հասկանում եմ, ի սկզբանե ընդհանրապես խոսք չկար ինքնակառավարման մոդելը (առավել ևս՝ ուժով) արաբաբնակ քաղաքների և գյուղերի վրա տարածելու մասին։ Առանցքային խնդիրը հենց Արևմտյան Քուրդիստանի և քրդերի ինքնապաշտպանությունն էր, ուստի 2014 թվականի հունվարին պաշտոնապես հռչակված Ինքնավար վարչակազմի սահմանները ընդհանուր առմամբ համընկնում էին այն սահմանների հետ (մինուս Աֆրինը, որը թուրքերը գրավել են 2018 թվականին, և Հալեպի թաղերը), որոնք կան այսօր՝ նոր սիրիական բանակի արդյունավետ գրոհի և արաբների զանգվածային դասալքության հետևանքով։ Ինքնավարության ընդարձակումը արաբական ռեգիոնների հաշվին կրել է նույնքան չպլանավորված, իրավիճակային բնույթ և իրականացվել է 2015-2018 թվականներին՝ իսլամիստների դեմ հակագրոհի շրջանակներում։ Այդ ժամանակ պոպուլյար էր նայիվ (ինչպես հիմա՛ ենք հասկանում) պատկերացումը, որ իսլամիստական խմբավորումների իշխանությունից ազատագրված արաբները ժամանակի ընթացքում կընդունեն ինքնակառավարման համակարգը և «դեմոկրատական մենթալիտետը»` ապոչիստական մեկնաբանությամբ։ Առավել ևս որ նույն ամերիկացիները, որոնք Դամասկոսի վրա ճնշում գործադրելու նպատակով շահագրգռված էին քրդա-արաբական փխրուն ազատ գոտու կայունացմամբ, ստանձնեցին ինչ-որ իմաստով «երաշխավորի» դերը՝ այդ թվում նաև Սիրիայի ժողովրդավարական ուժերի ռազմական կոալիցիայի օպերատիվ ամրապնդման գործում։ Այդ կոալիցիան իսկապես շատ խոցելի էր բոլոր այս տարիների ընթացքում և ներսից փլուզվեց գրեթե ակնթարթորեն (արաբների դասալքությունը սկսվել էր դեռ Հալեպում)։

Կարճ ասած՝ պատմության տարերային ընթացքը մղեց (հավանաբար՝ չէր էլ կարող չմղել) սիրիացի ապոչիստներին ռազմական էքսպանսիայի դեպի «հետամնաց» արաբական ռեգիոններ և հենց այդ էքսպանսիան էլ դարձավ նրանց՝ բազմազգ «ժողովրդավարական կոնֆեդերալիզմի» արդեն խիստ խարխլված նախագծի կործանման գրավականը։

տե՛ս Քրդերն անտեր մնացին Սիրիայում