Անօրինական պահումների, աշխատավարձի ուշացումների և տնօրինության կողմից նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ բողոքող «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցներն ահանզանգում են, որ լրատվամիջոցներին հարցազրույցներ տալուց և խնդրի մասին բարձրաձայնելուց հետո տնօրինությունը արտադրամասի բոլոր աշխատակիցներին տուն է ուղարկել՝ նախազգուշացնելով, որ երկուշաբթի օրը 40 հոգի կկրճատվի։
«Ասացին, որ երկուշաբթի օրվանից աշխատավարձը դառնում է գործարքային, 40 հոգու էլ կկրճատենք, մանավանդ նրանց, որոնք լրատվամիջոցներին հարցազրույց են տվել, բողոքել։ Ասացին՝ ցուցակով կգանք, կկարդանք կրճատվողների անունները», ― Aravot.am-ին այս մասին հայտնել է աշխատակիցներից մեկը։ – «Միշտ ձայնազուրկ ենք եղել, որովհետև մեզ միշտ դրսի դուռն են ցույց տվել։ Մյուս կողմից էլ ասում են՝ ինքը սեփականատեր է, ինչպես ուզի հետներդ կվարվի։ Կուզենանք, որ այս ամենը վարչապետին հասնի, մի օր էլ հենց Գելիջին ժողով արեց ու ասաց՝ ձեր վարչապետի ոչ մի խոսք մեզ մոտ չի անցնում, վարչապետը մեզ ոչինչ չի կարող անել, այնպես որ մի չարչարվեք, միտինգ արեք։ Հերիք չէ թունավոր կտորները կարում ենք, խեղդվում ենք, օդափոխություն անգամ չկա, մի բան էլ նման պատասխան ենք լսում, ստրուկի կարգավիճակում ենք աշխատում»։
«Սասստեքս» կարի գործարանը զբաղավում է բանվորական հագուստի արտադրությամբ։ 55 հազար դրամ աշխատավարձը, աշխատակիցների խոսքով, ոչ միայն ամիսներով ուշանում է, այլ նաև հետպահումներով է վճարվում։ Ապրիլ ամսվա աշխատավարձը, օրինակ, վճարվել է միայն հիմա՝ աշխատակիցների բողոքից հետո, այն էլ՝ ոչ ամբողջական․ 55 հազար դրամի փոխարեն 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ։
Գործարանի սեփականատեր, սփյուռքահայ գործարար Քրիստինե Գելիջին հետպահումները պատճառաբանում է արտադրանքի ցածր որակով։ Աշխատակիցներն, սակայն, պնդում են, որ արտադրանքի որակը մշտապես ստուգվում է, արտադրանքի ողջ ծավալը երկրից արտահանվել է, իսկ դրա իբր անորակ լինելու մասին նրանք իմանում են հետին թվով՝ աշխատավարձի հետ կապված բողոքելուց հետո միայն։
Բացի այդ՝ կարի արտադրամասի աշխատողները պնդում են, որ աշխատավարձի ուշացումն ու մասնակի վճարումը պարբերական բնույթ է կրում, հավելյալ աշխատաժամերը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, չեն վարձատրվում, սակայն հետպահումներ կատարվում են մշտապես՝ ցանկացած առիթով։ Բողոքները բախվում են աշխատանքից ազատելու ապառնալիքներին՝ «դուրդ չի գալիս, դուրս արի» սկզբունքով։