Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ախթալա ավտոճանապարհի 20-րդ կմ․ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Վ.Մ., ծնված 1984 թ.) և «ՎԱԶ-2104» (վարորդ` Ա.Բ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Կ.Գ., ծնված 1984 թ. և Լ.Մ., ծնված 2007 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ:
Կ.Գ.-ն և Լ.Մ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել են: Վ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, այնուհետև՝ ռեանիմոբիլով տեղափոխել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Փրկարարները և Թումանյանի ՃՇՇ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով քարերը հեռացրել են ավտոճանապարհից: