Home / Հայաստան / Ավտովթար Երևանում․ 2 զոհ և 6 վիրավոր

Ավտովթար Երևանում․ 2 զոհ և 6 վիրավոր

Հուլիսի 12-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն և Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վարորդներից Գուրգեն Ս.-ն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նրա ուղևոր Ժորա Ա.-ն մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով։

Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. և Ա. Վ-երը տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ամբողջական ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին. իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, ովքեր մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։

Երեկ կառավարության նիստի ընթացքում, վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարներին անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ոստիկանությունում օրենք է մշակվում, համաձայն որի՝ ճանապարհային երթևեկության կանոնները պարբերաբար խախտող վարորդները կզրկվեն վարորդական իրավունքներից։