Այսօր՝ հուլիսի 25-ին, Կառավարությունը հավանություն տվեց Առողջապահության նախարարության կողմից դեռևս մայիսի 18-ին քննարկման ներկայացված առաջարկին, որպեսզի Առողջապահության նախարարի առաջադրած ներկայացուցիչը ներգրավվի զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) կազմում, որը զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ վերջնական եզրակացություն տվող մամինն է:
«Առողջապահության նախարարի կողմից առաջադրված թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում հնարավորություն կտա նաև ուսումնասիրել և վեր հանել զորակոչի գործընթացում առողջապահության ոլորտին վերաբերելի խնդիրները, օպերատիվ կարգով լուծումներ առաջադրել այդ խնդիրներին և արդյունավետ կերպով համակարգել ԿԲՀ-ի կողմից բժշկական հաստատություններ ուղարկված զորակոչիկների բժշկական հետազոտման և բուժման գործընթացը»,- հայտնել է նախարարությունը։
Առողջապահության նախարարության ներկայացուցչի ներգրավվածությունը, ըստ պաշտոնական մեկնբանության, թույլ կտա մշտադիտարկել զինվորական կոմիսարիատների բուժհանձնաժողովների տված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կբարձրացնի ԿԲՀ-ի տված եզրակացությունների որակը, առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բուժհետազոտումը և փորձաքննությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Կառավարությունը նախագիծ էր ընդունել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին:
Նախագծի հիմնավորման համաձայն, առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում, որոնք մեծամասամբ պայմանավորված են հարմարվողականության և զինծառայողին անհրաժեշտ հմտությունների ձեռք բերման հետ կապված դժվարություններով: Այդպիսի խնդիրներն անհամատեղելի են զինվորական ծառայության հետ:
Նախատեսվում է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն կամ մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձանց ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչել զինծառայության համար: