Home / Հայաստան / Ընտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ

Ընտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտանեկան բռնության վերաբերյալ քննվել է 331 քրեական գործ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործ, որոնցից 9-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 331 քրեական գործերից 274-ը վարույթ է ընդունվել 2019 թվականի առաջին կիսամյակին, իսկ 57-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 176 քրեական գործ, որոնցից 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Վերը նշված հանցագործություններով թվով 209 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ընդ որում 77 անձ եղել 18-35 տարեկան, 132-ը՝ 35 տարեկանից բարձր:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 7-ը եղել են մոր կողմից, 18-ը՝ հոր կողմից, 1-ը` խորթ հոր կողմից, 6-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 2-ը՝ տատի/պապի կողմից, 23-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրվածի), 3-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 135-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 5-ը՝ թոռան կողմից, 7-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 3-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված :

Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 312 տուժողներ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 10-ը՝ 12-14 տարեկան, 6-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 139-ը՝ 35 տարեկանից բարձր:

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 206 քրեական գործեր, որոնցից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից։

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 44 քրեական գործ 45 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ), նշում է Քննչական կոմիտեն։